Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը պարզաբանում է ներկայացրել սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցած հարսանեկան արարողության վերաբերյալ։ Գերատեսչությունը հերքում է, թե նմանօրինակ պայմաններով միջոցառումն անց է կացվել նախարարության համաձայնությամբ։
«ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է հասարակության մշակութային հասանելիության անխաթար ապահովումը, և դատապարտելի են այդ իրավունքի խաթարման երևույթները: Ըստ այդմ՝ ի պատասխան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի օգոստոսի 12-ին արգելոցի տարածքում մասնավոր միջոցառում կազմակերպելու վերաբերյալ գրության՝ նախարարությունը հանձնարարել է՝ միջոցառումը կարող է անցկացվել միայն աշխատանքային ժամերին՝ կազմակերպության բնականոն գործունեությունը չխաթարող պայմանների ապահովմամբ, միջոցառման ընթացքում օգտագործել բացառապես դասական, հոգևոր, ազգային, ժողովրդական, ջազ, ռոք երաժշտություն և հեղինակային երգեր՝ առաջնորդվելով «ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության արգելոցների, արգելոց-թանգարանների և թանգարանների տարածքները վարձակալության տրամադրելու ընթացակարգով» սահմանված պահանջներով»,- ասված է պարզաբանման մեջ։
Նախարարությունից հայտնում են, որ ներկայում ուսումնասիրվում են խնդրին առնչվող մանրամասները, և «համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն ՊՈԱԿ-ի կողմից վերոնշյալ կարգի պահանջների և նախարարության հանձնարարականները շրջանցելու, ինչպես նաև հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ»:
Գառնիի հեթանոսական տաճարը սեպտեմբերի 4-ին փակ է եղել այցելուների համար, այնտեղ հարսանիք է անցկացվել: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ տաճարը վարձակալել էր հենց ԿԳՄՍ հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը՝ 4 մլն դրամով:
Yorumlar kapatıldı.