İçeriğe geçmek için "Enter"a basın

Վիլյամ Սարոյանի «Երգը». լաց լինելու պատճառը գրողի լսած հին հայկական երգն էր

Սարոյանի էսսեն՝ «Երգը», խախտում է «պատմության» ժամանակագրության բնական հաջորդականությունը: Նախ ասենք, որ երգն ու երաժշտությունը Սարոյանի ամենից հաճախ հանդիպող «կերպարներից» են: «Գործը» էսսեում գրողը դարձյալ անդրադառնում է այդ թեմային՝ գրելով. «Մոնթըրեում եղած ժամանակ, մի երեկոյան, երբ գտնվում էի մի խաղատան մեջ, լսեցի մի երգի ձայնապնակ, կոչվում էր Վալենսիա: Այդ այնքան մեծ նշանակություն ուներ ինձ համար, որ դրեցի մի վեպի մեջ, որ կոչվում էր «Վեսլի Ջաքսոնի արկածները»… Վալենսիան դարձավ կյանքիս եւ կռվիս մի մասը, մի մասը այն բոլորի, որ ես գիտեի եւ ուրիշ ոչ ոք չգիտեր»: Իսկ մեկ այլ էսսեում գրում է. «…Կյանքից հետո ամենից շատ երաժշտությունն եմ սիրում, որովհետեւ երաժշտության մեջ բոլորն առանձին-առանձին փրկել են մահկանացությունը»:

1908 թվականի օգոստոսի 31-ից (Սարոյանի ծննդյան օրը) «անցել է հիսուներկու տարի. …ճնշման տակ ընկնելու հիսուներկուերորդ տարեդարձին Մոսկվայում էի»,- հիշում է նա: Եթե համադրենք էսսեի խորագիրը եւ ավարտական հատվածը («Երբ երեկույթից հետո գնում էի հյուրանոց, նկատեցի, որ գիշերվա երկուսն անց կես է: Անցա Կարմիր հրապարակն ու քայլեցի կամրջի վրայով, որովհետեւ նույն ճանապարհը կտրել էի 1935-ին, երբ քսանյոթ տարեկան էի: Սիրում եմ կամրջի վրայից նայել գետի ջրերին: Այդպես քայլեցի մինչեւ լուսաբաց՝ փորձելով հասկանալ, թե ինչու եմ լաց լինում»), ապա կստացվի, որ լաց լինելու պատճառը գրողի լսած հին հայկական երգն է: Սակայն այստեղ կարեւոր է նաեւ մի այլ հանգամանք՝ ամեն կերպ ժամանակն ընդգծելու հեղինակի ցանկությունը: Նախ նշվում է, որ իր ծննդյան օրից անցել է հիսուներկու տարի (1960 թ.), ապա 1935-ը, երբ ինքը 27 տարեկան էր եւ գտնվում էր այն նույն վայրում (Մոսկվա), անցնում էր միեւնույն ճանապարհը՝ Կարմիր հրապարակը: Տրված են ժամանակի՝ գրականության եւ փիլիսոփայության մեջ լայն տարածում ունեցող խորհրդանիշները՝ կամուրջը, որ սովորաբար բաժանում է անցյալն ու ներկան, եւ ջուրը, որն արդեն հոսող, անցնող ժամանակի տիպական սիմվոլն է հնագույն ժամանակներից (հիշենք «նույն գետը հնարավոր չէ երկրորդ անգամ մտնել» հռչակավոր դարձվածքը): Նույնն է պարագան նաեւ Սարոյանի դեպքում. «… Կենտրոնացած լռության մեջ, մեզանից յուրաքանչյուրը այդ րոպեին փորձելով անմահը, անխորտակելին, որը միաժամանակ այնպես հոսանուտ էր, ինչպես ջուրը…»): Այս ենթատեքստում «երգը» դառնում է ժամանակներն ամփոփող կիզակետ, քանի որ երգն ու երաժշտությունը ամենաժամանակային արվեստներն են ոչ միայն հոգեբանական (հիշողություն եւ կարոտ. «…Մեր կյանքի բոլոր պահերի հանրագումարը որեւէ կերպ պահպանվում է ներդաշն հնչյունների հզոր կշռույթներում»,-«Ջազ» էսսեում գրում է Սարոյանը), այլեւ զուտ փիլիսոփայական իմաստով. «Շատ դուրեկան եղանակ էր, վշտի եւ զայրույթի խառնուրդ, որի ճնշման տակ սրտումդ սեր էր արթնանում»,- գրում է հեղինակ-ունկնդիրը: Լսվող երգը նոր հորինված երգ էր՝ հայկական հին երգի եղանակով: Սա առիթ է դառնում, որպեսզի առաջանան բազմաթիվ նոր ասոցիացիաներ՝ տարբեր ազգերի համեմատություններ եւ՝ «հին հայկական երգից այդ կոմպոզիտորի քամած մեղեդին, ուրիշ կոմպոզիտորների, ուրիշ ազգերի երաժշտության համակարգում մի նոր ծիլ լիներ կարծես»,- շարունակում է գրողը:

Երգի հաջորդ ասոցիացիան կապվում է բանաստեղծության, վերջինը՝ հորը հիշելու ու կարոտի հետ, սակայն մինչ այդ՝ «Հայերը ռուսների եւ մնացածների համեմատությամբ միանգամայն նույնն էին, ինչ հայերն առանց հարաբերման…Ասենք, մի հայ կարող էր ամերիկյան կատակներում տեղ գտած գորգավաճառը լինել (այստեղ հեղինակն ակնարկում է բազմաթիվ ժողովուրդների պատկերացումներում հայերի վաճառական լինելու համբավը, որը նրա համար վիրավորական է թվում), իսկ մեկ այլը՝ բանաստեղծ, օրինակ հայրս: Գորգավաճառը գորգ էր վաճառում, իսկ հայրս բանաստեղծություն էր գրում…»: Շարունակությունը էսսեի բարձրակետն է, ահա. «Բանաստեղծության մեջ հայրս ասում էր, որ շատ հեռու է իր ծննդավայրից, ապա ասում էր, որ հեռու է նաեւ իր նպատակից ու վերջապես խոստովանում, որ ամեն ինչից շատ ու շատ հեռու է: Կարճ ասած՝ լիրիկական բանաստեղծություն էր»: Սարոյանի հայրը որպես շարքի կերպարներից մեկը նույնպես, ինչպես հեղինակը, տեղավորվում է «ահա եկավ, ահա գնաց» բանաձեւի մեջ. «… մի քիչ զարմացել էի, որ մայրս խնամքով պահել էր հորս բաներից մեկը, որովհետեւ թվում էր շատ երկար էր անցել այն ժամանակվանից, երբ նա եկավ ու գնաց…»:

Ողջ պատմության հանգամանքները (Մոսկվայում գտնվելը, ասել է թե՝ օտարության մեջ), ապա կտեսնենք, որ պարագաները նույնն են Սարոյանի եւ հոր համար՝ երկուսն էլ հեռու են իրենց ծննդավայրից, իրենց նպատակներից ու ամեն ինչից, երկուսն էլ գրող են, հետեւաբար, երկուսն էլ կարոտում են մի բան, որ իրենց մեջ արթնացրել է հին հայկական երգը՝ ծննդավայրը:

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ


https://armenpress.am/arm/news/1061965.html

Yorumlar kapatıldı.