İçeriğe geçmek için "Enter"a basın

Արցախում Անվտանգության խորհուրդը նոր լիազորություններ կստանա

Արցախի Հանրապետության պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող՝ նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ․ այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ այսօր հրապարակած իր ուղերձում։ Ըստ նրա՝ «մնացած մարմինների կողմից ընդունվող վերաբերելի իրավական ակտերի մասով եզրակացություններ տալու համար կմշակվեն համապատասխան մեխանիզմներ»։

Անվտանգության խորհրդի կազմը կընդլայնվի, որում ընդգրկված կլինեն ոչ միայն կոնկրետ լիազոր պաշտոնատար անձինք, այլ նաև հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջիկա օրերին հաստատելու է կառավարության նոր կառուցվածքը՝ օպտիմալացնելով տարբեր գերատեսչություններ, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը և խնայել հանրային միջոցներ։

«Հաստատելու եմ նաև կառավարության նոր կազմը՝ կատարելով նշանակալի կադրային փոփոխություններ, այդ թվում՝ ուժային կառույցներում: Ընդգծեմ, որ նոր կադրերի ընտրության հարցում հնարավորինս առաջնորդվելու եմ նրանց մարդկային ու մասնագիտական արժանիքներով և հանրային հեղինակությամբ»,- նշել է նա։

Պատերազմից հետո՝ դեկտեմբերի 2-ին Արայիկ Հարությունյանի քաղաքական մրցակից և քննադատ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար։ Այդ պաշտոնից ավելի վաղ հրաժարական էր տվել Սամվել Բաբայանը։
Ներկայում Արցախի Անվտանգության խորհուրդը խորհրդակցական մարմին է։


CIVILNET

Yorumlar kapatıldı.