İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանում համաճարակային վիճակը կտրուկ վատթարացել է, մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է

Հայաստանում համաճարակային վիճակը կտրուկ վատթարացել է, կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է․ այդ մասին մարտի 29-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով՝ Covid-19 վարակի տարածման ահագնացող տեմպի հետևանքով հիվանդանոցային համակարգը բավական ծանրաբեռնված է: «Մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է», – ասաց նա՝ հավելելով, որ վերջին շրջանում գրանցվել է մոտ 90 տոկոսով հիվանդության աճ, վարակի վերաարտադրման ցուցանիշն այս պահի դրությամբ 1,2 է:

«Դա նշանակում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մենք սպասում ենք ավելի քան 7 000 նոր դեպք։ Շատ բարդ իրավիճակ է, որովհետև այդ սպասվող 7 000 դեպքով ամբողջովին մեր մահճակալային ֆոնդը կսպառվի», – ասաց նա ու հիշեցրեց պատերազմի ժամանակաշրջանը, երբ առկա էր հերթերի ցանկ, մարդիկ սպասում էին հոսպիտալացման: «Մենք այդպիսի իրավիճակ կունենանք»,- եզրափակեց Գայանե Սահակյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ իրավիճակը մտահոգիչ է: «Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ և վերահսկողական միջոցառումները չխստացնելու պարագայում կվատթարանա», – ասել է նա:

Այսօրվա դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190 741 դեպք, որից 172 096-ը՝ առողջացած, 3 476-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 287 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 842 817 թեստավորում:


https://www.civilnet.am/news/575178/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%be%d5%ab%d5%b3%d5%a1%d5%af%d5%a8-%d5%af%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%af-%d5%be%d5%a1%d5%bf%d5%a9%d5%a1%d6%80%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b4%d5%a1%d5%b0%d5%b3%d5%a1%d5%af%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%86%d5%b8%d5%b6%d5%a4%d5%a8-%d5%a3%d6%80%d5%a5%d5%a9%d5%a5-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bc%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7/

Yorumlar kapatıldı.