İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայի համշենահայ մտավորական Հիքմեթ Աքչիչեքի հարցազրույցը «Ակօս»-ին

Akunq.net-ը ստորև թուրքերենից թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է Թուրքիայում ապրող համշենահայ մտավորականներից Հիքմեթ Աքչիչեքի հարցազրույցը պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթին։ Աքչիչեքը անդրադառնում է համշենահայերի աշխատանքներին՝ հայոց լեզվի Համշենի բարբառը և համշենյան մշակույթը պահպանելու ուղղությամբ․

Անհանգիստ եմ, անհանգիստ․․․

Համշենական լեզուն (հայոց լեզվի Համշենի բարբառը-Ակունքի խմբ․) և մշակույթը Թուրքիայում հետզհետե ավելի տեսանելի և շոշափելի է դառնում հատկապես վերջին 15 տարում։ Համշեներենով երգեր ներկայացնող «Վովա» համույթն իր առաջին՝ նույնանուն ալբոմը թողարկել է 2005 թ․, իսկ երկրորդը՝ «Գարմի Դոչ» խորագրով՝ 2019 թ․։ 2011 թ․ հիմնված՝ համշենական մշակույթն ուսումնասիրող և պահպանող ՀԱՏԻԿ միությունը, ինչպես նաև՝ 2014 թ․ հրապարակվել սկսած ու համշենական մշակույթին, լեզվին և պատմությանը նվիրված «Գոր» («Կոր») հանդեսը շարունակում են իրենց ինտենսիվ գործունեությունը։ Այդ աշխատանքների առաջատար դեմքերից մեկը՝ Հիքմեթ Աքչիչեքը, պատասխանել է «Ակօս» շաբաթաթերթի հարցերին։ «Վովա» համույթի, ՀԱՏԻԿ միության և «Գոր» ամսագրի հիմնադիրներից մեկը եղող Աքչիչեքը ներկայացնում է վերջին շրջանում հիշյալ հաստատությունների գործունեությունը։

Հարց- «Վովան» 14 տարի անց, 2019 թ․ ամռանը թողարկեց իր երկրորդ ալբոմը՝ «Գարմի Դոչ» խորագրով։ Ինչպիսի՞ գործընթացի արդյունք էր դա։

Պատասխան- Այդ ալբոմի երգերից մեկում այս քառատողը կար՝ «Հարթավայրում է օթևանս / Անհանգիստ եմ, անհանգիստ / Ծովի ալիքի նման / Լացս է գալիս» (գրված է թուրքերենի՝ Սևծովյան շրջանի բարբառով-Ակունքի խմբ․) ։ «Գարմի Դոչը» մտահոգություն ունեցող ալբոմ է։ Այդ մտահոգությունը վերաբերում է համշենական լեզվի և մշակույթի օրեցօր անհետացմանը․․․ Ինքս այդ կորուստն ապրում եմ սեփական անձնական կյանքում։ Ի՞նչ կարող էի անել, երբ անհետանում էին ինքնությանս ամենաէական տարրերից լեզուս և մշակույթս, որով ծնվել ու մեծացել էի։ Այս հարցը դեպի «Վովան» տանող ճանապարհի մեկնակետը դարձավ ինձ համար։ «Վովան» մի նախագիծ է, որ ի հայտ եկավ՝ համշենական լեզվի և մշակույթի հետզհետե անհետացման նկատմամբ ծնված մտահոգությունից։ Մեր հոգսը, որպես «պատմական, սոցիալական, տնտեսական պայմանների պարտադիր հետևանք», անհետացող համշենական մեղեդիները բացահայտելն է, դրանք ձայնագրելը, մեկնելն ու գալիք սերունդներին փոխանցելու համար միջնորդ լինելը։

Իմ մանկությունն ու պատանեկությունն անցել են 70-ական-80-ական թվականներին, մի ժամանակաշրջան, երբ ավանդական համշենական մշակույթն ու լեզուն պահպանվում էին գյուղական հարսանիքների, հավաքական աշխատանքների, յայլաների բնական միջավայրի շնորհիվ։ Համշենական մեղեդիները, պարկապզուկի և սրնգի հնչյուններն այդ տարիներից պահպանվում էին հիշողությանս մեջ։ «Գարմի Դոչը», այսինքն՝ «Կարմիր բեռնատարը» այն տարիների խորհրդանիշներից էր։ Բեռնատար լցվելով՝ յայլաներ էինք բարձրանում, հարսանիքների, հավաքական աշխատանքների, թաղումների գնում, արտասվելով կամ ծիծաղելով՝ երգեր երգում, սերեր ապրում։ 1996 թ․ սկսեցի արձանգրել այդ մեղեդիներն ու խոսքերը։ Մտադիր էի մի ալբոմ թողարկել ժողովածս համշենական մեղեդիներից։ Հույս ունեի, թե ալբոմի խմբագրական աշխատանքները կանի սիրելի Քազըմ Քոյունջուն, ով կդառնա նաև ալբոմի մեներգիչը։ Սակայն այս գործի բնույթը և պայմանները պարտադրեցին, որ այդ նախագծում իմ ձայնն էլ ներառվի։ Նաև Էրսին Չելիքի և Մուստաֆա Բիբերի մասնակցությամբ 2005 թ․ թողարկեցինք «Վովա-Համշենցու խաղ / համշենական մեղեդիներ» ալբոմը, իսկ «Գարմի Դոչը» կարողացանք հրապարակել առաջին ալբոմից գրեթե 14 տարի անց միայն։ Չկարողացանք 2-3 տարին մեկ ալբոմ թողարկել, ինչպես որ նպատակադրվել էինք։ Ցանկացանք, որ դա մեր մեջ ներթափանցող, մեզ ներկայացնող, մեր մտահոգությունն ու նպատակը բացատրող աշխատանք լինի։ «Գարմի Դոչը» հասունացավ միայն այն ժամանակ, երբ դրա թողարկմանը հանգեցրեց մեր խմբի անդամների սուբյեկտիվ իրականությունը։

Հարց- Ի՞նչ տարբերություններ կան այս երկու ալբոմների միջև։

Պատասխան- Առաջին ալբոմը բաղկացած էր անանուն մեղեդիներից, որ ժողովել էի Խոփայի (գտնվում է Թուրքիայի Արդվին նահանգում-Ակունքի խմբ․) համշենցիներից։ «Գարմի Դոչ»-ի ողնաշարը նույնպես համշենական մեղեդիներն են կազմում, սակայն այս անգամ չենք սահմանափակվել միայն Խոփայով, այլ նաև տեղ ենք հատկացրել համշենական աշխարհագրության այլ շրջանների։ «Ծաղիկս» երգը ժողովված է Չայելի գավառի (գտնվում է Թուրքիայի Ռիզե նահանգում-Ակունքի խմբ․) Սենոզ հովտի Բաբիկ գյուղից, իսկ «Սիրուն աղջիկը»-ը՝ Համշենից արտագաղթել հարկադրված ու ներկայում Ռուսաստանի Սոչիի շրջանում և Աբխազիայում ապրող մեր քրիստոնյա եղբայրներից։ Ալբոմում ներկայացված մեղեդիները տասնյակ, միգուցե հարյուրավոր տարիների պատմություն ունեն։ Դրա համար դրանք երգում ենք նաև գաղթած-հեռացածների հոգիների խաղաղության համար։ Դրանցից մեկն էլ մեր ավագ եղբայր Ռեմզի Թաթարն է, ով առաջին ալբոմում ընդգրկված իր «Հեյդանե» երգով ու համշենական սրնգով տեղ է գտել մեր սրտերում։ Ալբոմում ներառել ենք նրա երկու մեղեդիները, որ ներկայացրել ենք նաև «Վովայի» երևանյան համերգի (տեղի է ունեցել 2008 թ․-Ակունքի խմբ․) ժամանակ։ «Գարմի Դոչ» ալբոմում կա նաև մի երգ, որի խոսքերն ու երաժշտությունը ես եմ հեղինակել, ինչպես նաև՝ մի անանուն մեղեդի, որի խոսքերի հեղինակը նույնպես ես եմ։

Հարց- Ալբոմը մեծ արձագանք գտա՞վ։

Պատասխան- Գիտե՞ք, երաժշտությունն այլևս առավելապես թվային հարթակներից է ունկնդրվում։ Մեր ալբոմի նման ալբոմները ևս առանձնապես պրոֆեսիոնալ աջակցություն չեն ստանում՝ պրոդյուսեր ֆիրմաների կողմից թվային հարթակներում ներկայացվելուց բացի։ Զանգվածային լրատվամիջոցների հետաքրքրությունը ևս, առաջին ալբոմի նկատմամբ ցուցաբերվածի համեմատ, սահմանափակ մնաց։ Բայց և այնպես, «Գարմի Դոչը», թվային հարթակներում ներկայացված նմանատիպ ալբոմների համեմատ, նշանակալի թվով ունկնդիրներ ունեցավ։

Հարց- Համավարակն ինչպե՞ս է ազդել «Վովայի» գործունեության վրա։

Պատասխան- Ալբոմի թողարկումից հետո նախատեսել էինք, որ 2020-2021 թթ․ ամառային սեզոններին հոծ թվով համշենցիների երեք քաղաքներում (Խոփայում, Ստամբուլում և Մոսկվայում կամ Սոչիում) 3 մեծ համերգներ էինք ներկայացնելու, բացի այդ՝ ալբոմի մեկ կամ երկու երգերի հիման վրա պետք է տեսահոլովակ նկարահանեինք, բայց այդ գործընթացը ձախողվեց համավարակի պատճառով։ Նոր ալբոմ թողարկելու համար երգացանկի էական մասը պատրաստ է, սակայն դեռևս չենք որոշել՝ դա ալբո՞մ կլինի, թե՞ միայն մի քանի երգեր, որոնք կներկայացվեն թվային հարթակներում։

Հարց- Դուք ակտիվ գործունեություն եք ծավալում նաև համշենական մշակույթն ուսումնասիրող և պահպանող միությունում (նկատի ունի ՀԱՏԻԿ միությունը- Ակունքի խմբ․)։ Ի՞նչ աշխատանքներ է կատարում այս միությունը վերջին շրջանում։

Պատասխան- Միության գլխավոր նպատակը համշենական լեզվի և մշակույթի պահպանման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելն է։ ՀԱՏԻԿ-ն այդ առումով մի հաստատություն է, որ ստեղծվել է մշակույթի և ինքնության պահպանման մտահոգությունից ելնելով։ Թեև դեռևս մեզ համար ցանկալի մակարդակով կազմակերպված և արդյունավետ աշխատանքներ չենք կատարել, այնուամենայնիվ կարելի է արձանագրել, որ ՀԱՏԻԿ-ը կարողացել է թե համշենցիների և թե այստեղի մյուս ժողովուրդների շրջանում արժանի տեղ գրավել համշենական լեզվի և մշակույթի առումով։

2019 թ․ կազմակերպեցինք ՀԱՏԻԿ-ի պատմվածքների և լուսանկարների մրցույթ, որը պարբերական բնույթի վերածելով՝ անելու ենք երկու տարին մեկ անգամ։ Առաջիկա օրերին դրա վերաբերյալ հաղորդագրություն կտարածենք։ Բացի այդ, արդեն բավականին առաջ է գնացել և ավարտին է մոտենում համշեներենի քերականությանը նվիրված մեր համապարփակ ուսումնասիրությունը, որ տարիներ առաջ էինք սկսել։

Շուտով լույս կտեսնի նաև համշեներեն-թուրքերեն բառարանը

«Համշեներենի վերաբերյալ մինչ օրս ոչ մի բառարանային աշխատանք չի իրականացվել։ «Համշէնեան պատմուածներ» գրքի հեղինակ (հրատարակվել է 2014 թ․, «Արաս» հրատարակչության կողմից) Մահիր Օզքանի հետ համշեներեն-թուրքերեն բառարան ենք կազմում։ Բավականին մեծ աշխատանք ենք կատարել, բայց դեռ երկար ճանապարհ է մնացել»։

Հարց- Աշխատանքներ եք իրականացնում նաև համշենցիների շրջանում, այնպես չէ՞։

Պատասխան- Այո՛, թեև մեր միության կողմից կազմակերպվող համերգներին, սեմինարներին, պիկնիկներին և այլ միջոցառումների բավականին մեծ մասնակցություն է ցուցաբերվում, բայց և այնպես մեր միությունը ևս, բազմաթիվ այլ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների նման, զգում է մշակույթի և արվեստի ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց թվի պակաս։ Այդ փաստը նկատի առնելով՝ ցանկացանք ավելի ակտիվ օգտագործել թվային հարթակները։ Համավարակը է՛լ ավելի ուժգնացրեց այդ միտումը։ Որպես առաջին քայլ՝ համշեներենի դասեր ձայնագրեցինք և որոշ տեսագրություններ պատրաստելով՝ ներկայացրեցինք մեր միության YouTube-յան էջի միջոցով։ 2021 թվականին ևս նմանատիպ աշխատանքները կշարունակվեն։ «Գոր» ամսագրում մեր կողմից հրապարակված Լա Ֆոնտենի ստեղծագործությունների համշեներեն թարգմանություններից և համշենյան պատմվածքներից ընթերցումներ ենք կազմակերպել, որոնք ևս ներբեռնելու ենք մեր YouTube-յան էջում։ Եթե կարողանանք աղբյուրներ գտնել, ապա մեր երեխաների համար ավելի պրոֆեսիոնալ հեքիաթների և պատմվածքների տեսագրություններ կպատրաստենք համշեներենով։

Հարց- «Գոր» հանդեսն արդեն 6 տարի է, որ հրատարակվում է։ Ինչպիսի՞ թեմաների եք անդրադառնում այդ ամսագրում։

Պատասխան- Լեզվի և մշակույթի ոլորտներում իրականացվող աշխատանքները դուռ են բացում այլ ուսումնասիրությունների առաջ։ ՀԱՏԻԿ-ի գոյությունը, ֆիլմերի, երաժշտության, գրքերի հրապարակումները, սոցիալական մեդիայի ընդլայնումը համշեներենով լույս տեսնող մամլո օրգանի կարիք ծնեց։ «Գորը» 2014 թ․ այդ անհրաժեշտությունից ելնելով էր սկսել հրատարակվել։ Մինչ օրս 11 համար ենք լույս ընծայել։ Հանդեսը հրապարակվում է 2 լեզուներով՝ լատինատառ համշեներեն և թուրքերեն։ Ամեն համարում մի որոշակի թեմայի վրա ենք կենտրոնանում՝ ինքնություն, լեզու, պատմություն, մշակույթ, կին, էկոլոգիա, յայլաների մշակույթ․․․ Դարձյալ յուրաքանյուր համարում, լեզվի, մշակույթի և պատմության մասին հոդվածների հետ մեկտեղ, ընդգրկում ենք նաև համշեներեն ու թուրքերեն պատմվածք, հեքիաթ, հուշ, անեկդոտ, համշեներեն դասեր և խաչբառ։ Առաջիկա ամիսներին լույս տեսնելիք համարում հիմնական թեման կլինի երաժշտությունը։

Հարց- Համշենական մշակույթին առչվող ձեր աշխատանքներն ինչպիսի՞ արձագանք են գտնում Թուրքիայում, Հայաստանում և հայկական սփյուռքում։

Պատասխան- Թուրքիայի համշենցիները հետաքրքրությամբ և մտահոգությամբ են հետևում ՀԱՏԻԿ-ի և «Գոր»-ի իրականացրած աշխատանքներին։ Այդ մտահոգությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքով․ այն քաղաքական մթնոլորտը, որի մեջ գտնվում է մեր երկիրը, կարող է վտանգներ առաջացնել համշենական հասարակության համար՝ Համշեն և հայ փոխհարաբերության համատեքստում։ Ինչ վերաբերում է հայերին, ապա նրանք երկար ժամանակ է՝ հետաքրքրությամբ են հետևում Համշենի և համշենցիների թեմային, որի մեծ մասնաբաժինը պատկանում է համշենյան երաժշտությանը։ Վերջին մի քանի տարվա մեջ բազմաթիվ համշենական երգեր են կատարվել հայ երգիչների կողմից։ Որոշ մեղեդիներ տարբեր կերպ են մեկնաբանվել զանազան երաժիշտների կողմից։ Հայ հանրության տեսանկյունից համշենցիները լեզվական առումով նույնացվում են հայերի, իսկ կրոնի առումով՝ թուրք-իսլամական աշխարհի հետ։ Այդ հետաքրքրությունը (նկատի ունի հայաստանցի հայերի և սփյուռքահայերի հետաքրքրությունը համշենահայերի նկատմամբ-Ակունքի խմբ․) բավականին ուշագրավ է հայ լինելը քրիստոնյա լինելով պայմանավորող մի հասարակության երիտասարդների համար։ Ես կարևորում եմ թուրք, համշենցի և հայ հանրությունների միջև արվեստի և գրականության ոլորտներում նկատվող նման փոխառնչությունները։ Կարծում եմ, որ դրանք կօգնեն, որ նշյալ հասարակություններն ավելի լավ ճանաչեն իրար, միմյանց ընդունեն այնպիսին, ինչպիսին՝ կան, ժամանակի ընթացքում քաղաքականապես ավելի դրական երկխոսություն կզարգացնեն։ Հուսով եմ, որ այդպես էլ կլինի։

Հեյամոլի՝ մանկական երգեր (Թուրքիայի-Ակունքի խմբ․) Սևծովյան շրջանի լեզուներով

«Բացի «Վովա» համույթից, աշխատում եմ որևէ կերպ ընդգրկված լինել նաև այն երաժշտական նախագծերում, որոնք անդրադառնում են Համշենին։ Դրանցից մեկը «Հեյամոլի՝ մանկական երգեր Սևծովյան շրջանի լեզուներով» նախագիծն է, որ իրականացնում են Այշենուր Քոլիվարը և Օնուր Շենթյուրքը։ Նախագծի շրջանակներում հանրահայտ 4 մանկական երգ է կատարվել լազերեն, համշեներեն, վրացերեն, չերքեզերեն ու պոնտոսյան հունարեն։ Դա առաջին աշխատանքն էր իր տեսակով։ Ինձ համար պատվաբեր էր նման նախագծին մասնակցելը։ Ընկերների հետ միասին կատարեցինք այդ երգերի համշեներեն թարգմանությունը, հեղինակեցինք խոսքերը և իրականացրեցինք ձայնագրությունը։ Այդ աշխատանքը ևս հասանելի է YouTube-ով»։

http://www.agos.com.tr/tr/yazi/25232/meragum-var-meragum

Թարգմանեց Մելինե Անումյանը


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.