İçeriğe geçmek için "Enter"a basın

122 դպրոցի տնօրենը ձերբակալվել է

Երևանի թիվ 122 հիմնական դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։

Դատարան միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ:

Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Երևանի թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենի և ուսուցչի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրության հետքերով քրեական գործ է հարուցել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:

«Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենը, նույն դպրոցում որպես դասվար աշխատանքի ընդունելու և այդ կապակցությամբ հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար, 2019 թվականի օգոստոսին իր աշխատասենյակում ոստիկանություն հրավիրված կնոջից որպես կաշառք պահանջել է 1 500 դոլարին համարժեք 716 հազար դրամ, որից 1 000 դոլարին համարժեք 478 հազար դրամը կինը տնօրենին է փոխանցել իրենց պայմանավորվածության մասին տեղեկացված, նույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի միջոցով, իսկ 500 դոլարին համարժեք 238 հազար դրամն անձամբ տվել է տնօրենին»,- ասված էր ոստիկանության հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 3-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Մարինա Մալախյանին 122 դպրոցի ղեկավարի իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հրաման էր ստորագրել:


CIVILNET

Yorumlar kapatıldı.