ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին և առաջադրված խնդիրներին։
Նախորդ ամփոփագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Կանադա
Վերջին շրջանում ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի թիվ մեկ քաղաքական առաջնահերթությունը վերաբերում էր թուրքական «Բայրակթար» անօդաչուներում օգտագործվող կանադական տեխնոլոգիաների դեպի Թուրքիա արտահանման նկատմամբ արգելք սահմանելուն։ Կատարված աշխատանքները նախորդ շաբաթ պսակվեցին հաջողությամբ, երբ կանադական կառավարությունունը կասեցրեց կանադական ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա։
Կանադայում ավարտվել է, Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննությունը, որով փաստվել է Թուրքիայի կողմից կանադական տեխնոլոգիաների կիրառումը ղարաբաղյան պատերազմի ընթացքում։ Ըստ այդմ, ապրլի 12-ին Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն հայտարարություն է տարածել՝ կանադական ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա կասեցնելու վերաբերյալ։ Մասնավորապես, խոսքը գնում է «Բայրակթար» անօդաչուների տեղորոշման և տեսանկարահանման կանադական Wescam համակարգերի մասին, որոնք առանցքային նշանակություն ունեն անօդաչու սարքի համար։
ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակելու է ջանքերը` հասնելու Թուրքիայի նկատմամբ Կանադայի կողմից ռազմական նշանակության ցանկացած արտադրանքի վաճառքի արգելքին։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործողությունների շնորհիվ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը նախաձեռնել է երկկուսակցական ստորագրահավաք, որով ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ է արվում ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ստորագրահավաքը նախաձեռնել են հայտնի կոնգրեսականներ և մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփեյերը։ Հատկանշական է, որ նախորդ ամիս նույն պահանջով երկկուսակցական ստորագրավաք է նախաձեռնվել նաև ԱՄՆ Սենատում, առանցքային՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի նախաձեռնությամբ, որին միացել էին թվով 38 սենատորներ։
Վերջին շաբաթների ընթացքում Հայ դատի հանձնախմբի և գործակից կազմակերպությունների համալիր ջանքերի արդյունքում, առավել քան մեկ միլիոն նամակ է ուղղվել Սպիտակ տան վարչակազմնին՝ քաջալերելու նախագահ Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ապրիլի 15-ին, Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիային և գերիներին վերաբերող հարցերը քննարկվել են ԱՄՆ Սենատում, պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում Վիկտորիա Նուլանդի թեկնածության քննարկման ժամանակ: Ռոբերտ Մենենդեզը բարձրացրել է հայ ռազմագերիների ազատ արձակումը ապահովելու, Արցախին և Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը վերականգնելու հրատապության մասին: Նույն քննարկման ընթացքում, Թուրքիայի ապակայունացնող գործունեության վերաբերյալ հարց է բարձրացրել սենատոր Վան Հոլենը։
Եվրոպա
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) նախաձեռնությամբ ապրիլի 12-ին տեղի ունեցավ առցանց համաժողով՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ։ Քննարկվեցին խնդրի իրավական և քաղաքական ասպեկտները: Համաժողովի բանախոսներն էին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Իր խոսքում Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը շեշտեց, որ պատերազմի ավարտից ամիսներ անց հայ ռազմագերիներին անազատության մեջ պահելը Ադրբեջանի կողմից պատերազմը հոգեբանական տեսանկյունից երկարացնելուն ուղղված քայլ է: «Սա պատերազմի կործանարար հետևանքների շարունակությունն է: Մարդ արարածին, անգամ եթե նա անազատության մեջ է, չի կարելի օգտագործել որպես քաղաքական առևտրի առարկա՝ նորանոր օգուտներ կորզելու համար։ Եվրոպայում կառավարությունների լռությունն ու պասիվ դիրքորոշումն այնպիսի մարդասիրական խնդրի վերաբերյալ, ինչպիսին ռազմագերիների ազատ արձակման հարցն է, հուսահատեցնող է Եվրոպայի սփյուռքահայության համար և, ըստ էության, յուրաքանչյուրի համար, ով մտահոգված է այս խնդրով և ընդհանրապես կարևորում է մարդկային արժանապատվությունը»։
Ավելի վաղ, ապրիլի 7-ին ադրբեջանաթուրքական ագրեսիայով պայմանավորված ներկա իրավիճակին է անդրադարձել Եվրոպական Խորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նաթալի Լոիզոն՝ ընդգծելով ղարաբաղյան հակամարտության հավասարակշռված կարգավորման և գործուն քայլերով Արցախի մշակութային ժառանգության պահպանման հրատապ կարևորությունը։
Ավստրալիա
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ՝ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը, տեղի հայկական համայնքի անունից, բաց նամակ է հղել վարչապետ Սկոտ Մորիսոնին՝ կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, ինչպես նաև ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունը:
Հանձնախումբը հորդորել է վարչապետին՝ հավատարիմ մնալ դեռևս 2011 թվականին խորհրդարանում ունեցած ելույթին, որում նա մասնավորապես հայտարարել էր. «Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործություններից է: Կարևոր է, որ մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունն այնպես, ինչպես որ է»:
Ի տարբերություն խորհրդարանական տարիների գործունեությանը՝ արդեն վարչապետ Մորիսոնը, որը պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից, հրաժարվել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը՝ տեղի տալով արտաքին ճնշումներին:
Կիպրոս
Ապրիլի 9-ին, կիպրական Ստրովոլոս քաղաքում բացվել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված պուրակ։ Նախաձեռնության հեղինակներն են «Համերաշխության շարժում» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, Արցախի մեծ բարեկամ էլենի Թեոխարիուսը և Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսը։
Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
17.04.2021 թ
Yorumlar kapatıldı.