İçeriğe geçmek için "Enter"a basın

Նոր հիմքերի վրա կառուցենք մեր պետականությունը. Ազգային գաղափարախոսությունը պետք է դարձնել պետականության հիմքը

Հարցազրույց ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ

-Պարո՛ն Սաֆրաստյան, Խորհրդային Միության փլուզումից հետո ակնհայտ դարձավ Թուրքիայի ագրեսիվ հետաքրքրությունը Կովկասի ու մասնավորապես Հայաստանի նկատմամբ: Թուրքիայի ախորժակը, սակայն, միշտ զսպել է տարածաշրջանում ռուսական գործոնի առկայությունը: 2002 թվականի սեպտեմբերին, բոլորի համար անակնկալ, Թուրքիան համարեց, որ կարող է ուղղակիորեն մասնակից դառնալԱրցախի դեմ պատերազմի՝ Ադրբեջան բերելով զինվորական մասնագետների, հատուկ պատրաստության ուժեր ուղղակիորեն իր գլխավոր շտաբին հանձնելով ռազմական գործողությունների ղեկավարումը: Ի՞նչ հանգամանքներ նրան վստահություն ներշնչեցին, թե եկել է հարմար պահը, երբ կարող է ոտնձգություն թույլ տալ ավանդաբար ռուսական ազդեցության գոտի համարվող տարածաշրջանի նկատմամբ:

-Այս հարցին պատասխանելու համար խնդրի մի քանի շերտ դիտարկենք: Առաջինն այն է, որ վերջին 2-3 տարվա ընթացքում Թուրքիան կտրուկ փոխեց իր արտաքին քաղաքականությունը և անցավ ծավալապաշտական քաղաքականության, որի հիմքում դրեց զինված ուժերի օգտագործումը կամ տեղակայումը: Ներկայումս Թուրքիայի զինված ուժերը գտնվում են աշխարհի 13-14 երկրում տարբեր հանգամանքներում: Եվ իր զինված ուժերը տեղակայելու համար նա սկսեց տարբեր տարածաշրջաններում խառնվել դրանցում գոյություն ունեցող հակամարտություններին կամ այդ հակամարտություններն ավելի սրել կամ այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք տանում են հակամարտությունների առաջացմանը: Եվ մենք տեսանք, որ Թուրքիան այդ քաղաքականությունը կիրառում է ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ արդեն Միջերկրական ծովի արևելյան շրջաններում, ՀյուսիսայինԱֆրիկայում և այլուր: Եթե այդ տեսանկյունից դիտարկենք այն, ինչ որ արեց Թուրքիան Արցախի նկատմամբ, դա հենց այդ նույն քաղաքականության շարունակությունն է:

Երկրորդ շերտը կապված է այն հանգամանքի հետ, որ երբ Թուրքիան վերջին տարիներին սկսեց իրականացնել այս քաղաքականությունը, պարզվեց, որ դժգոհություններ կան, այլ պետություններ, այդ թվում`Ռուսաստանը, փորձում են հակազդել նրան, բայց վերջիվերջո Թուրքիային հաջողվում է հասնել իր նպատակներին և անպատիժ դուրս գալ բոլոր այդ հակամարտություններից, որ ինքն է հրահրել կամ ավելի է արագացրել դրանց ընթացքը: Սա նաև կարևոր հանգամանք էր Թուրքիայի համար: Նա հասկացավ, որ կարող էիր այդ ծավալապաշտական, արկածախնդրական քաղաքականությունն իրականացնել ինչպես տարբեր տարածաշրջաններում, նույնպես էլ Արցախում:

Երրորդ շերտը բուն Ռուսաստանին առնչվող խնդիրներն են: Ռուսաստանն ու Թուրքիան, իմ խորին համոզմամբ, մնում են ռազմավարական հակառակորդներ: Դա և´ պատմականորեն է գալիս, և´ այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններից: Եվ դրա արտահայտությունը մենք տեսնում ենք տարբեր տարածաշրջաններում, օրինակ՝ մեր տարածաշրջանում, որտեղ երկուսի նպատակները տարբեր են և հակադիր: Ռուսաստանն ուզում է պահել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, Թուրքիան ուզում է այստեղ իր ազդեցությունն ուժեղացնել: Բայց վերջին տարիներին մենք ականատես եղանք նաև այն իրողությանը, որ այս երկու երկրները կարողանում են մարտավարական հարցերում գալ համաձայնության և իրենց շահերը, որոնք ընդհանուր առմամբ հակադիր են, կարողանում են նաև համատեղել: Դա մենք որոշ չափով տեսնում ենք արդեն Լիբիայում: Ես համոզված եմ, որ Թուրքիայի ղեկավարությունը, ինչպես Էրդողանը, այնպես էլ գլխավոր շտաբը, որ որոշում ընդունեցին այս պատերազմի մասին, հաշվի առան այն հանգամանքը, որ հնարավորէ հասնել նրան, որ Ռուսաստանը սուր չարձագանքի իրենց այդ քայլերին, այդ քաղաքականությանը:

Չորրորդ շերտը կապված է զուտ քաղաքական իրողությունների, պահի հետ: Շատ լավ հաշվարկված էր այդ պահը: Հաշվարկված էր, որ աշխարհը գտնվում է համաճարակի պայմաններում, և շատ երկրներ հիմնականում դրանով են զբաղված, որ պետք է տեղի ունենային և տեղի ունեցան ընտրություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոնք իրադրությունն այդ երկրում սրեցին, և ամերիկյան ղեկավարության, վարչակազմի ուշադրությունը հիմնականում դրանց վրա էր կենտրոնացած: Հաշվի առնվեց այն հանգամանքը, որ Ռուսաստանը գտնվում է ուժեղ ճնշման ներքո` կապված Բելառուսի իրադարձությունների, Նավալնիի գործի հետ, և ընդհանրապես վերջին տարիներին Արևմուտքն ուժեղ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա: Այդ բոլոր հաշվարկներն արվեցին, և ընտրվեց պահը՝ հարձակվելու, այդ ագրեսիան սկսելու համար:

Հինգերորդ շերտը հետևյալն է: Ես համոզված եմ, որ հաշվի առնվեցին նաև այն քաղաքական իրողությունները, որոնք ձևավորվել էին Հայաստանում, հայ-ռուսական հարաբերություններում: Այնպեսոր այս բոլոր հանգամանքները հաշվի առնվեցին, և որոշում ընդունվեց պատերազմ, ագրեսիա սկսելու Արցախի դեմ:

– 44- օրյա ռազմական գործողություններից և մանավանդ ստորագրված հայտարարությունից հետո կարծես թե շրջանում նոր դրություն ձևավորվեց: Ի՞նչ ստացան Ադրբեջանն ու Թուրքիան ֆիզիկապես և աշխարհաքաղաքական հնարավորությունների առումով:

-Առաջինը պետք է նշենք, որ մեր տարածաշրջանում ընդհանուր առմամբ փոխվեց աշխարհաքաղաքական պատկերը: Փոխվեց, մի կողմից, այն առումով, որ Ռուսաստանն իր դիրքերն ուժեղացրեց` հնարավորություն ստանալով խաղաղապահ զորքեր տեղակայելու, որոնք նոր գործոն են դառնում տարածաշրջանում: Եթե մինչ այդ Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում միայն Հայաստանում ուներ զինված ուժեր, այժմ արդեն ունի նաև Ադրբեջանի տարածքում, Արցախի սահմանի երկայնքով: Սա նոր իրողություն է աշխարհաքաղաքական առումով և վկայում է Ռուսաստանի դիրքերի ուժեղացման մասին:

Երկրորդը Թուրքիայի գործոնն է: Թուրքիան, իհարկե, ես համոզված եմ, որ շատ ավելի մեծ ծրագրեր ուներ, նրա ախորժակն ավելի մեծ էր, երբ, ըստ էության, հրահրում էր այս պատերազմը: Թուրքիայի հիմնական նպատակն էր համաձայնության գալ Ռուսաստանի, այսինքն՝ իր հիմնական հակառակորդի հետ մեր տարածաշրջանումիր զորքերը տեղակայելու Արցախի երկայնքով, նույնիսկ Արցախի տարածքում, բայց դա նրան չհաջողվեց: Ես կասեի մարտավարական, դիվանագիտական բավական մեծ վարպետություն էր, որ ցուցաբերեց Ռուսաստանը, մասնավորապես` Պուտինը, որը կարողացավ այնպես անել, որ Թուրքիան չստանա այդ իրավունքը, և ես համոզված եմ, որ այդպես էլ թույլ չի տա: Այսինքն՝ իր հիմնական նպատակին Թուրքիան չհասավ: Մյուս նպատակը, որ մենք այժմ տեսնում ենք, այն է, որ Թուրքիան փորձում է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի շրջանակներում իր ներկայացուցիչների միջոցով, որոնք պետք է այդ կենտրոնի մաս կազմեն, իրականացնել Արցախի տարածքում մշտադիտարկում, այսինքն՝ թուրքական զինված ուժերի ներկայացուցիչներ հաստատել Արցախի տարածքում մշտադիտարկման պատրվակով: Ռուսները դրան էլ չեն համաձայնում և հայտարարում են, որ մշտադիտարկումը պետք է լինի միայն տեխնիկական միջոցներով: Այս երկու հանգամանքները վկայում են, որ Թուրքիան չհասավ իր նպատակներին:

Երրորդ հանգամանքը հետևյալն է. Թուրքիան, ի տարբերություն Ռուսաստանի, հենց առաջին օրվանից հրապարակայնորեն հայտարարելով, որ աջակցում է Ադրբեջանին, իրավունք ստացավ ռուսների կողմից մաս կազմելու այդ խաղաղապահ ուժերի մշտադիտարկման կենտրոնին: Այսինքն՝ չլինելով չեզոք (նեյտրալ) երկրի ներկայացուցիչԹուրքիան, ըստ էության, այնպիսի գործառույթներ կարողացավ սակարկել իր համար, որոնքվ կայում են, որ նա պետք է մաս կազմի այդ խաղաղապահ գործողություններին: Սա, իհարկե, թվում է, փոքր նվաճում է, բայց ես կարծում եմսա Թուրքիայի համար ունի խորհրդանշական նշանակություն, քանի որ նա հետխորհրդային շրջանում առաջին անգամ արդեն լեգիտիմ իրավունք է ստանում նաև իր զինված ուժերի ներկայությունը, չնայած շատ սահմանափակ, մշտադիտարկման կենտրոնի շրջանակներում և այլն, ամրագրելու մեր տարածաշրջանում: Սա, կարելի է ասել, Թուրքիայի կողմից առաջին քայլն է իր մեծ նպատակի իրագործման ճանապարհին: Ես կարծում եմ, որ Թուրքիան կձգտի իր նպատակն իրականացնել, իսկ այդ նպատակը հետևյալն է՝ հնարավորինս Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և տարածաշրջանը, այսինքն՝ Հարավային Կովկասը, դարձնել իր ազդեցության ոլորտը: Եսորպես պատմաբան, կարող եմ նշել, որ, 1914 թվականից սկսած, Թուրքիան մի քանի անգամ փորձել է նվաճել Հարավային Կովկասը և ընդհանրապես Կովկասը և´ 1914 թվականի դեկտեմբերին, և´ 1918 թվականի գարնան ու ամռան ամիսներին, և´ 1920 թվականի աշնանը: Առաջին անգամ դա նրան չհաջողվեց. Թուրքական զորքերը ռուսներից պարտություն կրեցին Առաջին համաշխարհային պատերազմում, այսպես կոչված, Սարիղամիշի գործողության շրջանակներում: 1918 թվականին նրանք 3 ուղղությամբ էին հարձակվել մեր տարածաշրջանի վրա: Առաջինը, իհարկե, Հայաստանն էր, բայց Սարդարապատում կանգնեցվեցին մեր ժողովրդի կողմից հերոսական ճակատամարտի միջոցով, թեև հասան մինչև Բաքու: 1920 թվականին նորից հարձակվեցին Հայաստանի վրա և կարողացան բոլշևիկների հետ կիսել Հայաստանը:1941-1942 թվականներին կրկին պատրաստվում էին հարձակման Հարավային Կովկասի վրա, բայց նացիստական Գերմանիան պարտություն կրեց Ստալինգրադի ճակատամարտում, և դրանից հետո նրանք ետ կանգնեցին իրենց ծրագրերից: Այնպես որ Թուրքիայի հիմնական նպատակներից մեկը միշտ եղել է նվաճել Հարավային Կովկասը: Խորհրդային Միության փլուզումից հետո այդ ծրագիրը փոքր-ինչ փոխվեց. Ոչ թե տարածքային առումով նվաճել, միացնել իրեն, այլ ազդեցության ոլորտ դարձնել և այդպիսով դառնալ այս տարածաշրջանի միակ տերն ու տիրակալը: Եվ ես կարծում եմ, որ այդ նպատակը նրանք կշարունակեն իրականացնել, ամեն դեպքում կփորձեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, իհարկե, Ադրբեջանի հաղթանակը կարևոր է, բայց նաև խնդիրներ կառաջանան Ադրբեջանի համար, ես համոզված եմ, կապված, օրինակ, այն հանգամանքի հետ, որ վարձկանները մնալու են այնտեղ: Թուրքիան ոչ մի ցանկություն չունի նրանց այնտեղից դուրս բերելու: Դեռ ավելին`արդեն տեղեկություն կա, որ ծրագրում է, այդ վարձկանների ընտանիքներին տեղափոխել Ադրբեջան և բնակեցնել այն տարածքներում, որոնք Ադրբեջանը Արցախից զավթել է այս ագրեսիվ պատերազմի հետևանքով: Դա ճնշման գործիք ու զենք է լինելու Թուրքիայի համար ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև Ադրբեջանի դեմ՝ վերջինիս ավելի հնազանդ պահելու համար: Նշեմ մի հանգամանք ևս Ադրբեջանի վերաբերյալ: Պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը կորցնում է իր ինքնիշխանությունը և գնալով դառնում է Թուրքիայի արբանյակ պետություն: Թուրքացվում է Ադրբեջանը:

Պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական գործոնը ես միասնական եմ ընկալում, ինչը նշանակում է, որ թուրք-ադրբեջանական գործոնը մեր տարածաշրջանում պանթուրքիստական ծրագրեր իրականացնող համատեղ գործոն է, իհարկե, Թուրքիայի գլխավորությամբ: Նպատակները գեոստրատեգիայի առումով վերջիվերջո պանթուրքիստական են: Այդ նպատակների տեսանկյունից պետք է դիտարկել այն հանգամանքը, որ Ադրբեջանը, իսկ իրականում նաև Թուրքիան հնարավորություններ ստացան Նախիջևան-Ադրբեջան ճանապարհի միջոցով: Արդեն Թուրքիայում հնչում են ծրագրեր, որ այստեղ պետք է նաև թուրքական երկաթգիծը վերանորոգեն և գործարկեն: Նպատակը այստեղ ևս պանթուրքիստական է. Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով հնարավորություն ստանալ ուղղակի կապ հաստատելու և դրանով շարունակելու պանթուրքիստական ծրագրերի իրականացումը դեպի Կասպից ծովի մյուս՝ արևելյան ափ, դեպի Կենտրոնական Ասիա և այլն: Այս ամենը պետք է նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից դիտարկել որպես պանթուրքիստական լայն ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլեր:

-Պարո՛ն Սաֆրաստյան, բոլորի համար ակնհայտ են այսօրվա Թուրքիայի պանթուրքական, պանթուրանական հավակնությունները և այս երկրի, այսպես ասած, նորահայտ սուլթանի ագրեսիվ ձգտումները իրականություն դարձնելու իր ցնորական ծրագրերը: Արդյոք Թուրքիան ներկայումս ունի՞ քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ համապատասխան ներուժ՝ իրականացնելու իր երազանքները, և Ձեր կարծիքով` աշխարհը մշտապես հանդուրժելո՞ւ է վերջինիս այս պահվածքը:

– Հաշվի առնելով այն ծավալապաշտական քաղաքականությունը, որ Թուրքիան այժմ վարում է ոչ միայն պանթուրքիստական, այլև նեոօսմանականության առումով, այսինքն՝ նախկին Օսմանյան կայսրության տարածքում իր իշխանությունը և ազդեցությունը տարածելու ուղղությամբ, որն իրականացվում է արդեն այլ տարածաշրջաններում, ինչպես և պանթուրքական ծրագիրը, որը մեր տարածաշրջանում է իրականացվում, ես կարծում եմ, որ ոչ, Թուրքիան այդպիսի ռեսուրսներ և ներուժ չունի: Բայց Էրդողանի քաղաքականության ու ռազմավարության առանձնահատկությունն այն է, որ իրենց էությամբ դրանք արկածախնդրական են: Նա դիմում է վաբանկ քայլերի՝ հետևանքները թողնելով ապագային: Ես սպասում եմ, որ Թուրքիան պետք է սպառի իր ռեսուրսները մոտ ապագայում, բայց նա գնում է այդ քայլերին, որովհետև այդ քաղաքականությունն իրեն պետք է նաև ներքաղաքական նպատակներով: Նա խնդիրներ ունի ներքին քաղաքականության մեջ, արդեն հաղորդագրություններ կան, որ կուսակցության վարկանիշն իջել է 30 տոկոսից: 2023 թվականին և´ խորհրդարանական, և´ նախագահական ընտրություններ կան: Դա շատ կարևոր տարեթիվ է Թուրքիայի համար. Լրանում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը: Էրդողանն ամեն ինչ անում է, որ ծավալապաշտական քաղաքականությունը ծառայեցնի 2023 թվականի իր նպատակին՝ հանդես գալու Երկրորդ հանրապետության` նոր Թուրքիայի հիմնադիր: Նա գնում է վաբանկ քայլերի և այնպիսի քաղաքականություն է վարում, որը թուրքական ռեսուրսների համար բավական վտանգավոր է, թեև մինչ օրս ռեսուրսները Թուրքիային հերիքում են:

Ինչ վերաբերում է աշխարհի կողմից հակազդեցությանն առնչվող հարցին, ապա պետք է այս մի քանի տարիների օրինակը դիտարկենք: Հաջողվել է Թուրքիային, ցավոք սրտի, տարբեր տարածաշրջաններում և´ զորք տեղակայել, և´ զորք օգտագործել, և´ հակամարտությունները սրել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեմ: Այս ամենը վկայում է, որ Թուրքիային և Էրդողանին հաջողվում է այդ քաղաքականությունն իրականացնել, և մեծ ճնշման ու հակազդեցության իր այդ քաղաքականությունը չի հանդիպում: Մի կողմից դա արդյունք է Թուրքիայի առանձնահատուկ աշխարհագրական դիրքի, երբ Արևմուտքը չի ուզում կորցնել Թուրքիային որպես դաշնակից, մյուս կողմից՝այն բանի, որ Ռուսաստանի հետ կարողանում է մարտավարական առումով գտնել համագործակցության շրջանակներ, օրինակՍիրիայում: Կարելի է ասել, որ դա արդյունք է նաև Էրդողանի դիվանագիտության, որն արկածախնդրական ու ռիսկային է, վտանգավոր է ոչմիայն տարածաշրջանում հարևանների, այլև Թուրքիայի համար: Մենք պետք է լավ գիտակցենք, որ Էրդողանը որքան էլ թվում է, թե անմիտ գործողություններ է անում, վտանգավոր իր երկրի համար, բայց իրականում նա նաև հաշվարկում և հասկանում է կարմիր գծերը: Գնալով այդպիսի արկածախնդրությունների՝ նա աշխատում է ամենատարբեր տարածաշրջաններում կարմիր գծերը չանցնել, օրինակ Հունաստանի հետ հարաբերություններում և Միջերկրական ծովի արևելյան շրջանում Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այսինքն՝ երբ նա զգում է կարմիր գիծը, ետ է նահանջում: Այնպես որ Թուրքիան կարողանում է իր նպատակներն իրականացնել: Ես չեմ տեսնում հնարավորություն, որ կարող է Թուրքիայի նկատմամբ լուրջ հակազդեցություն լինել, օրինակ, որ կարող է Եվրամիությունը լուրջ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ: Իմ խորին համոզմամբմիայն 2 երկիր կարող են, եթե ցանկանան, Թուրքիային զսպել: Մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որը եթե իր տնտեսական լծակների շատ փոքր մասն օգտագործի, թուրքական տնտեսությունը շատ մեծ հարված կստանա: Մենք դրա օրինակն ունենք՝ կապված ամերիկացի բողոքական պատվելի Բենսոնի հետ: ԱՄՆ-ի հետ ճգնաժամն առաջացավ, երբ 2 տարի առաջ թուրքերը ձերբակալեցին այդ մարդուն, որը տարիներ շարունակ ապրում էր Թուրքիայում: Բանտ նետեցին նրան և ուզում էին փոխանակել ԱՄՆ-ում գտնվող ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որն առաջին թշնամին է Թուրքիայի, ինչպես հայտարարել է Էրդողանը: Ամերիկացիները, իհարկե, չգնացին այդ փոխանակմանը, բավական սահմանափակ պատժամիջոցներ մտցրին 2 թուրք նախարարի նկատմամբ և ամենակարևորը թուրքական պողպատի ու երկաթիԱՄՆ արտահանման մաքսավճարը բարձրացր ին, և դա այնպիսի մեծ ազդեցություն ունեցավ Թուրքիայի վրա, որ նա կարճ ժամանակ անց ստիպված էր զիջել: Բաց թողեցին այդ պատվելիին, և դրանով սուս ու փուս ամեն ինչ ավարտվեց: Այսինքն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայի վրա ազդելու մեծ լծակներ ունի, բայց Թրամփի վարչակազմը դրանք չէր կիրառում: Տեսնենքինչպես կվարվի Բայդենը, որը կարծես թե ավելի անհանդուրժողական տրամադրվածություն ունի Թուրքիայի նկատմամբ:Երկրորդ երկիրը Ռուսաստանն է, որը հնարավորություն ունի իր զինված ուժերի հզորությամբ Թուրքիային զսպելու: Բայց մենք տեսանք, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ այլ քաղաքականություն է վարում, իհարկե զսպում է, սակայն Թուրքիան էլ իր կողմից փորձում է Ռուսաստանի հետ լեզու գտնել, տարբեր հարցերում համագործակցել, և երբ մոտենում է կարմիր գիծը, երկուսն էլ փորձում են այն չանցնել: Այս 2 երկիրը կարող են Թուրքիային զսպել, բայց, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չեն զսպում:

-Տարածաշրջանային այս նոր իրողությունները ի՞նչ հավելյալ վտանգներ ու սպառնալիքներ են ստեղծում այլ երկրների, մասնավորապես`Վրաստանի, Ռուսաստանի, միջինասիական հանրապետությունների համար:

-Այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան մեր տարածաշրջանում, և որոնց մասին խոսեցինք, փոխեցին աշխարհաքաղաքական իրադրությունը և իրենց էությամբ վտանգ են ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև, օրինակ, Վրաստանի համար, որովհետև վարձկանները, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում, կարող են օգտագործվել և Վրաստանի դեմ՝ նրա վրա ճնշում գործադրելու համար: Մյուս կողմից՝ նշվեց, որ Թուրքիայի պանթուրքիստական նպատակները տարածվում են դեպի Կենտրոնական Ասիա, և այստեղ Թուրքիան նույնպես նպատակ ունի իր ռազմական համագործակցությունն ուժեղացնելու: Մենք տեսանք, որ այս պատերազմից առաջ և դրա ընթացքում Թուրքիայի և կենտրոնաասիական մի շարք երկրների միջև ստորագրվեցին պայմանագրեր՝ ռազմական ոլորտում համագործակցությունն ուժեղացնելու ուղղությամբ: Զգացվում է, որ Թուրքիան ձգտում է նոր որակ հաղորդել ու իր պանթուրքիստական ծրագրերին և դրա համար օգտագործում է թուրքական երկրների կազմակերպությունը: Այդ շրջանակներում կան խոսակցություններ, որ Թուրքիան ուզում է ստեղծել միասնական թուրքական զինված ուժեր, Թուրանի զինված ուժեր և այլն: Դրանք, իհարկե, խոսակցություններ են: Ստույգ բան դեռևս չկա, բայց մենք պետք է արձանագրենք, որ վերջին մի քանի ամիսներին ռազմական համագործակցության առումով Թուրքիան ակտիվությունը կտրուկ մեծացրել է Կենտրոնական Ասիայի երկրներում: Սա փաստ է: Մյուս կողմից, իհարկե, պանթուրքիզմը վտանգ է բոլոր այն երկրների համար, որոնցում կա թուրքալեզու բնակչություն: Մեծաթիվ թուրքալեզու ժողովուրդներ ապրում են Ռուսաստանում, և պանթուրքիզմը Ռուսաստանի համար իրական վտանգ է: Ես համոզված եմ, որ ռուսները դա շատ լավ գիտեն և պայքարում են դրա դեմ: Ես չեմ բացառումերբ գա մի պահ, որ ռուս-թուրքական հարաբերությունները վատանան կամ սրվեն, Թուրքիան կսկսի պանթուրքիզմի իր մահակն օգտագործել Ռուսաստանի դեմ, ինչպես, օրինակ, այդ հնարավորությունը նա իր ձեռքում պահում է Չինաստանի հետ հարաբերություններում կապված Արևելյան Չինաստանի, այսպես կոչված, ույղուրների հետ: Այնպես որ Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերն են ստեղծել պանթուրքիստական այդ մեծ դաշինքը` իր ղեկավարությամբ, որը ճնշման միջոց է տարբեր երկրների նկատմամբ, որոնցում կան, բնակվում են թուրքալեզու ժողովուրդներ: Իմիջիայլոց, գորշ գայլերի կազմակերպությունները, որոնք հիմնականում այդ պանթուրքիստական գաղափարների կրողներն ու գործիքներն են, լայնորեն գործում են եվրոպական մի շարք երկրներում: Այստեղ էլ այդ վտանգը կա, և գործում են նրանք՝ Անկարայի հրամաններին ենթարկվելով, թուրքական հետախուզության կողմից ղեկավարվելով: Նոր-նոր մենք տեսնում ենք, որ եվրոպական երկրները հասկանում են այդ վտանգը: Սկզբում Ավստրիան, իսկ վերջերս էլ Ֆրանսիան արգելեցին գորշ գայլերի գործունեությունը: Գերմանիայում է քննարկվում այդ հարցը: Գորշ գայլերն ակտիվ են, օրինակ, Բելգիայում, սկանդինավյան երկրներում: Այնպես որ պանթուրքիզմը վտանգ է նաև եվրոպական երկրների համար:

Մի հանգամանքի վրա էլ եմ ուզում կանգ առնել, որի մասին մեզանում քիչ է խոսվում, բայց դա էլ իր տեղն ունի վերջին տարիների թուրքական արտաքին քաղաքականության մեջ: Դա հետևյալն է: Թուրքիան ձգտում է շատ կտրուկ և արագ ամրապնդելու իր դիրքերը մահմեդական աշխարհում, և Էրդողանն էլ ձգտում է դառնալու մահմեդական աշխարհի ամենամեծ առաջնորդը: Եվ սա ոչ միայն ձգտում է, այլև քաղաքականություն: 2 հանգամանք կարելի է նշել: Էրդողանի ամենամտերիմ մարդկանցից մեկինախկին գեներալ Արնան Թանրվերդիի ղեկավարությամբ, որը մինչև այս տարվա հունվարը եղել է Էրդողանի գլխավոր խորհրդականը, գործում է մի կազմակերպություն, որը բացահայտ հայտարարում է, թե իր նպատակն է նպաստել այն բանին, որ ստեղծվի 61 երկրից կազմված մուսուլմանական համադաշնություն, որի մայրաքաղաքը պետք է լինի Ստամբուլը: Եվ նույնիսկ այդ համադաշնության անունն են նրանք որոշել՝Ասրիկա, որը նշանակում է Ասիա և Աֆրիկա:Այդ կազմակերպությունը տարիներ շարունակ գործում է, ամեն տարի անցկացնում է իր խոշոր կոնֆերանսները, որոնց հրավիրվում են այդ երկրների ներկայացուցիչները, և ամեն անգամ մի խնդիր է քննարկվում, օրինակ այս տարի պետք է քննարկվի ապագա Ասրիկա համադաշնության ռազմական բնագավառը: Դա՝ մեկ, իսկ մյուսն այն է, որ տեսնում ենքմուսուլմանական մի շարք երկրներում, մանավանդ՝ ոչ արաբական, Թուրքիան սկսել է ակտիվորեն գործել, օրինակ՝ Պակիստանի հետ Թուրքիայի համագործակցությունը: Պիտի չմոռանանք, որ Պակիստանն այն երկիրն է, որն ունի միջուկային զենք և բազմիցս պաշտոնապես հայտարարել է, որ իր միջուկային զենքը մուսուլմանական միջուկային զենք է: Նաև կան տվյալներ, որ համագործակցում է, օրինակ, Մալայզիայի հետ, որը ևս մուսուլմանական երկիր է: Եվ դա առաջին հերթին ուղղված է արաբական աշխարհի այն խոշոր և հեղինակավոր պետությունների դեմ, որոնք մուսուլմանական աշխարհում մեծ հեղինակություն ունեն, օրինակ՝ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան: Պատահական չէ, որ այդ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունները լարված կամ սրված են: Այսինքն՝ Թուրքիան, ըստ էության, նաև արաբական աշխարհի դեմ է գործում: Այստեղ, կարելի է ասել, նրա դաշնակիցը միայն Քաթարն է, որտեղ գտնվում են թուրքական զինված ուժեր:Թուրքիան չի վախենում իր այդ մեծապետական նպատակները մուսուլմանական աշխարհում իրականացնելու համար հակամարտության մեջ մտնել նաև հիմնական արաբական երկրների հետ: Սա թուրքական քաղաքականությանվերջին տարիների առանձնահատկությունն է:

‒Ձեր կարծիքով՝ չափից ավելի չհապաղե՞ց Ռուսաստանը գործնականորեն հակամարտությանը միջամտելու հարցում և ի՞նչ խնդիրներ լուծեց կոնկրետ ու լայն առումներով Արցախի մնացած տարածքում՝ Ադրբեջանի տիրապետությանն անցած բնակավայրերի հետ շփման գծում տեղակայելով իր խաղաղապահներին:

‒Մենք կարող էինք, իհարկե, սպասել, որ Ռուսաստանը կարող է այնպես օգնություն ցույց տալ Հայաստանին, ինչպես բացահայտ ցույց է տալիս Թուրքիան Ադրբեջանին, մանավանդ որ մենք ունենք համագործակցության մասին պայմանագիր, ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ: Բայց, մյուս կողմից, Ռուսաստանը, այդպիսի քաղաքականություն վարելով, որին մենք ականատես եղանք, կարողացավ հասնել զինադադարի, երբեմն նաև միջնորդի դեր ստանձնել: Եթե նա այդպիսի քաղաքականություն չվարեր, ապա չէր կարող նաև միջնորդի դեր ստանձնել:

Մենք պետք է գնահատենք, որ Ռուսաստանը ստանձնեց միջնորդի դեր և վերջիվերջո այն ձևով, ինչպես որ մենք տեսանք, այնուամենայնիվ նպաստեց, որ ռազմական գործողությունները դադարեն: Նա իր վրա վերցրեց խաղաղապահ դերակատարությունը, ընդորում, հումանիտար մեծ օգնություն է ցույց տալիս և ցույց կտա, որը, կարծում եմ, պետք է գնահատել շատ բարձր: Ես համոզված եմ, որ մեր քաղաքականությունը պետք է նպատակ ունենա մոտ ապագայում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները հասցնելու շատ ավելի բարձր մակարդակի: Դա պետք է իրականացվի նաև ամենատարբեր բնագավառներում՝ և´ ռազմական, և´ քաղաքական, և´ հետախուզական, և´ վերլուծական շրջանակներում և այլն, որովհետև մենք, կարող ենք ասել, համոզվեցինք, որ մեր միակ դաշնակիցը, որը ռեալ օգնություն ցույց տվեց մեզ, Ռուսաստանն է: Ես դրանում չեմ կասկածում: Ես բարձր եմ գնահատում այն քաղաքականությունը, որը Ռուսաստանը վարում է: Ես համոզված եմ, որ դա նաև հնարավորություն կտա պահպանելու այն, ինչ որ մնացել է Արցախից: Իսկ դրան նպաստում է նաև խաղաղապահների տեղակայումը, ինչը մեզ համար ունի շատ կարևոր նշանակություն: Դա հնարավորություն է տալիս, որ բնակչությունը վերադառնա Արցախ: Մյուս կողմից՝ իր աշխարհաքաղաքական նպատակները Ռուսաստանը, կարծում եմ, նույնպես իրականացրեց, ուժեղացրեց իր դիրքերը մեր տարածաշրջանում:

‒Ակնհայտ է, որ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված հայտարարությունը անօրինական է, թերի է ու թերություններով լի, սակայն այսօր այն գործում է: Տեղի ունեցողի նկատմամբ Հայաստանի իշխանությունների բացարձակ հաշտվողականության պայմաններում Ադրբեջանի կողմից խաղաղ ճանապարհով յուրացվում են Արցախի բնակավայրերը, ոտնձգություններ թույլ տրվեցին նույնիսկ Հայաստանի սահմանամերձ տարածքների նկատմամբ: Այնուամենայնիվ, ստորագրված փաստաթուղթը որքանո՞վ եք ամուր համարում նաև տեսանելի ապագայում կենսունակ լինելու առումով: Այն լուծե՞լ է արդյոք տարածաշրջանում երկարատև խաղաղության խնդիրը: Մյուս կողմից մենք ինչ անելիքներ ունենք առաջիկայում մեր երկրի համար երաշխավորված ապագա ապահովելու համար:

‒ Գոնե այս դրությամբ տարածաշրջանում խաղաղության հաստատումը առաջին հերթին ես պայմանավորում եմ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությամբ, որովհետև փաստաթուղթն իսկապես թերություններ ունի, և պետք է մեր դիվանագիտությունը կարողանա այդ թերություններից որոշ բան շտկել: Իհարկե, մեծ բան հնարավոր չէ, բայց պետք է փորձել պայքարել ամեն մի փոքր հնարավորության համար, ինչ-որ մի բան մեզ համար ավելի դրական դարձնել:

Փաստաթուղթը, ցավոք սրտի, շատ վատն է, բայց դա է, որ կա: Երկարատև խաղաղության խնդիրը այն անկարող է լուծել:

Ռուսական խաղաղապահ ուժերն են, որ մոտ տարիներին հնարավորություն կտան, որ ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանում գոնե խաղաղություն պահպանվի, բայց, մյուս կողմից, ես սպասում եմ, որ թուրքական կողմը, նկատի ունեմ Թուրքիային և նրա արբանյակ Ադրբեջանին, մոտ տարիներին կփորձի տարբեր սադրանքներ իրականացնելով հասնել այն նպատակներին, որոնց մինչ այդ չէր հասել, այսինքն՝ զորքեր կբերի և կտեղակայի որպես խաղաղապահներ և այլն: Ես չեմ կասկածում, որ կլինեն սադրանքներ և Հայաստանի սահմանի երկայնքով, ճնշում կլինի, կմեծանա լարվածությունը:

Դա թուրքական քաղաքականությունն է, որ այժմ Թուրքիան կսկսի կիրառել Հայաստանի նկատմամբ: Հույսեր չունենանք, թե Թուրքիան իրեն խելոք կպահի, ինչպես ասում են, բայց, մյուս կողմից, մեր ժողովրդի առջև նոր խնդիր է դրվում:

Ես կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է ձևակերպել հետևյալ կերպ. մենք պետք է նոր հիմքերի վրա կառուցենք մեր պետականությունը: Այն պետականության մոդելը, որը մենք ունեցել ենք այս 30 տարվա ընթացքում, փաստվեց, որ կենսունակ չէ, թույլ է: Ես կարծում եմ, որ այդ թուլությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք մեր պետությունը չենք կառուցել ազգային գաղափարախոսության հիման վրա: Մեր ազգային գաղափարախոսության վրա պետք է հիմնվի ապագա Հայաստանը, որը պետք է ստեղծի ուժեղ պետականություն, որը պետք է ունենա ուժեղ, մարտունակ, ժամանակակից բանակ, և դա մենք պետք է կարողանանք հնարավորինս արագ անել, որովհետև որքան էլ որ հույս դնենք ռուսական խաղաղապահ զորքերի վրա, առաջին հերթին մենք պետք է մեզ վերափոխենք, ազգային հիմքերի վրա պետք է կառուցենք մեր պետականությունը, իսկ դա նաև հնարավորություն կտա ունենալու մեր ավելի հզոր բանակը` ժամանակակից զենքերով զինված և այլն: Անհրաժեշտ է փոքր տարիքից դաստիարակել երեխաներին ազգային արժեքների ու նպատակների հանդեպ հավատարմության ոգով: Մենք պետք է ունենանք մեծ ազգային գաղափարներ ու նպատակներ, որոնք պետք է միավորեն Հայաստանի Հանրապետությունը, Արցախն ու Սփյուռքը, որ կարողանանք հանդես գալ աշխարհում որպես միասնական հայկական գործոն: Մենք շատ անելիքներ ունենք, և այդ անելիքներից ամենակարևորը ես համարում եմ ազգին ծառայելու դաստիարակությունը, որը պետք է լինի բոլորի մեջ, ինչպես և հայրենասիրությունը՝ հիմնված ազգային գաղափարախոսության վրա: Դա շատ կարևոր հանգամանք է մեզ համար:

Կարծում եմ եւ ուզում եմ հավատալ, որ.

Ա.-2021 թվականին 3-րդ Հանրապետության փլատակների վրա և դժվարին պայմաններում կսկսի ձևավորվել 4-րդ Հանրապետությունը:
Բ.-Նրա ամենակարևոր հենասյունը կլինի ազգային գաղափարախոսությունը: Այն կդառնա հասարակական-քաղաքական մտքի գերակշռող ուղղությունը:
Գ.-Կուսակցական համակարգը կազմված կլինի 3 հիմնական ուժերից.
1. Կենտրոնամետ աջակողմյան՝ քրիստոնյա-դեմոկրատական կամ պահպանողկան կուսակցություն: Այն դեռ պետք է ստեղծվի:
2. Կենտրոնամետ ձաղակողմյան: Կարծում եմ, ՀՅԴ-ն կարող է այդ տեղը զբաղեցնել:
3. Կենտրոնամետ: Այդ տեղը կզբաղեցի դեռ ստեղծվելիք ազգային-ազատական կուսակցությունը:
Դ. 4-րդ Հանրապետության հիմնադիրները կլինեն հիմնականում 1970-1980-ական թթ. ծնվածները: Նրանք էլ կկազմեն նոր քաղաքական էլիտայի հիմնական հատվածը…

Հարցազրույցը վարեց Մարիամ Հովսեփյանը
«Դրօշակ», թիվ 12 (1646), դեկտեմբեր, 2020 թ.


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.