Ապրիլի 20-ին Թուրքիայում մեկնարկել է «1915թ․ իրադարձությունների վերաբերյալ գիտաժողով» խորագրով միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության ժխտմանը։ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, թե «անթույլատրելի են պատմական իրադարձությունների կեղծումն ու քաղաքականացման փորձերը»:
«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մեղադրանքը միայն քաղաքական նպատակներ հետապնդող զրպարտություն է»,- համաժողովին հայտարարել է նախագահի աշխատակազմի՝ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:
Նրա խոսքով՝ «Առաջին համաշխարհային պատերազմը լի է ողբերգական էջերով, որոնք որոշ շրջանակներ փորձում են օգտագործել հօգուտ իրենց շահերի»:
«Տարբեր պետությունների խորհրդարանների որոշումները ժողովրդավարության օրինակ չեն կարող լինել: Պատմական իրադարձություններին տալով կանխակալ գնահատական՝ նպատակ է դրվում ճնշում գործադրել Անկարայի վրա»,- ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը:
Պաշտոնական Անկարան պնդում է, որ Թուրքիան «արդարության կողմնակիցն է», որի ապացույցը Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1915 թվականի դեպքերը քննելու համար պատմաբանների ընդհանուր հանձնաժողով ստեղծելու առաջարկն է:
Գիտաժողովին, բացի թուրք գիտնականներից, մասնակցում են հետազոտողներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից։
Գեորգի Միրզաբեկյան
Yorumlar kapatıldı.