İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայում դարձյալ հայկական եկեղեցի է վաճառքի հանվել․ այս անգամ թուրքերը ծախում են Բուրսայի հայ կաթոլիկ եկեղեցին

Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին է վաճառքի հանվել։ Այս անգամ վաճառվում է Բուրսայի Յըլդըրըմ գավառում գտնվող հայ կաթոլիկ եկեղեցին։ Հայտնի պատճառներով այլևս ծուխ չունեցող և պաշտոնապես որպես մասնավոր սեփականություն գրանցված սույն եկեղեցին վաճառվում է 6 միլիոն թուրքական լիրայով։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է «Անատոլիայի կրոնների և հավատքների հարթակի» (Anadolu Din ve İnançları Platformu / ADİP) պաշտոնական կայքէջը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վաճառքի մասին հայտարարության մեջ նշված է, թե Բուրսայի հայ կաթոլիկ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Նաև ընդգծվում է, թե իբր եկեղեցին հայերի կողմից լքվել է բնակչության փոխանակման մասին թուրք-հունական համաձայնագրի կնքումից հետո, սակայն, ինչպես հայտնի է, Թուրքիայի զանազան շրջաններում հայերի «անհետացումն» իրականում Հայոց ցեղասպանության հետևանքն է։

Ըստ հայտարարության՝ եկեղեցին այնուհետև մասնավոր սեփականություն է դարձել, որից հետո որոշ ժամանակ օգտագործվել է որպես ծխախոտի պահեստ, ապա՝ մանածագործական գործարան։ Եկեղեցու մուտքի մոտ առկա է նրա պատմության մասին մի ցուցատախտակ։ Հայտարարության մեջ նաև հուշում է արվում, թե ինչ նպատակներով կարելի է գնել եկեղեցին․ այսպես՝ շեշտվում է, թե այն վերանորոգելուց հետո կարելի է վերածել բուտիկ-հյուրանոցի, թանգարանի կամ մշակութային կենտրոնի։

Աղբյուրը վերջում հիշեցնում է, որ Բուրսայի Սեթբաշը թաղամասում գտնվող մոտ 300-ամյա մեկ այլ հայկական եկեղեցի ևս մի քանի տարի առաջ վաճառքի էր դրվել շուրջ 1 ու կես միլիոն դոլարով։

Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության ընթացքում և անմիջապես հետո հայկական նյութական հարստությունը, այդ թվում՝ եկեղեցիները գրանցվեցին որպես լքյալ գույք, որը երիտթուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար հանձնվեց իրենց մոտ կանգնած կամ Մեծ եղեռնի ժամանակ հայերի սպանությանն աջակցած անձանց կամ վաճառվեց ցանկացողներին։ Լքյալ գույքի մի մասին էլ տիրացան տեղական իշխանավորները։

http://adipanadolu.org/sayfa-detay/bir-satilik-kilise-haberi-daha/241

Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.