ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ
Հայաստանի Սփիւռքի նախկին նախարար
«Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է»։
Եղիշէ Չարենց:
Սիրելի՛ սփիւռքահայեր, իմ լա՛ւ բարեկամներ,
Թուրք-ազրպէյճանական տանդեմն, ահաբեկիչ վարձկանների օգնութեամբ, կիրառելով միջազգային մարդասիրական իրաւունքի կողմից արգելուած զէնք եւ զինամթերք, պատերազմի անթոյլատրելի միջոցներ ու մեթոտներ, բզկտեցին եւ անդամահատեցին երեսուն տարի մեր բոլորի ոգեւորութեան աղբիւրը հանդիսացող հերոսական Արցախը:
Անհաւասար պայքարում ունեցանք բիւրաւոր սրբազնացած հերոս նահատակներ, շուրջ տաս հազար հաշմուածներ, հարիւր հազարաւոր բնաւեր ու տնաւեր հայրենակիցներ:
Այսօր էլ մեր դարաւոր թշնամինիր բարբարոս էութեանը հաւատարիմ, անխնայ հողին է հաւասարեցնում հայ ժողովրդի հազարամեակների մշակութային արժէքները, եկեղեցիներն ու խաչքարերը, յուշարձաններն ու գերեզմանները
փորձելով վերացնել հայի հետքն իր հինաւուրց քաղաքակրթութեան բնօրրանից:
Արցախում մեր միակ ապաւէնը մնացել են ռուս խաղաղապահ ուժերը:
Միաժամանակ, սահմռկեցուցիչ է այն փաստը, որ հարիւրաւոր հայ երիտասարդներ ու կանայք գերեվարուել են ոսոխի կողմից եւ տանջամահ են արւում ազրպէյճանական բանտերում:
Վեց ամսից աւելի է անցել, սակայն Հայաստանի իշխանութիւններն ի զօրու չեն վերադարձնել մեր հայրենակիցներին, իսկ Արեւմուտքը, ինչպէս միշտ, իրեն յատուկ սառն անտարբերութեամբ աչք է փակում այս դաժան իրականութեան առջեւ: Հիմնականում ‹‹համեստօրէն›› լռում են նաեւ մարդու իրաւունքներով զբաղուող միջազգային կառոյցները:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 24-ին ընդառաջ, Հայոց ցեղասպանութեան 106-րդ տարելիցի նախօրէին2021 թուականի ապրիլի 15-ին կրկին բռունցքուելու է հայկական Սփիւռքը, ոտքի է կանգնելու այնպէս, ինչպէս պատերազմի մղձաւանջային օրերին, եւ տարբեր երկրներում բողոքի ու ցասման ալիք է բարձրացնելու ի պաշտպանութիւն հայ ռազմագերիների
պահանջելով նրանց անյապաղ վերադարձ:
Դուք ի զօրու էք տարբեր երկրների իշխանութիւններից պահանջելուձայն բարձրացնել եւ միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ներազդել ազրպէյճանական բռնապետական ղեկավարութեան վրայ
հարկադրելով կատարել իրենց ստանձնած պարտաւորութիւնները եւ օր առաջ վերադարձնել հայ ռազմագերիներին:
Դիմելով ձեզ, խնդրում եմ եւ յորդորումոտքի կանգնել եւ իւրաքանչիւրիդ ներկայութեամբ մարդաշատ դարձնել բողոքի ցոյցերն ու համախմբումներ, ոտքի կանգնել, արդարութեան ձայնը բարձրացնել եւ հայ ժողովրդի միասնական պահանջը ներկայացնել, ցոյց տալ հայ ժողովրդի միասնութիւնն ու համախմբուածութիւնը հայրենիքի շուրջ, ոտքի կանգնել
արթնացնելու աշխարհի քնած խիղճը:
Yorumlar kapatıldı.