İçeriğe geçmek için "Enter"a basın

Պե՞տք է արդյոք Արցախի հարցերով խորհրդարանական հանձնաժողով

Գեղամ Բաղդասարյան

Ինչպես հայտնի է, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը մոտ երկու ամիս առաջ առաջարկել էր ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ Նախաձեռնությունը մերժվել էր խորհրդարանական մեծամասնության կողմից, և թվում էր՝ թեման փակվել է։ Բայց օրերս խորհրդարանում այն նորից հրատապ դարձավ։ Բանն այն է, որ հիմա էլ «Հայաստան» դաշինքի պատգամավորն է նախագիծ ներկայացրել՝ առաջարկելով վերանվանել արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը՝ այն կոչելով «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»:

Թեմայի քննարկման առաջին փուլում խնդրո առարկային անդրադարձել էր նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում նա հիշեցրել էր, որ ժամանակին ՀՀ առաջին խորհրդարանում կար Արցախի հարցերով հանձնաժողով, հավելելով, որ, ճիշտ է, այն ժամանակ կային նաև Արցախից ընտրված պատգամավորներ։ Ապա հստակեցրել է իր դիրքորոշումը.

«Հիմա նոր իրողություն է։ Ես ինքս ուզում էի առաջարկել՝ եթե ոչ մշտական, ապա գոնե ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի, մինչև Արցախի կարգավիճակի հարցը լուծվի։ Այս առումով խորհրդարանական դիվանագիտությունը շատ ազատ է։ Կարգավորման հարցով պետք է զբաղվի գործադիրը, իսկ ճանաչման գործընթացով՝ Ազգային ժողովը»։

Թովմասյանի արձագանքից հետո թեմային նույն լրատվամիջոցում հուլիսի վերջին անդրադարձել է արցախցի քաղաքագետ և, որ տվյալ պարագայում կարևոր է, ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի Արցախից ընտրված պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։ Նա, ի տարբերություն Թովմասյանի, գործնական որևէ ակնկալիք չունի Վանեցյանի գաղափարի իրացումից։ Դրա փոխարեն նա առաջարկում է կիրառել խորհրդարանական դիվանագիտության նոր և ավելի արդյունավետ գործիքակազմ․ «Իսկ դրա համար կան արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովներ, խորհրդարանական պատվիրակություններ ԵԽԽՎ-ում, ԱՊՀ միջխորհրդարանական, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովներում, գոյություն ունեն միջխորհրդարանական համագործակցության խմբեր, այդ թվում՝ Արցախի ԱԺ-ի հետ»։

Ի դեպ, Աթանեսյանն անարդյունավետ է գնահատել նաև առաջին խորհրդարանի Արցախի հարցերով հանձնաժողովի աշխատանքը՝ համոզմունք հայտնելով, որ շատ ավելի օգտակար կլիներ, եթե Արցախից ընտրված պատգամավորները ներգրավված լինեին տարբեր հանձնաժողովներում։

Ինչ որ է, նախաձեռնությունը քննադատողներն ու մերժողները որպես հակափաստարկ բերում են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության առկա ձևաչափը։ Մի կողմից՝ իսկապես, անտրամաբանական է թվում միջխորհրդարանական հանձնաժողովից դուրս և դրա հետ առնչություն ունենալ չկամեցող առանձին հանձնաժողովի ստեղծումը, մյուս կողմից էլ, սակայն, միջխորհրդարանական հանձնաժողովն առայսօր արարողակարգային-բաժակաճառային ձևաչափից այն կողմ չի գնացել։ Ուրեմն՝ միգուցե նպատակարմար կլիներ միջխորհրդարանական այս համագործակցությամբ զբաղվե՞լն ու այն նոր էությամբ օժտե՞լը։

Սակայն կողմերն, ըստ էության, այլ նպատակներ են հետապնդում։ Խնդիրն այն է, որ թե Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման շուրջ քննարկումները և թե ընդհանրապես արցախյան թեմայի ամենատարբեր արծարծումները լինում են միայնումիայն իշխանության համար պայքարի շրջանակներում, ինչը տվյալ պարագայում ամենատհաճն է։ Ու երկնաքեր-հայրենանվեր հռետորաբանությունը շատ հաճախ իրականում գետնաքարշ անձնական-խմբակային էություն է ունենում։ Այս համապատկերում առավել զավեշտալին հընթացս միասնության կոչերն են։

Որպեսզի ասած մերկապարանոց չթվա՝ ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ երկու հանգամանքի վրա։

Սեպտեմբերի 2-ի՝ Հանրապետության օրվա 30-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախ էր մեկնել ՀՀ ԱԺ պատվիրակությունը։ Սեպտեմբերի 1-ին Արցախի ԱԺ-ում կայացել է համատեղ նիստ։ Ուշագրավ է, որ «Արդարություն» խմբակցությունը (այս կուսակցությունն ասոցացվում է ԱԽ ներկայիս քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ) հրաժարվել է մասնակցել համատեղ հատուկ նիստին։

Նույն օրը՝ սեպտեմբերի 1-ին, տեղի է ունեցել ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների հանդիպումը: Քաղաքական այս երկու ուժերի կարծիքով՝ Արցախի և Հայաստանի ընդդիմադիր դաշտերը միահամուռ ուժերով քայլ առ քայլ պետք է հասնեն նույն նպատակին, քանի որ բոլոր խնդիրները նույնն են, որոնք գալիս են ՀՀ և ԱՀ ապիկար իշխանություններից:

Համազգային-համապետական իրադարձության առիթով ահա այսպիսի կուսակցական օրակարգ։ Ու կարծում եմ, այսքանից հետո ոչ մի կասկած չի մնում առ այն, թե ինչու է ընդդիմությունն ուզում Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ստեղծումն ու այնտեղ առաջին ջութակի դերը։ Նպատակը միայնումիայն մեկն է՝ իշխանափոխությունը։

Ինչ խոսք, ոչ ոք չի կարող որևէ քաղաքական ուժի նախատել իշխանության ձգտելու և օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով իշխանափոխություն իրականացնելու փորձերի համար։ Բայց քաղաքացու իրավունքն ու պարտականությունն էլ իրազեկ ու գիտակից լինելն է և հասկանալը, որ կոնկրետ քաղաքական ուժի կոնկրետ քաղաքական նպատակը համազգային-համապետական իղձերով է շղարշվում-շահարկվում։

Մինչդեռ Արցախում ահագին անելիք կա իշխանության համար պայքարի տրամաբանությունից դուրս։ Խոսքը հանրության ինքնակազմակերպման նոր մեխանիզմների արմատավորման, տնտեսության նոր՝ մրցունակ ու արդիական մոդելի ընտրության, տեղեկատվական անվտանգության համակարգի զորացման, քաղաքացիական հասարակության կայացման, այս և բազմաթիվ այլ հարցերում հայության մտավոր ներուժը ներգրավելու մասին է։

Սա, իհարկե, շատ ավելի բարդ, ժամանակատար, լուրջ ջանքեր պահանջող և իրապես հայրենանվեր գործընթաց է։ Բայց այս գործընթացում լուրջ ներդրում կամ գոնե նման ցանկություն ունեցող քաղաքական ուժը միայն կարող է շահել հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչն էլ այս կամ այն չափով կնպաստի տվյալ քաղաքական ուժի ավելի մեծ դերակատարությանը քաղաքական կյանքում կամ իշխանության գալուն։

Ընդդիմությունն այս զահլեն չունի։ Ուստի կարող եմ եզրակացնել, որ ըստ էության չի էլ ձգտում իշխանության։ Պարզապես, իր համար զբաղմունք է գտնում։


CIVILNET

Yorumlar kapatıldı.