Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը։ Նա թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Կյանքի 93–րդ տարում այսօր մահացել է նշանավոր դուդուկահար և կոմպոզիտոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է նրա թոռը` Ջիվան Գասպարյան կրտսերը։
«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին։ Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,–տաղանդավոր պապիկի լուսանկարին կից գրել է նա։
Նշենք, որ վերջին շրջանում Ջիվան Գասպարյանը գտնվում էր ԱՄՆ–ում։
Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 1928 թվականին։ Նա դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը շուտ է մահացել, իսկ հայրը պատերազմ է մեկնել։ Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։
Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից առանց դասընթացների հաճախելու։
1949 թվականին արդեն Ջիվան Գասպարյանը միանում է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին։
1956 թվականինՋիվան Գասպարյանը ստանում է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ Միջազգային փառատոնում։ 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։
Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։
Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։
Read more: https://armeniasputnik.am/society/20210706/28184883/mahacele-jivan-gasparyany.html
İlk yorum yapan siz olun