Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով միջեկեղեցական արարողութիւն կատարվեց Հռոմի Սբ․ Բարդուղիմեոսի տաճարում, նախաձեռնությամբ՝ Սուրբ Աթոռում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ՝ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ու Քրիստոնեական միասնության խթանման քահանայապետական խորհուրդի նախագահ՝ կարդինալ Կուրտ Կոխի և մասնակցությամբ՝ Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպաններ՝ Կարեն Նազարյանի և Ծովինար Համբարձումյանի, ինչպես նաև Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի մեծավոր Հայր Նարեկ Նաոմյանի։
Արարողությանը ներկա էին Արևելյան կաթոլիկ եկեղեցիների ժողովի կառավարիչ կարդինալ Լեոնարդո Սանդրին, ՀՀ կաթոլիկ հայերի առաջնորդ Տ․ Ռաֆյաել Արք․ Մինասյանը, Սուրբ Աթոռում Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ Արք․ Յան Էռնեստը, Մշակույթի քահանայպաետական խորհրդի քարտուղար եպիսկոպոս Փոլ Տայը, ղպտի ուղղափառ, ռումինական ուղղափառ, կաթոլիկ, անգլիկան, ավետարանական-լյութերական և մեթոդիստական եկեղեցիների ներկայացուցիչներ, իտալական խորհրդարանի անդամներ, բազմաթիվ դեսպաններ, հայ հավատացյալներ և հյուրեր:
Արարողության ժամանակ, հանդիսապետությամբ՝ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և կարդինալ Կուրտ Կոխի, ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, սաղմոսներ, քարոզներ և երգվեցին շարականներ։
Այնուհետև իր քարոզով դիմեց ներկաներին Կարդինալ Կուրտ Կոխը։ Նա նշեց, որ Վատիկանի Բ ժողովը նահատակությունը ճանաչում է որպես «ողորմության գերագույն ապացույց» ոչ միայն կաթոլիկ եկեղեցու, այլ նաև քրիստոնեական այլ եկեղեցիների և եկեղեցական համայնքների նահատակների համար: «Այս խորը ճանաչումը, գնալով ավելի է տարածվել մեր քրիստոնյաների շրջանում, մանավանդ անցյալ դարում, որի սկզբում տեղի ունեցավ հայ քրիստոնյաների մեծ և արյունալի նահատակությունը նրանց ցեղասպանության ժամանակ, ի հիշատակ որի մենք հավաքել ենք աղոթելու այսօր»․ ասաց նա։ Կարդինալ Կոխը մասնավորեց, որ Հայ նահատակները մեզ հիշեցնում են, որ նահատակությունը քրիստոնեության մեջ լուսանցքային երեւույթ չէ, այլ Եկեղեցու հիմքը։ Քրիստոնյա նահատակը, չի նահատակվում պարզապես գաղափարի համար, այլ խաչվում է «Քրիստոսի հետ» և մահանում է «մեկի հետ, ով արդեն մահացել է նրա համար»: Հայ նահատակները յուրովի վկայեցին քրիստոսաբանության այս գաղափարը։
Նա ընդգծեց, որ հայ նահատակների միջոցով յուրահատուկ ձևով է կատարվել այսօրվա Ավետարանի (Հովհ. 14:1-13) խոստումը, այն է, որ նրանք բնակություն են հաստատել Աստծո մոտ և հավերժ կմնան նրա հետ: Ուստի մենք բոլոր հիմքերն ունենք դիմելու նրանց որպես բարեխոսներ, խնդրելով մեզ ուղեկցել մեր երկրային գոյության ժամանակ և ամրապնդել մեր հույսը, որ Հիսուս Քրիստոսը մեզ համար նույնպես տեղ կպատրաստի իր Երկնային Հոր տանը: Հայցելով հայ նահատակների բարեխոսությունը, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում՝ հանուն Քրիստոսի սիրո նրանց կատարած մեծագին վկայության համար, որը մեզ ընծայեցին իրենց կյանքի գնով, հավելեց նա։ Կարդինալ Կոխը ավարտեց իր խոսքը, ասելով․ «Երախտապարտ լինելով հավատի այս վկայության համար՝ ես պատիվ ունեմ հղելու Սրբազան Քահանայապետի սրտալի ողջույնը միջեկեղեցական աղոթքի բոլոր մասնակիցներիդ»։ Ապա հավելեց, որ Սրբազան Քահանայապետը հոգեպես միասնական եղավ աղոթքին և շնորհում է բոլորին իր սրտաբուխ օրհնությունը»:
Արարողությունն ամփոփվեց Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի խոսքով, որում Սրբազան Հայրը հիշեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի բառերը՝ 2015 թ․ ապրիլի 12-ին Ս․ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ․ «Կատարվածը հիշելը պարտադիր է ոչ միայն հայ ժողովրդի և համընդհանուր եկեղեցու, այլև ողջ մարդկային ընտանիքի համար, որպեսզի այս ողբերգությունից եկող նախազգուշացումը մեզ ազատի վերստին նման արհավիրքների մեջ ընկնելուց, քանզի նրանք վիրավորում են Աստծուն և մարդկային արժանապատվությունը»։ Ավարտին Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց այն բոլոր մասնակիցներին, ովքեր միասնական աղոթեցին Հարություն առած Քրիստոսին՝ Սուրբ Նահատակների և այլ սրբերի միջնորդությամբ, աշխարհում խաղաղության համար:
İlk yorum yapan siz olun