Լիա Ավագյան
Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի համաձայնեցման վերաբերյալ քննարկումները․ BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա այդ կապակցությամբ կողմերի միջև նախնական շփումներ եղել են, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են»,- ասել է Հաջիևը:
Նա ընդգծել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողություններն իրականացվում են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարները:
Հաջիևի խոսքով՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը «քաղաքական և որոշ չափով իրավական շրջանակ» է սահմանել խաղաղապահ ուժերի համար: Ընդ որում, Հաջիևը կրկնել է Ադրբեջանի ղեկավարության պնդումներն այն մասին, թե «ողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է», իսկ խաղաղապահ ուժերը միայն «ժամանակավորապես տեղակայվել են Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանի որոշակի մասում»:
․․․
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը Արցախում տեղակայվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո: Ռազմական գործողությունների ավարտն ազդարարող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետում նշվում է. «Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960-ական զինյալներ հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով»:
Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից տասը ամիս է անցել, սակայն կողմերը դեռ չեն համաձայնեցրել խաղաղապահների մանդատը: Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ խաղաղապահների մանդատի ստորագրումը ձգձգում է ադրբեջանական ղեկավարությունը: Այս հարցի շուրջ սրվում են հակասությունները նաև Մոսկվայի ու Բաքվի միջև, որոնք մերթընդմերթ հնչում են ադրբեջանցի երբեմն ամենբարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից:
Հատկապես վերջին շրջանում ադրբեջանական մամուլում ու պաշտոնական շրջանակներում հաճախակի են դարձել խաղաղապահներին ուղղված կշտամբանքները՝ իբր նրանք չեն կատարում իրենց պարտականությունները և թույլատրում են հայկական զորքերի մուտքը Ղարաբաղ: Պարբերաբար նշվում է՝ «խաղաղապահներն Արցախում ժամանակավոր են տեղակայված»:
Խաղաղապահների մանդատի շուրջ ռուս-ադրբեջանական դիմակայությանը վերագրվեց նաև այն, որ օրեր առաջ Ռուսաստանի կառավարության միասնական տեղեկատվական համակարգում Լեռնային Ղարաբաղը նշվեց որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Պնդումներ եղան, թե Մոսկվան այդ կերպ Բաքվին նախազգուշացնող ազդանշաններ է ուղարկում՝ խաղաղապահների մանդատի չստորագրման հնարավոր բացասական հետևանքնների մասին:
Միջադեպի հետ կապված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Ռուսաստանին բողոքի նոտա հղեց: Համաձայն Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ պաշտոնական Մոսկվան տեղեկացրել է, որ խնդիրը տեխնիկական սխալ է, և համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն վերացնելու համար:
Yorumlar kapatıldı.