İçeriğe geçmek için "Enter"a basın

Ոչ մի կարգավիճակով և ոչ մի պայմանով Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության ներքո. Արա Այվազյան

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությանը։ Զրույցը թարգմանաբար՝ ստորև։
– Ինչպե՞ս է Երևանն ապագայում տեսնում Ղարաբաղի կարգավիճակը, և ի՞նչ բանակցային ձևաչափի շրջանակներում պետք է որոշվի՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջա՞ն, թե՞ այնուամենայնիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Արդյոք Երևանը դիտարկո՞ւմ է Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու տարբերակը նոյեմբերի 9-ի համաձայնագրում հայտարարված սահմաններում:

  • Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առարկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների դադարեցումն է, ինչպես նաև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը։ Այս հայտարարությունը, ըստ էության, ուրվագծում է դրա ընդունման պահին առկա իրավիճակը՝ այն ըմբռնմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման հարցը լուծված չէ։ Ելնում ենք նրանից, որ բացառապես բանակցությունների միջոցով կարելի է հասնել լուծման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։ Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է։ Այս իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով։ Հայաստանը հանդես է եկել և հետագայում հանդես է գալու Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման դիրքերից։ Ոչ մի կարգավիճակով և ոչ մի պայմանով Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության ներքո։ Վերջին ագրեսիան ևս մեկ անգամ հաստատեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում կնշանակի Արցախ՝ առանց հայերի։ Մենք բոլորս հիշում ենք 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանի խոշոր քաղաքներում կազմակերպված էթնիկ զտումները, որոնք անմիջական կապ չունեին Լեռնային Ղարաբաղի հետ։ Փետրվարի 27-ին լրանում է Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 33-րդ տարելիցը։ Սումգայիթի իրադարձությունները և Բաքվի ջարդերը, որոնք տեղի են ունեցել «փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսով, ինչպես նաև ռազմական հանցագործություններն ու զանգվածային վայրագությունները, որոնք կատարվել են ադրբեջանական բանակի կողմից Արցախի գրավյալ տարածքներում, մասնավորապես՝ Հադրութի շրջանում 44-օրյա պատերազմի ժամանակ, ակնառու վկայությունն են այն բանի, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացումն է ի վիճակի ապահովել հայ բնակչության կյանքն ու անվտանգությունը իր պատմական հայրենիքում:

Ինչ վերաբերում է կարգավորման ձևաչափին, մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որն ունի միջազգային մանդատ, որի շրջանակներում պետք է ձեռք բերվի հակամարտության վերջնական քաղաքական լուծում։ Այս կապակցությամբ մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ այսօրվա դրությամբ խաղաղ կարգավորման առանցքային հարցերը լուծված չեն։ Դա լիովին համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կարծիքի հետ, որը հստակ նշված էր նաև 2020թ. դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ։

Արցախի դեմ ագրեսիան, ուժի կիրառումը՝ որպես հակամարտության լուծման մեթոդ, մարտահրավեր է ողջ միջազգային հանրությանը։ Այն նաև խաթարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ համանախագահների միջնորդական ջանքերն ու հեղինակությունը։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ համանախագահները գործնականում կհաստատեն իրենց մանդատը և արդյունավետ կգլխավորեն խաղաղ գործընթացը։

Ինչ վերաբերում է Արցախի՝ Հայաստանի կողմից անկախ պետություն ճանաչելուն, ապա Երևանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին։ Այսօրվա դրությամբ մեր օրակարգում դրված է հենց խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հարցը, որի արդյունքում հնարավոր կլինի մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության և կայունության ապահովումը։ (Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը «պետք է դուրս գա օրակարգից, քանի որ այդ հարցը բարձրացնելը նշանակում է ծառայել ոչ թե խաղաղությանը, այլ առճակատմանը»)։

  • Հնարավո՞ր է ձեր հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Ընթանո՞ւմ են արդյոք բանակցություններ երկու երկրների ղեկավարների հանդիպման կազմակերպման վերաբերյալ:

  • Մենք երբեք չենք հրաժարվում հանդիպումներից։ Սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն դրա անցկացումը արձանագրելու նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Առաջին հերթին խոսքը համապատասխան մթնոլորտի ստեղծման, կոնկրետ օրակարգի ձևավորման մասին է և, ինչը պակաս կարևոր չէ, այն պետք է ընթանա մյուս կողմի մոտ պայմանագրունակության առկայության դեպքում։

  • Ի՞նչ աշխատանքներ են կատարվում ռուս խաղաղապահների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ադրբեջանի իշխանությունների հետ անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների փոխանցման ուղղությամբ: Ե՞րբ, ըստ ձեր կանխատեսումների, կարող է ավարտվել ռազմագերիների փոխանակման գործընթացը։ Կա՞ն արդյոք երկու կողմի գերիների քանակի մասին ճշգրիտ տվյալներ։

  • Ռազմագերիների, պատանդների և այլ պահված անձանց փոխանակումը նախատեսված է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այս ուղղությամբ ազգային մակարդակով համակարգված միջգերատեսչական աշխատանք է իրականացվում։ Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները։ Ի տարբերություն, Ադրբեջանը արհեստական և չհիմնավորված խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիներին և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Ավելին, պաշտոնական Բաքուն որոշ ռազմագերիների դեմ կեղծ մեղադրանքներով քրեական գործեր է սարքում:

Ադրբեջանի նման պահվածքը ոչ միայն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլև ռակողմ հայտարարության դրույթների ուղղակի խախտում է և դրանով իսկ հարցականի տակ է դնում դրա դրույթների իրականացումն ընդհանրապես։ (Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն Երևանին է հանձնել բոլոր ռազմագերիներին, իսկ «այժմ մնացածները դիվերսանտներ են»)։

Բոլոր ռազմագերիների անհապաղ և անվտանգ վերադարձը առաջնահերթություն է։ Այս հարցում մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության՝ որպես պատասխանատու և անկողմնակալ միջնորդի ջանքերը ռազմագերիներին վերադարձնելու մասին պայմանավորվածության լիարժեք կատարման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։ Մարդասիրական այս հարցի լուծման հետագա ձգձգումը, իհարկե, ոչ միայն խորացնում է հայ հասարակության ցավը, այլև ուղղակի մարտահրավեր է ինչպես Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման երաշխավոր, այնպես էլ ընդհանուր առմամբ միջազգային հանրությանը։

  • Ինչպես է Հայաստանը վերաբերվում նրան, որ զինադադարի վերահսկողության համատեղ կենտրոնում թուրք զինվորականներ կան: Քննարկվե՞լ է արդյոք հայկական կողմին այդ կենտրոնի աշխատանքներում ներգրավելու հարցը:

  • Անկարայի բացասական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հատկապես վերջին ագրեսիայի մեջ ակնհայտ է։ Սա առաջին հերթին վերաբերում է Մերձավոր Արևելքի՝ Թուրքիայի կողմից վերահսկվող շրջաններից ահաբեկիչների և զինյալների տեղափոխմանն ու ակտիվ մասնակցությանը, Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի ռազմատեխնիկական աջակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը նախորդած կրակի դադարեցման շուրջ երեք պայմանավորվածությունների անթաքույց խափանմանը։ Ակնկալում ենք միջազգային հանրության առավել հասցեական ազդեցությունը՝ ի շահ այն բանի, որ Թուրքիան վերանայի իր բացահայտ ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։

  • Երևանի համար ընդունելի՞ է արդյոք Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը Ղարաբաղի բանակցային գործընթացում:

  • Բանակցային գործընթացին կարող են մասնակցել հակամարտության կողմերն ու միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Իսկ Թուրքիան, որն անթաքույց հովանավորել է Արցախում մերձավորարևելյան ահաբեկիչների գործունեությունը, ինչպես նաև իր ռազմական անձնակազմն ու մարտական անօդաչու թռչող սարքերն է գործի դրել Արցախի խաղաղ բնակչության դեմ, արդեն իսկ ցույց է տվել ոչ միայն հակամարտության մեջ իր ներգրավվածության աստիճանը, այլև նրա կատարյալ հեռավորությունը բանակցային գործընթացից։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ կան «խնդրահարույց հարցեր պարունակող նրբություններ», և դրանց շուրջ և «այդ բոլոր հարցերի շուրջ ակտիվ դիվանագիտական աշխատանք է կատարվում»։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Երևանը մտադիր է վերանայել նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ։ Հաջողվո՞ւմ է արդյոք համաձայնեցնել խնդրահարույց հարցերը, այդ թվում՝ գերիների փոխանակման հարցերը։

  • Հայաստանը խստորեն հետևում է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթների կատարմանը։ Հայտարարության պայմանների կատարման հետ կապված հարցերի քննարկման նպատակով ազգային մակարդակով ձևավորվեցին միջգերատեսչական հանձնաժողովներ: Որոշակի փուլերում ծագող հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով։ Մենք մտադիր ենք հետագայում ևս հավատարիմ մնալ եռակողմ հայտարարության իրականացման այս մոտեցմանը։ Սակայն մի շարք հարցերի շուրջ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը ակնհայտորեն չի ցանկանում կատարել պայմանավորվածությունները, առկա է եռակողմ հայտարարության դրույթների կամայական մեկնաբանություն, այդ թվում՝ ռազմագերիների և այլ պահված անձանց փոխանակման մասին դրույթի մասով (Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի կետերն ընդհանուր առմամբ կատարվում են, որոշ պահերի իրականացման համար ժամանակ է հարկավոր) ։

  • Երևանը բազմիցս հայտարարել է հակամարտության գոտում Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող օտարերկրյա վարձկանների ներկայության մասին։ Արդյոք խնդիրը դեռ արդիակա՞ն է ռազմական գործողությունների ավարտից հետո: Կարո՞ղ է արդյոք Երևանը ապացույցներ ներկայացնել Ղարաբաղում Սիրիայից վարձկանների ներկայության մասին, և արդյոք այդ կապակցությամբ սպառնալիքը պահպանվո՞ւմ է տարածաշրջանի համար ։

  • Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններում ներգրավվելու նպատակով հակամարտության գոտի են տեղափոխվել օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայիններ․ այդ փաստը հաստատվել է մեր միջազգային գործընկերների և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով։ Արցախի տարածքում ձերբակալվել են օտարերկրյա զինյալներ, որոնք խոստովանական ցուցմունքներ են տվել։ Քրեական գործերը փոխանցվել են համապատասխան դատական ատյաններին։

Ադրբեջանի կողմից օտարերկրյա զինյալների առկայության փաստը ճանաչվել է նաև մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: ՄԱԿ-ի ՝ վարձկանների օգտագործման հարցի շուրջ 2020թ. նոյեմբերի 11-ի աշխատանքային խմբի հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջան տեղափոխված վարձկանները կապված են զինված ահաբեկչական խմբավորումների հետ, որոնք մասնակից են ռազմական հանցագործությունների կատարմանը և սիրիական հակամարտության ժամանակ մարդու իրավունքների լուրջ խախտումների: Հայտարարության մեջ միանշանակ արտացոլված է Թուրքիայի դերը օտարերկրյա վարձկանների տեղափոխման գործում ։

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից։ Իր երկիրը թուրքական արբանյակի և ահաբեկչության օջախի վերածելու Ադրբեջանի ղեկավարության որոշումը լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգության համար:

  • Ի՞նչ մակարդակի վրա են այժմ հայ-ռուսական հարաբերությունները: Դուք տեսնո՞ւմ եք երկկողմ կապերի ամրապնդման անհրաժեշտություն:

  • Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դաշնակցային բնույթը արդեն կանխորոշում է մշտական, շարունակական աշխատանքը՝ դրանց հետագա ամրապնդման և ժամանակակից իրողություններին հարմարեցման առումով, որը պայմանավորված է ինչպես ժամանակով, այնպես էլ զարգացումներով, որոնք մենք ունենք տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում: Մենք մտադիր ենք այդ աշխատանքն իրականացնել համաձայնեցված ձևով՝ ելնելով մեր երկրների ժողովուրդների արմատական շահերի ապահովման անհրաժեշտությունից։ Բնականաբար, այդ աշխատանքի համար ամուր հիմք միշտ էլ եղել և լինելու է մեր երկրների ժողովուրդների բարեկամությունը։ Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում համապատասխան զարգացումը շոշափելու է ոչ միայն փոխգործակցության մեկ առանձին ոլորտ, այլև այլ ոլորտներ, որոնք ամբողջությամբ ներառված են մեր դաշնակցային համագործակցության օրակարգում։

Այդ աշխատանքը մենք մտադիր ենք իրականացնել մեզ մոտ առկա փոխգործակցության միջպետական մեխանիզմների շրջանակներում։ Խոսքը և՛ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, և՛ մեծ հանձնաժողովի, և՛ համապատասխան պրոֆիլային հանձնաժողովների շրջանակներում միջխորհրդարանական երկխոսության մասին է։ Դա նաև աշխատանք է ռազմատեխնիկական հանձնաժողովի շրջանակներում և այլ ձևաչափերով։ Բնականաբար, այս ամենն առաջ է ընթանալու մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ համակարգող դերակատարությամբ։

Ցանկանում եմ հատուկ ընդգծել ինտենսիվ երկխոսության կարևորությունը, որը մենք վարում ենք և մտադիր ենք ավելի ակտիվացնել Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունների մակարդակով:

Թարգմանությունը՝ Մարիա Եղիազարյանի


CIVILNET

Yorumlar kapatıldı.