İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀՅԴ-ի 130-ամեակի Առիթով

ՎԱՀԷ ԹՈՐՈՍԵԱՆ

Հայ յեղափոխական դաշնակցութիւնը ծնուել է հայ ժողովրդի ծոցից` հայութեան ու Հայաստանի ազատագրութեան նպատակով: 130-ամեայ պատմութեան ընթացքում նրա գաղափարախօսութիւնը եզակի եւ անփոխարինելի արժէքներ է համարում Հայաստանին ու հայ ժողովրդին: Դաշնակցութիւնը այդ նպատակների իրագործման եւ այդ արժէքների պաշտպանութեան համար անհնարինը հնարաւոր դարձնելու վճռակամութեամբ կատարել է ամէն տեսակ զոհողութիւն, որի շնորհիւ հայ ժողովուրդը 1918 թուականին կարողացաւ վերականգնել հայոց պետականութիւնը. պետականութիւն, որը թէեւ կարճ կեանք ապրեց, սակայն եղաւ այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման երաշխիքն ու հիմնաքարը: Հետագայում ՀՅԴ-ն իր անժխտելի դերակատարութիւնն է ունեցել յատկապէս սփիւռքում հայապահպանման ու մատաղ սերունդների հայեցի կրթութեան աշխատանքներում, որոնք իրականացուել են Դաշնակցութեան հիմնադրած հայկական վարժարանների, մարզական, մշակութային ու բարեգործական միութիւնների հսկայական կազմակերպական, մարդկային եւ նիւթական ջանքերի ու ներդրումների շնորհիւ: Վերջին տասնամեակներին Արցախի ազատագրման ու նորանկախ հայրենիքի պաշտպանութեան աշխատանքը եղել եւ շարունակում են մնալ ՀՅԴ-ի գլխաւոր օրակարգը եւ առաջնահերթ գործունէութիւնը:

Կուսակցութիւնն իր պատմութեան ամբողջ ընթացքում ազգանուէր աշխատանքների եւ հայրենիքին ծառայութեան գործում, ցաւօք, դիմակայել է հակառակորդ հոսանքների, օտար պետութիւնների շահերի սպասարկմանը լծուած ուժերի եւ անհատների կողմից իր դէմ շղթայազերծուած բազմատեսակ հալածանքներին, սակայն նրան յաջողուել է գոյատեւել եւ պահպանել իր կենսունակութիւնը` իր գաղափարախօսութեան նկատմամբ անդրդուելի հաւատաքով, իր նպատակների արդար լինելու համոզումով եւ կուռ կազմակերպութեան շնորհիւ:

Ձեւաւորուած աւանդոյթի համաձայն, իւրաքանչիւր տարի հոկտեմբեր ամսից սկսեալ տարբեր երկրներում տօնւում է Հայ յեղափոխական դաշնակցութեան հիմնադրման տարեդարձը, սակայն յոբելենական այս միջոցառումը ոչ թէ սովորական տօնական ծրագիր է, այլհաշուետւութեան հանգրուան, քանի որ սովորաբար Դաշնակցութիւնը այդ օրը հանդէս է գալիս իր գործունէութեան շուրջ զեկոյցով: Անցնող տարի Հայ յեղափոխական դաշնակցութեան 130-ամեակն էր, սակայն բոլորիս ծանօթ դէպքերի պատճառով, այդ առիթով որեւէ յոբելենական միջոցառում չիրականացուեց: 2020 թուականը Դաշնակցութեան համար լի էր բազում աշխատանքներով սկսած քաղաքական բնագաւառում իրագործումներից մինչեւ բարեսիրականն ու ռազմականը: Այս ընթացքում անձնուիրաբար աշխատեցին Հայ դատի յանձնախմբերը, երիտասարդական, ուսանողական ու ուղեկից միութիւնները եւ շարքային դաշնակցականները: Թէեւ իրագործած այդ բոլոր աշխատանքները վեր էին որեւէ կուսակցութեան թէ՛ նիւթական եւ թէ՛ մարդուժի հնարաւորութիւններից, բայց Դաշնակցութիւնն իր բոլոր ուժերով ու միջոցներով եւ յատկապէս իր կողքին ունենալով իր համակիրների մեծ բանակը` յաջողեց իրականցնել այդ ամէնը:

Սեպտեմբերի 27-ին թուրք-ազրպէյճանական սանձազերծուած յարձակման պատճառով տեղի ունեցաւ լայնածաւալ պատերազմ Արցախի դէմ, որն աւարտուեց Հայաստանի վարչապետի միանձնեայ որոշումով ստորագրուած նուաստացուցիչ եւ պարտուողական յայտարարութեամբ, ինչի պատճառով ոչ միայն թշնամուն է յանձնուել Արցախի Հանրապետութեան շուրջ 75-տոկոսը եւ Հայաստանից տարածքներ, այլեւ մեծագոյն հարուածի է ենթարկուել հայ ազգի արժանապատուութիւնն ու ոգին, արցախահայութեան մի հսկայական զանգուած տեղահանուել եւ գաղթական է դարձել, թշնամու ձեռքն են անցել Արցախի բնական հարստութիւնների` ընդերքի, ջրային պաշարների, գիւղատնտեսական հողերի հսկայական բաժինը, հայութեան պատմամշակութային բազմադարեայ կոթողները, պղծուել են յուշարձանները, մեր հին ու նոր հերոսների գերեզմանները եւ, դեռ աւելին. մի քանի անգամ մեծացել են Հայաստանի Հանրապետութեան սահմանային պաշտպանութեան բնագծերը, որի պատճառով բազմապատկուել են արտաքին սպառնալիքն ու վտանգները Հայաստանի Հանրապետութեան դէմ, եւ ի վերջոյ Հայաստանում ու սփիւռքում բարձրացել է բողոքի ցասում եւ, առաջացել են ներքին խռովութիւն ու անհաշտ մթնոլորտ:

Ի մի բերելով ՀՅԴ գործունէութեան տարբեր ոլորտները` ստորեւ կը փորձեմ երեք գլուխների ներքոյ հակիրճ բացատրութիւններով վերյիշել նրա կատարած ազգանուէր աշխատանքները 2020 թուականի ընթացքում:

Առաջին. մինչեւ Արցախի վերջին պատերազմը, երբ Հայաստանը պայքարում էր մի այլ ճակատումկորոնա ժահրի դէմ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական միութիւնների նախաձեռնութեամբ «Օգնիր հայրենակցիդ» ծրագրի շրջանակներում օժանդակութիւն ցուցաբերուեց Հայաստանում բնակուող ընկերային անապահով եւ համաճարակի պատճառով ստեղծուած ճգնաժամում անօգնական մնացած շուրջ 2700 ընտանքիների: Այս ծրագրին միացան նաեւ ՀՄԸՄ-ի Հայաստանի կառոյցը եւ Հայ օգնութեան միութիւնը (ՀՕՄ): Ի բողոք ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարարութեան կողմից պատմութեան, հայագիտական միւս առարկաների դասաւանդման համար ներկայացուած նոր չափորոշիչների ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը կազմակերպեց ցոյցեր:

Հայ դատի յանձնախմբերի աշխատանքների շնորհիւ Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը, Չեխիայի Հանրապետութեան խորհրդարանի ծերակոյտն ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւը, իսկ զանազան երկրներում աշխատանքներ իրագործուեցին Թուրքիայի հակահայ գործողութիւնները չէզոքացնելու ուղղութեամբ: Յուլիսեան պատերազմի ժամանակ տարբեր երկրներում Հայ դատի յանձնախմբերը իրականացրեցին քաղաքական-յարաբերական աշխատանքներ:

Պէյրութի նաւահանգստի պայթիւնից անմիջապէս յետոյ Դաշնակցութեան բոլոր մարմինները, իրենց ուղեկից միութիւններով ու Հայ դատի յանձնախմբերով, լծուեցին աշխատանքի` տուժածներին նիւթական եւ բարոյական օժանդակութիւններ ցուցաբերելու համար, միեւնոյն ժամանակ, երբ Սիրիայում մեր հայրենակիցները համաճարակի եւ յատկապէս տնտեսական տագնապի պատճառներով կանգնած էին զանազան դժուարութիւնների առջեւ, ՀՅԴ-ի տարբեր մարմիններն ու ՀՕՄ-ը իրենց մարդասիրական օժանդակութիւններով ամէն ճիգ գործադրեցին ստեղծուած վիճակը մեղմացնելու ուղղութեամբ:

Երկրորդ. Արցախի պատերազմի ընթացքում ռազմաճակատ մեկնեցին ՀՅԴ կամաւորական վաշտերըհայ զինուորների կողքին հայրենիքը պաշտպանելու համար: Այս շրջագծում կամաւորական առաջին վաշտը ռազմաճակատ մեկնեց պատերազմի մեկնարկից ժամեր անց: Կամաւորական այս խմբերում կան բազմաթիւ նահատակներ: ՀՅԴ կամաւորական ջոկատը դեռեւս շարունակում է հայրենիքի պաշտպանութեան իր նուիրական առաքելութիւնը Հայաստանի սահմանային դիրքերում:

Պատերազմի ամբողջ ընթացքում ՀՅԴ-ի բոլոր մարմինները, Հայ դատի գրասենեակներն ու յանձնախմբերը ե՛ւ Հայաստանում ու Արցախում ե՛ւ ամբողջ սփիւռքում աշխուժօրէն իրականացրեցին քաղաքական, քարոզչական եւ տեղեկատուական աշխատանքների պաշտպանութիւն Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների շահերի, որոնց արդիւնքում տարբեր երկրների խորհրդարանների պատգամաւորներ, տարբեր քաղաքական գործիչներ եւ կազմակերպութիւններ, զանազան քաղաքների խորհուրդներ ու գործադիր մարմիններ դատապարտեցին ազրպէյճանական յարձակումը, ինչպէս նաեւ այդ գործում Թուրքիայի անօրինական ներգրաւուածութիւնը եւ նրա միջոցով Սիրիայի իսլամիստ ահաբեկիչներին մարտական գործողութիւնների մէջ ընդգրկելը: Նոյն ջանքերի շնորհիւ նաեւ Չիլիի խորհրդարանն ընդունեց Արցախին սատարող բանաձեւ, Ֆրանսայի Ալֆորվիլ ու Լիոն քաղաքները եւ Միացեալ Նահանգների Հաւայի նահանգն ու Կլենտէյլ քաղաքը ճանաչեցին Արցախի անկախութիւնը, ինչպէս նաեւ աշխարհով մէկ կազմակերպուեցին բողոքի մեծ ցոյցեր, հանրահաւաքներ, ինքնաշարժներով երթեր եւ յատկապէս մարդասիրական ու բարեգործական նուիրահաւաքներ, որոնք, կարելի էր ասել, նախադէպը չէին ունեցել վերջին տարիների ընթացքում:

Երրորդ. նուաստացուցիչ եւ պարտուողական համաձայնագրից յետոյ Դաշնակցութիւնը, արձանագրելով Արցախի կրած հողային մեծ կորուստները, եւ ՀՀ ինքնիշխանութեան, պետականութեան եւ հողային ամբողջականութեան դէմ օրըստօրէ աճող սպառնալիքներն ու վտանգը եւ Հայաստանի իշխանութիւնների մեղսակցութիւնն ու որդեգրած սխալ քաղաքականութիւնը թէ՛ պատերազմի ընթացքում, թէ՛ այնուհետեւ եւ մինչեւ օրս, ընդիմադիր ուժերի հետ միասին պայքար է մղում ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգութեան, ինչի արդիւնքում Հայաստանում տեղի են ունենում բողոքի ցոյցեր, իսկ քաղաքական, հասարակական, հոգեւոր, գիտական, մտաւորական, համալսարանական, արուեստի կառոյցների ու շրջանակների եւ սփիւռքի հինգ տասնեակից աւելի կազմակերպութիւններ միացել են վարչապետի հրաժարականի պահանջին:

Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները նոյն թափով շարունակել են համայն հայութեան ընդհանրական շահերի պաշտպանութեան գործը աշխարհում եւ հէնց այդ աշխատանքների արդիւնքում Ֆրանսայի ծերակոյտի եւ Ազգային ժողովի կողմից ընդունուել են Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման կապակցութեամբ բանաձեւեր, իսկ Պելճիքայի դաշնային խորհրդարանի պատգամաւոր Ժորժ Տալեմանն ու մի խումբ Պելճիքայի լրագրողներ, ինչպէս նաեւ Ֆրանսայի Ընկերվարական կուսակցութեան պատուիրակութիւնը կուսակցութեան ղեկավարի գլխաւորութեամբ այցելել են Արցախ: Այսօր Հայ դատի յանձնախմբերը ծաւալուն աշխատանք են կատարում` տարբեր ատեաններում բարձրացնելով պատերազմի հայ գերիներին եւ զոհուածների մարմինները Հայաստան վերադարձնելու ուղղութեամբ պահանջը:

Այստեղ թուարկած աշխատանները միայն մէկ բաժինն են Դաշնակցութեան իրագործածից: Նրա համար Հայաստանի եւ հայութեան ընդհանրական շահերը վեր են կուսակցութեան շահերից: Անկախ այն հանգամանքից, որ Դաշնակցութեանն իր 130 տարիների ընթացքում հալածել են եւ դեռ շարունակում են հալածել, կուսակցութիւնըհաւատարիմ հային եւ հողին, շարունակում է գոյատեւել պատմութեան գրկում թողնելով իրեն հալածողներին:

Նոր Ջուղա
22 յունուար 2021


Aztag Daily

Yorumlar kapatıldı.