Հավատարիմ իր ստանձնած մարդասիրական հանձնառություններին և համամարդկային արժեքներին՝ Հայաստանը միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:
«Միաժամանակ անթույլատրելի ենք համարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ստանձնած պարտավորությունների չկատարումը, որն Ադրբեջանը փորձում է արդարացնել՝ անհիմն մեկնաբանություններով: Ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձման առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումն առավել քան հստակ է»,- ասել է նա՝ մեկնաբանելով այն հայտարարությունը, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է մարդասիրական խնդիրների լուծման անհրաժեշտության մասին և այդ համատեքստում հիշատակել է Հայաստանի կողմից ականապատված տարածքների քարտեզների տրամադրման մասին:
VERELQ-ը հիշեցնում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում մարդասիրական բնույթ ունեցող հարցերի լուծման կարեւորության մասին:
«Մենք կողմ ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում մարդասիրական բնույթ ունեցող հարցերը լուծվեն հնարավորինս օպերատիվ և առանց որևէ նախապայմանների։ Մասնավորապես, նկատի ունեմ նաև զոհվածների մարմինների վերադարձը, անհայտ կորածների ճակատագիրը պարզելը, ռազմագերիների վերադարձը և պատերազմի նյութական մնացորդների հետ կապված խնդիրների կարգավորումը, տվյալ դեպքում՝ ականները», – հայտարարել է Սերգեյ Լավրովը: Նա նաև հայտնել է, որ այդ հարցը քննարկել է Երևանում և դրական տեղաշարժեր է տեսնում:
https://verelq.am/hy/node/86862?fbclid=IwAR29nkjqNKOGFAyceTrYrRlP_K-EUOVlz9fr4DkuIYy-7VGMuaKsg4zGS8A
Yorumlar kapatıldı.