ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Ուղերձում ասված է․
«Այսօր ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մարդկության պատմության այս ամենազարհուրելի ոճրագործությունից 106 տարի անց հարկ է արձանագրել, որ այն պայքարը, որը միասնական ճակատով մղում է հայ ժողովուրդը, արդար է և արդարացված:
Արդար է, որովհետև յուրաքանչյուր չճանաչված և չպատժված ոճրագործություն պարարտ հող է ստեղծում դրա կրկնության համար: Մեկդարյա պատմությունը ցույց տվեց, որ, ցավոք, ցեղասպանությունները և ցեղասպան գործողությունները կրկնվեցին նաև աշխարհի այլ հատվածներում: Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ այս պայքարը, որը մենք որպես պետություն և ժողովուրդ մղում ենք, ըստ էության ոչ միայն կամ ոչ այնքան մեզ համար է, այլ հանուն աշխարհի մյուս բոլոր ազգերի և ժողովուրդների, որպեսզի նրանք չանցնեն նույնպիսի արհավիրքի միջով, ինչ նախորդ դարասկզբին վերապրեց հայ ժողովուրդը:
Մեր պայքարն արդարացված է, որովհետև անգամ շուրջ մեկ դար անց, ցավոք, չեն փոխվել պանթյուրքական նկրտումներն ու ձգտումները, որոնց հետ հայ ժողովրդի բնակությունն իր բնօրրանում անհամատեղելի է: Դրա վառ ապացույցն էր նաև ադրբեջանաթուրքական ագրեսիան Արցախի նկատմամբ, որը կենսական սպառնալիք էր ողջ հայ ժողովրդի նկատմամբ:
Մենք` որպես պետականություն, որի մասին երազում էին նախորդ դարասկզբին մեր պապերը, և որը մենք վերականգնեցինք արդեն դարի ավարտին, այսօր պիտի զարգացնենք մեր անվտանգային համակարգն ու միջավայրը: Իսկ մեր հարևանները, ի վերջո, պիտի հասկանան, որ մենք մեր հայրենիքից որևէ տեղ չենք պատրաստվում հեռանալ: Հավատացած եմ, որ համահայկական ամբողջ ներուժը կենտրոնանալու է ի փառս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»:
Yorumlar kapatıldı.