İçeriğe geçmek için "Enter"a basın

Ո՞վ է այդ Սորոսը․ Էրիկ Հակոբյանի անդրադարձը

Էրիկ Հակոբյանն իր հերթական հեղինակային հաղորդմանն անդրադառնում է Ջորջ Սորոսին, նրա շուրջ հյուսվող դավադրություններին և Հայաստանում նրա հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին։

Ողջույն։ Այսօր մենք խոսելու ենք զուտ մեկ անձի մասին, ինչը սովորաբար չենք անում։ Այդ անձը՝ Ջորջ Սորոսը, դարձել է քաղաքական ու մշակութային երևույթ Հայաստանում և աշխարհով մեկ։ Հաղորդման ընթացքում կքննարկենք այն ծրագրերը, որոնց նա աջակցում է Հայաստանում, ինչպես նաև՝ ով է նրան դեմ և ինչու։

Սկսենք նրա մասին կարճ նախապատմությունից։

Ջորջ Սորոսը ծնվել է իննսուն տարի առաջ, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, հրեաների ընտանիքում։ Երկրորդ աշխարհամարտից փրկվելուց հետո նա տեղափոխվում է Լոնդոն, այնուհետև՝ Նյու Յորք, որտեղ և դառնում է բացառիկ հարստության տեր, միլիարդատեր՝ միջազգային ֆինանսական արդյունաբերության ոլորտում։

Սորոսը հայտնի դարձավ 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ հիմնադրեց «Բաց հասարակության հիմնադրամներ» անունը կրող կազմակերպությունը, որը միլիարդավոր դոլարներ է ծախսել Արևելյան Եվրոպայում՝ ազատական ինտերնացիոնալիզմի խթանման նպատակով։

Եկեք հասկանանք «Բաց հասարակության հիմնադրամների» կողմից աջակցություն ստացած ծրագրերի տեսակները, կամ այն գաղափարախոսությունը, որ հիմնադրամն առաջ է տանում։ Այն մեծապես ուղղված է ժողովրդավարության խթանմանը, մարդու իրավունքների, այդ թվում՝ կանանց ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, աջակցում է ներգաղթին, ներգաղթյալների իրավունքների պաշտպանությանը, ֆինանսավորում է հակակոռուպցիոն և թափանցիկությանն ուղղված արշավներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներում։ Եվ գուցե ամենակարևորը՝ այն աջակցում է այդ երկրներում ազատ, հետաքննական լրագրությանը։

Անցնելով կազմակերպությունների ցանկին, որոնց աջակցություն է ցուցաբերել Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամները», կգտնենք շատ լայնաշերտ մի խումբ, որն այս կազմակերպությունից գումարներ է ստացել։ Օրինակ՝ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Պոլիտեխնիկական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը, որը ՀՅԴ հիմնական մեդիա հարթակն է։ Ամենախոշոր շահառուներից է Հետք հետաքննական հարթակը, որի գլխավոր խմբագիրը՝ Էդիկ Բաղդասարյանը, Հայաստանում գուցե լավագույն հետաքննական լրագրողն է։

Երբ տոկոսային հարաբերությամբ դիտարկում ենք՝ որտեղ են Հայաստանում ուղղվել նրանց գումարները վերջին ավելի քան երկու տասնամյակում, ստանում ենք հետևյալ պատկերը՝ 31 տոկոսն ուղղվել է ժողովրդավարական գործընթացներին կամ երկրում ժողովրդավարական համակարգերի բարելավմանը, 17 տոկոսն ուղղվել է տնտեսական զարգացմանը, 8 տոկոսը՝ կրթությանը, իսկ 44 տոկոսը՝ մարդու իրավունքների ընդարձակման ու պաշտպանությանն ուղղված արշավներին։

Այս ծրագրերը դիտարկելիս պետք է նաև հասկանանք դրանց մասշտաբները։ Վերջին քսանչորս տարիների ընթացքում «Բաց հասարակության հիմնադրամները» Հայաստանում ծախսել է մոտ 55 միլիոն դոլար, այսինքն՝ տարեկան միջինը կազմում է 2,5 միլիոն դոլար։ Հայաստանի ՀՆԱ-ն 11 միլիարդ դոլար է, և երբ դա համեմատում ես արևմտյան այլ կազմակերպությունների և նրանց ծախսած գումարների հետ, օրինակ՝ ԱՄՆ կառավարության, սա շատ փոքրիկ գումար է։ Օրինակ, Եվրամիությունն ու ԱՄՆ-ը Ուկրաինայում հեղափոխությունից առաջ ծախսել էին 5 միլիարդ դոլար։ Ուստի, բոլոր դավադրապաշտների համար ասեմ, որ շատ դժվար է ընդամենը 2,5 միլիոն դոլարով հեղափոխություն կազմակերպել, նույնիսկ այնպիսի փոքր և համեմատաբար աղքատ երկրի համար, ինչպիսին Հայաստանն է։

Կարևոր է, որ մենք կարծրատիպերով չվերաբերվենք Սորոսին ու նրա ծրագրերին ընդդիմացող մարդկանց ամբողջությանը՝ մարդիկ, որոնք ազատական չեն և չեն ցանկանում առաջընթաց տեսնել հասարակությունում։ Որովհետև մինչ այս իմ թվարկած բոլոր բաները դրական բաներ են, որոնց հետ մարդկանց մեծ մասը համաձայն է։ Եթե դու քաղաքական առումով պահպանողական ես, հավատում ես ավանդական ընտանիքի կառուցվածքին, հիերարխիկ կառուցվածքին, չես հավատում զանգվածային ներգաղթին, կողմ ես տեղական մշակույթի պահպանմանը,- իրականում սրանք կարող են լավ պատճառ լինել Սորոսին ու նրա ծրագրերին ընդդիմանալու համար։ Կարծում եմ՝ չպետք է խառնենք մարդկանց, որոնք ընդդիմանում են Սորոսին՝ ելնելով վերոնշյալ և նման այլ պատճառներից, և ամենախենթ դավադրապաշտական տեսություններով ու պատմություններով տարված անձանց։ Տեսություներ, որոնք տարածվում են տարբեր պատճառներով։

Պետք է հասկանալ, որ Սորոսի ֆենոմենը որոշ իմաստով հենց Սորոսի մասին չէ, որովհետև եթե նա գոյություն չունենար, ծնված չլիներ, միևնույնն է, գտնելու էին մեկ այլ քավության նոխազի։ Նրա տեղը կարող էր լինել Բիլ Գեյթսը, պատմականորեն այդպիսին եղել է Ռոտշիլդների տոհմը։ Միշտ էլ կա «բոբո», որը շատ օգտակար է որոշ էլիտաների ու երկրների, հատկապես՝ ռեպրեսիվ երկրների համար, որպեսզի ամեն տեսակի խնդիր բարդեն նրա վրա։
Դավադրության այս տեսությունները շատ օգտակար են բազմաթիվ երկրներում էլիտաների ու ազդեցիկ մարդկանց համար։ Բոլոր նման տեսությունները միջին վիճակագրական քաղաքացուն թևաթափ են անում։ Նրանց դարձնում են հպատակ։ Որովհետև, եթե կարծում ես, որ աշխարհը կառավարվում է փակ դռների ետևում բոլոր որոշումները կայացնող մարդկանց կողմից, քո ակտիվիզմը և այն աշխատանքը, որն անում ես՝ որպես հանրային քաղաքացի, շատ քիչ նշանակություն կունենա։ Եվ երբ մարդիկ այդ կերպ են մտածում, դա շահավետ է իշխանություն ունեցող կամ դրան ձգտող անձանց։

Երկրորդը՝ այն կարծես արդարացնում է աշխարհի քաղաքական գործիչների ձախողումները։ Երբ տնտեսությունը փլուզվում է, երբ չունես ժողովրդավարական համակարգեր, երբ քո քաղաքական համակարգերը լեգիտիմ չեն, լավագույն տարբերակը նման օտարերկրյա «բոբո» գտնելն է, մասնավորապես ֆինանսական ոլորտում հայտնի մեկին, մեկը, որին հեշտ է պիտակավորել և մարդկանց դրանով ահաբեկել։

Հեգնական է նաև այն, որ մարդիկ, որոնք Հայաստանում օգտագործում են Սորոսի անունը, իրականում թութակի նման կրկնում են Էրդողանի ու Ալիևի վարչակարգերի կողմից հնչող նույն տողերը։ Ալիևը շատ հպարտ է այն փաստով, որ, իր խոսքերով, «կտրել է Սորոսի ոտքը Ադրբեջանից», նա Հայաստանի Թավշյա հեղափոխության համար մեղադրում է Սորոսին։ Էրդողանն ինքը բազմաթիվ անգամ հարձակվել է Սորոսի վրա և 2013-ին նրան նույնիսկ մեղադրեց Գեզի այգու ցույցերի համար, ինչը, անկեղծ ասած, անհեթեթ էր։

Էլիտաների՝ Սորոսին ատելու պատճառներից մեկն էլ այն է, որ նրա ծրագրերը՝ ուղղված հետաքննական լրագրության, թափանցիկության, պատասխանատվության, հակակոռուպցիոն ջանքերին, սպառնալիք են աշխարհի էրդողանների, ալիևների և օրբանների համար, որովհետև նրանք ցանկանում են անել այն, ինչ խելքներին փչի։ Դավադրապաշտական այս մտածելակերպը ձեռնտու է ոչ միայն քաղաքական էլիտաներին, այլև սովորական քաղաքացիների։ Տխուրն այն է, որ նման մտածելակերպը ստեղծում է իրավիճակ, որն արդարացնում է մարդկանց անգործությունը։
Եթե ես չեմ ցանկանում պատասխանատվություն վերցնել իմ համայնքի, իմ կառավարության համար, իմ ապագայի համար, շատ ավելի հեշտ է մեղադրել մեկին կամ ինչ-որ մտացածին գաղափարների հարել, որտեղ ես անօգուտ եմ և ոչ մի ազդեցություն չեմ կարող ունենալ իմ շուրջ ընթացող ավելի լայն գործընթացների վրա։

Սակայն իմ հիմնական, ինչ-որ տեղ փիլիսոփայական նկատառումն այստեղ սովորական քաղաքացների մասին չէ, որովհետև նպատաուղղված կերպով այս մտածելակերպն առաջ տանողները նրանք չեն, այլ ազդեցիկ այն մարդիկ, որոնք օգտագործում են Սորոսին և այլոց՝ իրենց օրակարգերը առաջ տանելու համար։ Ինձ բարկացնում է այն, որ այս մարդիկ սիրով վայելում են Արևմուտքից եկած բոլոր բարիքները՝ կրում են արևմտյան պիջակներ, իրենց երեխաներին ուղարկում են Լոնդոն ուսանելու, իրենց գումարները լվանում են շվեյցարական բանկերում, ունեն ամենավերջին Այֆոններն ու Մակբուքերը, սակայն կարծում են, որ նման հասարակությունը կարող է գոյակցել թալիբանի բարոյական արժեքների կամ Էրդողանի ու Ալիևի պես ավազակների քաղաքական բարոյականության հետ։ Սակայն չես կարող ունենալ մեկն առանց մյուսի։ Այս մարդիկ, որոնք անդադար բարձրաձայնում են ավանդապաշտական մշակույթի մասին և ասում, որ նման մտածելակերպն իրենց համար սպառնալիք է, իրականում երեսպաշտ են։

Որովհետև եթե նրանք խնդիր ունեն Արևմուտքի հանրային մշակույթի ազատական կողմերի հետ, ուրեմն պետք է նաև հրաժարվեն արևմտյան մյուս բոլոր բարիքներից, որ հաճույքով օգտագործում են՝ տեխնոլոգիական ձեռքբերումները, քաղաքական ապահովությունը կամ դրա հետ եկող տնտեսական բարեկեցությունը։

Եվ քանի որ գիտեմ՝ այս հարցը բարձրացվելու է, ցանկանում եմ հատուկ նշել, որ Սիվիլնեթը «Բաց հասարակության հիմնադրամների» շահառու չի եղել, դրամաշնորհ չի ստացել։

Կարևոր է հարցականի տակ դնել բոլորին, թերահավատորեն մոտենալ բոլորին։ Կարծում եմ՝ լիովին լեգիտիմ է քննադատաբար մոտենալ Սորոսին՝ ինչու է անում այն, ինչ անում է, ում է աջակցում և ինչու։ Հենց այնպես, ինչպես տեղին է քննադատաբար մոտենալ յուրաքանչյուր կազմակերպության, որը նման քայլեր կամ ծրագրեր է իրականացնում։ Ըստ իս՝ պետք է քննադատական մտածողություն ցուցաբերել ցանկացած մեդիա աղբյուրի հանդեպ, այդ թվում՝ Սիվիլնեթի և բոլոր այլ մեդիա աղբյուրների հանդեպ։ Յուրաքանչյուրն ունի տեսանկյուն և որոշակի օրակարգ, որն առաջ է տանում։ Հանրության ու քաղաքացիների համար էականն այն է, որ չընկնեն դավադրությունների սև փոսը, շարունակեն ինքնակրթվել, հզորացնեն իրենց՝ դառնալով ավելի ուժեղ և կիրթ քաղաքացի։

Միայն այդկերպ կարող ենք կառուցել մեր երազանքների Հայաստանը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի


https://www.civilnet.am/news/591479/%d5%b8%d5%9e%d5%be-%d5%a7-%d5%a1%d5%b5%d5%a4-%d5%bd%d5%b8%d6%80%d5%b8%d5%bd%d5%a8%e2%80%a4-%d5%a7%d6%80%d5%ab%d5%af-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%a4%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%a8/

Yorumlar kapatıldı.