İçeriğe geçmek için "Enter"a basın

Տիրան Խաչատրյանը վարչապետի առաջարկությամբ ազատվեց պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Տիրան Խաչատրյանը այս պաշտոնին նշանակվել է 2020-ի հունիսի 12-ին։ Արցախյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևորել էր նրա և Անդրանիկ Փիլոյանի գործունեությունը՝ հայտարարելով, թե նրանք «մարտի դաշտում փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչմանը»։

Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը համընկավ մեկ այլ իրադարձության հետ։ Այսօր Yerevan.today կայքում հրապարակվեց մի հոդված, որում արծարծվում էր նրա անունը: Մասնավորապես լրագրողը զանգահարել էր Խաչատրյանին և խնդրել, որ վերջինս մեկնաբանի «Իսկանդեր» համակարգի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Այնուհետև լրատվամիջոցը գրել էր, թե «ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա»։ ՊՆ-ն պարզաբանում էր տարածել՝ նշելով, թե Տիրան Խաչատրյանն ասել է, որ չի կարելի նման թեմաներով խոսել և եզրահանգումներ անել, ինչից հետո լրագրողը մեջբերել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականը, թե իբրև դա հնարավոր է, ինչն էլ առաջացրել է Տիրան Խաչատրյանի ծիծաղը: Ըստ պաշտպանական գերատեսչության՝ հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք:


CIVILNET

Yorumlar kapatıldı.