İçeriğe geçmek için "Enter"a basın

Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայի հայաստանյան պրեմիերա

Հայաստանում առաջին անգամ հուլիսի 7-ին ժամը 19.00-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախապատրաստվում է բեմադրության Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերան՝ գրված Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա։

Միլանի Լա Սկալա թատրոնի ներկայացումներից մեկի ընթացքում Պուլենկը համակ ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես է Մարիա Կալասը աստիճանաբար «Մղում» այլ երգիչներին հետին պլան՝ միայնակ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Այդ պահին նրա կողքին նստած էր Փարիզում գործող «Ռիկորդի» ընկերության ներկայացուցիչ Էրվե Դյուժաղդենը, ով անմիջապես առաջարկում է Պուլենկին գրել այս ստեղծագործությունը` հատուկ Կալլասի համար: Կոմպոզիտորն իհարկե, գրում է այն, սակայն սոպրանո Դենիզ Դյուվալի համար: Մոնոօպերայի կապակցությամբ Կոկտոն Պուլենկին գրել է․ «Իմ սիրելի՛ Ֆրանսիս: Դուք գրել եք մեկ անգամ և բոլորի համար՝ այնպես, ինչպես կխոսեր իմ հերոսուհին»:

Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1959 թ.-ին, սակայն այն այսօր էլ շարունակում է արդիական մնալ։ Բազում կոմպոզիտորներ են ստեղծագործել Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա, սակայն միայն Պուլենկին է հաջողվել այն վերածել արվեստի իրական գործի: Գործողությունները տեղի են ունենում Փարիզում, լիբրետոն ֆրանսերեն է: Ստեղծագործությունը նաև յուրահատուկ է նրանով, որ այն կատարողին հնարավորություն է տալիս ոչ միայն ցուցադրելու իր վարպետությունը, այլև երկխոսության մեջ մտնելու հանդիսատեսի հետ: Ներկայացումը լի է մարդկային կյանքին բնորոշ փորձառություններով. անմնացորդ սիրով և քնքշությամբ, մենությամբ և կարոտով, դավաճանությամբ և հրաշքի սպասումով:

Մենակատար՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո՝ Վարսենիկ Ավանյան, բեմադրող ռեժիսոր՝ Դավիթ Հակոբյան, ՀՀ Արվեստի Վաստակավոր գործիչ, դաշնամուրային նվագակցում՝ Վասիլի Ռոլիչ

«Ձայն մարդկային» մոնոօպերայի հայաստանյան պրեմիերայով էլ տեղի կունենա «Սոնատի» նոր հայկական բարձրակարգ բրենդի շնորհանդեսը: Սոնատի` ստեղծված է արվեստով:


https://verelq.am/hy/node/89703?fbclid=IwAR379Ic1R0ogiPP-diAIZ_dkxxy4M_EYUnWc9Ro7vYJ_IPkPkHGRJ5F6o5Y

Yorumlar kapatıldı.