İçeriğe geçmek için "Enter"a basın

Ադրբեջանը կրկին կրակ է բացել Գեղարքունիքում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հուլիսի 29-ի գիշերը Ադրբեջանը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերվածկրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:


Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակում էին ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել էին տեղային մարտեր:

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն երեք զոհ, չորս վիրավոր է ունեցել։

«Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ»,- հայտարարել էր ՊՆ-ը։

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ էին շպրտվել իրենց ելման դիրքեր։

Ռուսաստանի միջնորդությամբ ժամը 10:00-ից հայ-ադրբեջանական սահմանին հաստատվել էր հրադադար։


CIVILNET

Yorumlar kapatıldı.