İçeriğe geçmek için "Enter"a basın

Զինվորականն ու գիտությունը. ի՞նչ պետք է անի Հայաստանը

ԱՐԵԳ ԴԱՆԱԳՈՒԼՅԱՆ AREG DANAGOULIAN

Վերջին ժամանակներում շատ է քննարկվում գիտության և կրթության կարևորությունը ռազմական գործում: Տարածված մտածողությունը մոտավորապես այսպիսին է՝ բանակին պետք է ԱԹՍ, ԱԹՍ-ին պետք է գիտություն, իսկ գիտությանը պետք է կրթություն: Սա, իհարկե, ճշմարիտ է: Բայց սա անտեսում է շատ ավելի մեծ կարևորություն ունեցող կապը ռազմական գործի և գիտության միջև: Մի կապ, որի առկայությունը ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի մարտունակության հիմնական գրավականներից է:

Ես արդեն մոտ յոթ տարի է, ինչ աշխատում եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) որպես դասախոս և գիտական ղեկավար: Այս ժամանակահատվածում ես ղեկավարել եմ 24 գիտաշխատողների, որոնց թվում՝ ավագ գիտաշխատողներ, PhD ասպիրանտներ, մագիստրոսի թեկնածուներ և դիպլոմային աշխատանք կատարող ուսանողներ: Այս 24 գիտաշխատողներից վեցը ԱՄՆ բանակի սպաներ էին, մեկը՝ օդուժի սպա: Նրանցից երեքը պատերազմի վետերաններ են՝ մարտական փորձով. մեկը Chinook ուղղաթիռի կին օդաչու է և կռվել է Աֆղանստանում տալիբների դեմ, երկրորդը եղել է Kiowa հետախուզական ուղղաթիռի օդաչու Իրաքում:

Այստեղ գուցե ընթերցողի մոտ ծագում է հարց՝ ի՞նչ են անում այս զինվորականները MIT-ում․ չէ՞ որ սպայի գործը տանկից կրակելն է, ուղղաթիռ քշելն է ու զինվորներին «առա՜ջ» հրամայելն է: Այս հարցին ես կարող եմ պատասխանել կարճ, բայց կգերադասեի տալ ավելի երկար պատասխան, որովհետև դա ընթերցողին ավելի լավ պատկերացում կտա, թե ինչ բան է ժամանակակից բանակը, թե ինչու է գիտական կրթությունը այդքան կարևոր բանակաշինությունում:

Իմ զինվորական ուսանող-ասպիրանտները
Մեր զինվորական ասպիրանտները զգալիորեն տարբերվում են իրենց քաղաքացիական գործընկերներից և առաջին հերթին` հասունության աստիճանով: Գիտական ղեկավարից «հրաման» ստանալով՝ նրանք գործի են լծվում: Բայց նաև շատ արագ գործը յուրացնելով՝ սկսում են աշխատել ինքնուրույն: Այսինքն՝ նրանք «հրամանատարից» սպասում են ոչ թե կոնկրետ հրաման, այլ զուտ խնդրի բովանդակությունը, որից հետո արդեն ինքնուրույն սկսում են որոնել լուծումներ: Աշխատանքային այս մշակույթը շատ լավ է արտացոլում ՆԱՏՕ-ի բանակների ընդհանուր փիլիսոփայությունը. սպան ստանում է ոչ թե կոնկրետ հրամաններ այստեղ կամ այնտեղ կրակելու, այլ ընդանուր խնդիր և բավականին լայն ազատություններ այդ խնդիրը լուծելու համար: Սպան պետք է կարողանա աշխատել անկախ և ինքնուրույն: Ապակենտրոնացված կառավարման այս մոտեցումը շատ լավ է աշխատում ճգնաժամային պայմաններում, երբ բարձրագույն հրամանատարությունը պարզապես անկաորղ է բոլոր տեղեկություններին տիրապետել, դրանք բավականաչափ արագ վերլուծել և ժամանակին որոշումներ ընդունել: ՆԱՏՕ-ի համակարգը պահանջում է, որ գոնե մարտավարական որոշումները կայացվեն մարտի դաշտում գտնվող սպայական անձնակազմի կողմից:

Բացի գիտական գործից՝ ես հաճախ եմ խոսում իմ ասպիրանտների հետ նրանց «նախորդ» կյանքի մասին: Զինվորականների դեպքում սա ինձ հնարավորություն է տվել ավելի լավ հասկանալ, թե ինչպես է կայանում սպան ԱՄՆ զինված ուժերում: Ինքս այցելել եմ մի քանի ռազմական ուսումնարան-ակադեմիաներ, ինչպես նաև կարևոր ռազմարդյունաբերական կենտրոններ: Առաջին հարցը, որը գուցե պետք է հետաքրքրի մեզ, ինչի՞ց է բաղկացած, օրինակ, հանրահայտ West Point ռազմական ակադեմիայի կադետների կրթությունը: Այստեղ մենք կարող ենք դիտարկել ակադեմիայի ֆակուլտնետների ցուցակը: Ահա մի-քանի ակնառու օրինակ՝ ֆիզիկայի և միջուկային ինժեներիայի ֆակուլտետ, մաթեմատիկայի ֆակուլտետ, իրավագիտության, օտար լեզուների, պատմագիտության ֆակուլտետներ և այլն: Այո՛, West Point-ը, որի շրջանավարներից են այնպիսի լեգենդար զորավարներ, ինչպիսիք են Ջորջ Պատոնն ու Դուայթ Էյզենհաուերը, առաջին հերթին իր կադետներին տալիս է բարձրագույն կրթություն քաղաքացիական բուհի նման: Եվ միայն դրանից հետո են կադետները պարտադիր ռազմական կրթություն ստանում, այսինքն` ռազմավարություն, ֆիզիկական պատրաստվածություն, ինչպես նաև ընդհանուր մարտական պատրաստվածության շատ ինտենսիվ մարզումներ: Կրկնեմ՝ ամերիկացի սպան և՛ գիտական մասնագետ է, և՛ ռազմիկ:

Լավ, բայց ախր ո՞ւմ է սա պետք, դուք կասեք: Իսկապե՞ս պետք է ֆիզիկա իմանալ ուղղաթիռ «քշելու» համար: Նայե՛ք, ԱՄՆ-ում կարելի է ուղղաթիռի սիրողական օդաչու դառնալ առանց մի կաթիլ ֆիզիկա իմանալու: Այստեղ հարցն այն է, թե որոնք են վերջնական նպատակները: Եթե ուզում ես որ 100 միլիոն դոլար արժողություն ունեցող մարտական մեքենան կառավարվի սիրողական օդաչուի մակարդակով, ապա այո՛, ֆիզիկա պետք չէ իմանալ: Բայց եթե ուզում ես, որ օդաչուն լավագույնս այն կառավարի ու կարողանա առավելագույն վնասը հասցնել թշնամուն, ապա այդ օդաչուն պետք է խորը հասկանա այդ բարդ մեքենայի գոնե հիմնական աշխատանքային սկզբունքները: Անգիր անելով բան չի ստացվի, զինվորականը պետք է հասկանա, թե ինչ է դրված իր առջև և ինչպես է այն աշխատում: Նաև` թե ինչպես կարելի է ստեղծարարությամբ փոխել այդ աշխատանքի ձևը է՛լ ավելի լավ արդյունք ստանալու համար:

Բայց սա դեռ ամենը չէ: Ռազմական ավիացիայի սպայի կարիերան չի սահմանափակվում օդանավ վարելով: Նա վաղ թե ուշ բարձրանում է պաշտոնում և մասնակցում ռազմավարական տարբեր որոշումների ընդունման գործի: Օրինակ` նա պետք է որոշի, թե ինչ տեսակի նոր ուղղաթիռներ են պետք ամերիկյան բանակին: Այս հարցին պատասխանելու համար բավական բարդ վերլուծություն է պետք, որն իր մեջ պարունակում է ուղղաթիռների մարտական տվյալների ուսումնասիրություն: Պետք է լինում դիտարկել նաև այդ մեքենաների թեստավորման արդյունքները և անել համապատասխան հետևություններ:

Այդ սպան առնվազն պետք է ուսումնասիրի եղած վերլուծությունների արդյունքները և դրանք կարողանա հասկանալ: Դրա համար նրան այլևս բավարար չէ պարզապես ֆիզիկա/մաթեմատիկա իմանալ։ Նա ավելի լավ պետք է հասկանա՝ ինչպես է աշխատում գիտությունը, և որոնք են գիտական հետազոտության հիմնական սկզբունքները: Իսկ այս գիտելիքին հասնելու միակ ձևը հենց գիտությամբ զբաղվելն է: Սրա պատճառով բանակը, օդուժն ու նավատորմը իրենց սպայական անձնակազմի որոշ՝ հատկապես առաջադիմող անդամներին թույլ են տալիս մի քանի տարի գնալ MIT-ի նման գիտական կենտրոններ և «վերապատրաստվել», սովորել ասպիրանտուրայում, ստանալ գիտական կոչում և այսպիսով դառնալ լիարժեք գիտնականներ: Սա ինչ-որ վերացական սցենար չէ: Օրինակ, Դևվիդ Պետրեուսը, որը 2008-2010 թթ․ ղեկավարում էր ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբը, իսկ 2011-2012 թթ․՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական Վվարչությունը (CIA), ավարտել է West Point ակադեմիան, ապա՝ Փրինսթոնի համալսարանի ասպիրանտուրան և ստացել PhD գիտական աստիճան միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ:

Հայկական զինուժը
Ես պատկերացնում եմ, որ այստեղ ընթերցողը մտածում է՝ «Ամերիկան ո՜ւր, մենք ո՜ւր»: Իսկապես, ամերիկացի զինվորականների այս մոտեցումը բխում է մի շատ կոնկրետ պարագայից: Այն է՝ ամերիկյան զինուժը ծայրահեղ տեխնիկական է: Տեխնիկական հագեցվածությունը ԱՄՆ ռազմական գերակայության հիմնական պայմանն է: Եվ բնական է, որ տեխնիկական այդ ունակությունը հնարավոր է միայն, եթե կա տեխնիկապես և գիտապես լավ կրթված անձնակազմ՝ առանց որի թանկարժեք F-22 կործանիչներն ու միջուկային սուզանավները կարող են դառնալ մետաղի ջարդոն:

Բայց այստեղ պետք է հասկանալ մեկ բան: Այո՛, Հայաստանը չի հավակնում F-22 ու սուզանավ աշխատեցնել, բայց հավակնում է Սու-30ՍՄ ու ԱԹՍ գործածել: Սու-30ՍՄ-ը բավական բարդ մեքենա է: ԱԹՍ-ը բարդ զենք է, է՛լ ավելի բարդ գործ է այն ստեղծելը: Դա մեզ բերում է հաջորդ կարևոր մարտահրավերին` ռազմարդյունաբերություն: Մենք հիմա շատ ենք խոսում հենց ռազմարդյունաբերության մասին: Բայց դրա զարգացումը անհնար է առանց ՊՆ-ի ակտիվ մասնակցության և առանց զինվորականների և գիտնական/ինժեներների ակտիվ, սերտ համագործակցության:

Իսկ ինչպե՞ս կարող է զինվորականը համագործակցել գիտնականի հետ, եթե նա պատկերացում չունի, թե ինչպես է աշխատում զենքը կամ ինչպես է աշխատում (գոնե սխեմատիկորեն` «մատների վրա») կոնկրետ առաջարկվող ռազմական արտադրանքը: Ասենք՝ ինչ-որ դիմորդ առաջարկում է ինչ-որ բան կառուցել. ինչպե՞ս է զինվորական կողմը հասկանում՝ դա լուրջ առաջա՞րկ է, որը հաջողության շանսեր ունի, թե՞ ընդամենը պատրանք և հեշտությամբ փող վաստակելու ձև: Ինչպե՞ս է զինվորականը դիտարկում և եզրակացություններ անում առաջարկված զենքի թեստավորման արդյունքներից (տե՛ս՝ Արդյոք կաշխատի՞ հայկական զենքը. փորձարկման մեթոդաբանություն):

Այս պրոցեսի համար զինվորականը գոնե հասարակ մակարդակի վրա պետք է իմանա և հասկանա որոշ մաթեմատիկա և ֆիզիկա: Առաջին քայլն այս գործը հարթելու համար իհարկե ՊՆ-ն լավ գիտական մասնագետներով «զինելն» է: Բայց այդ գիտական մասնագետները պետք է կարողանան «խոսել» զինվորականների հետ: Սրա համար վերջինները պետք է գոնե որոշ ընդհանուր գիտական գիտելիքներ ունենան: Սրա համար հարկավոր է լրջորեն վերաբերվել մեր սպաների գիտական կրթությանը ռազմական ուսումնական հաստատություններում: Անիրատեսական է հավակնել լուրջ տեխնիկական զինուժ ունենալ, եթե մեր սպայական անձնակազմը չունի լավ գիտական գիտելիքներ:

Վերջապես, այս հոդվածը թերի կլիներ, եթե ես չնշեի գիտնականների ուղղակի մասնակցության հնարավորությունը ռազմավարական խնդիրների լուծումների որոնման գործին: ԱՄՆ-ում կան մի շարք կազմակերպություններ, որտեղ իսկական ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ինժեներներ աշխատում են այսպիսի հարցերի վրա: Մի օրինակ է RAND Corporation-ը, որը զգաղվում է ազգային անվտանգության լայն խնդիրներով, և որտեղ ժամանակին աշխատել է 32 նոբելյան մրցանակակիր: Institute of Defense Analyses կազմակերպությունը ուսումնասիրում է ազգային անվտանգության խնդիրներ, որտեղ պահանջվում է գիտական և տեխնիկական փորձառություն: Թե ինչպես կարող են գիտնականներն աջակցել ազգային անվտանգության հարցերում (սկսված «մանր-մունր» տանկային խնդիրներից և վերջացրած բալիստիկ հրթիռների հետ կապված հարցերով) ես արդեն նկարագրել եմ իմ նախորդ հոդվածներից մեկում (տե՛ս՝ Գիտությունը` ռազմավարական որոշումներում):


CIVILNET

Yorumlar kapatıldı.