İçeriğe geçmek için "Enter"a basın

Այն, ինչ տեղի ունեցավ, ցույց է տալիս Հայաստանի և Արցախի իշխանությունների լիակատար ապաշնորհությունը

Eric Hacopian | Էրիկ Հակոբյան

Սիվիլնեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն անդրադառնում է Հադրութի շրջանում տեղի ունեցած վերջին բախումներին: Նա խոսում է նաև նախագահ Արմեն Սարգսյանի քայլերի, արտահերթ ընտրությունների հնարավորության և Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հայտարարությունների մասին։

  • Նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանը հարձակում է գործել Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին թաղեր գյուղերի վրա։ Այժմ այնտեղ են ռուս խաղաղապահները։ Ի՞նչ կնշանակի նման բախումները կամ ռազմական գործողությունների վերսկսումը Հայաստանի և Ռուսաստանի համար։

  • Մարդիկ պետք է հասկանան, որ Հադրութի շրջանը, որի 98 տոկոսը կորցրել ենք այս պատերազմի ընթացքում, ԼՂԻՄ-ի մաս է։ Այնտեղ պահել էինք երկու կամ երեք գյուղ, որոնք ռազմավարական դիրք ունեին, լեռներում էին՝ վերևից նայում էին Հադրութի մյուս հատվածին։ Այդ հատվածը մինչև երկու-երեք օր առաջ ռուսական խաղաղապահների պաշտպանության ներքո չէր, ինչը ադրբեջանական կողմին հարձակման հնարավորություն է տվել։ Մենք գիտենք, որ այնտեղ, որտեղ ռուս խաղաղապահներն են, կռիվներ գրեթե չկան, առկա է ընդհանուր կայունություն, և մարդիկ վերադառնում են իրենց առօրյա կյանքին։ Ամեն օր մի քանի հարյուր մարդ է վերադառնում տուն թե՛ Ստեփանակերտում, թե՛ Արցախի գյուղերում։

Այն, ինչ տեղի ունեցավ, ցույց է տալիս թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունների լիակատար ապաշնորհությունը, որովհետև պատերազմի ավարտից գրեթե հինգ շաբաթ է անցել, և ոչ ոք չէր բարձրացրել հարցը, թե ինչու ռուս խաղաղապահները այդտեղ չեն այն դեպքում, երբ այդ վայրերը ռազմավարական առումով այդքան կարևոր էին և պաշտպանության կարիք ունեին։ Ինձ համար անհավատալի է։ Ի՞նչ են անում Արցախի իշխանությունները։ Ի՞նչ է անում Հայաստանի ԱԳՆ-ն, վարչապետը՝ առանց այս հարցի շուրջ աղմուկ բարձրացնելու։

Ունենք իրավիճակ, երբ այս գյուղերից երկուսն անցել են Ադրբեջանի տիրապետության տակ, իսկ ռուսական խաղապահների ներկա քարտեզում այդ մասերը ներառվել են խաղաղապահ առաքելության ազդեցության հատվածում։ Սակայն պարզ չէ՝ ինչ է դա նշանակում. արդյոք դա նշանակում է, որ մեր զինված ուժերը կարո՞ղ են վերադառնալ այդտեղ։ Բացարձակ պարզ չէ։ Սա ևս մի նշան է այս կառավարության լիակատար ապաշնորհության, ընդհանուր առմամբ՝ մեր պետության, և մասնավորապես՝ Արցախի, որովհետև վերջիվերջո սրանք վերջինիս տարածքներն են։

  • Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ակնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին, սակայն Փաշինյանը դեռ նման բան չի ասել։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են հավանական արտահերթ ընտրությունները։

  • Եթե նկատի ունեք՝ ընտրություններ մեկ ամսից կամ երկու շաբաթից, կասկածում եմ։ Նկատի ունեմ՝ մոտ ապագայում չեմ տեսնում նման բան։ Հավանակա՞ն է, որ մյուս տարի լինեն ընտրություններ։ Կարծում եմ՝ այո, քանի որ մեծ անհանգստություն, ճնշում, պահանջ կա քաղաքական փոփոխության, ուստի վերջիվերջո, կհասնի դրան։ Սակայն մինչ այս պահը կառավարության ներսում Սիմոնյանը միակն է, որ այդ մասին խոսել է։

Քաղաքական իրավիճակը՝ ով է մնալու, ով է գնալու, այնպիսին է, որ ներկայիս իրավիճակը կարող է պահպանվել վեց ամիս, կամ կարող է լինել կտրուկ փոփոխություն քառասունութ ժամվա ընթացքում։ Շատ դժվար է ասել։ Առանցքային է, որ մարդիկ՝ «նիկոլիստները», հասկանան, որ Փաշինյանի վրա է ներկայիս իրավիճակի պատասխանատվության էական մասը։

Ինչ վերաբերում է մարդկանց, որոնք կարծում են՝ այդ խնդիրները կվերանան Փաշինյանի հեռանալով, նրանք ևս մոլորվում են, քանի որ մեր խնդիրները խորքային ու համակարգային են, բխում են պետական մակարդակով կոմպետենտության բացակայությունից, որովհետև կառավարության 98 տոկոսը չի հեռանում, անկախ նրանից՝ ով է իշխանության գլուխ գալիս։ Նրանք մնում են՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություն է, և «գոյատևում են» ամեն տեսակի իշխանության անցման դեպքում։

Մեր պետական մակարդակում և ռազմական ոլորտում ունենք ապաշնորհություն և ձախողում, և մինչև չհասնենք դրա խորքային պատճառներին, այստեղ-այնտեղ իշխանություն փոխելը կարող է ունենալ որոշ արդյունք, սակայն այն հիմնավոր կերպով չի փոխի իրավիճակը։

  • Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև տասնվեց կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։ Նա նույնպես արտահերթ ընտրության կոչ է արել։ Ի՞նչ կարծիքի եք նրա մարտավարության մասին։ Արդյոք նա նույնպես հավակնություն ունի վարչապետի պաշտոնին։

  • Ակնհայտ է, որ նա ցանկանում է վարչապետ լինել։ Անկեղծ ասած, եթե նա պատերազմից անմիջապես հետո ճիշտ գործեր, հնարավորություն կունենար լինել ինչ-որ կոնսենսուսային թեկնածու, որովհետև ըստ եղած նախապատերազմյան հարցումների՝ նա Հայաստանում ամենամեծ ժողովրդականություն վայելող գործիչներից էր։ Այն հանգամանքը, որ նրան ընկալում են որպես պատերազմի համար անմիջականորեն պատասխանատվություն չկրող անձ, ցույց է տալիս, որ որոշակի ժողովրդականություն նա դեռ վայելում է։ Խնդիրը, սակայն, այն է, որ պատերազմի ավարտից ի վեր նա սխալ քայլեր է անում՝ փոխանակ վստահեցնելու մարդկանց, որ նպատակ ունի կազմել ռեֆորմիստական կառավարություն, բերել բոլոր բնագավառներից լավագույն մասնագետներին՝ թե՛ Հայաստանի ներսից, թե՛ դրսից: Փոխարենը նա ծախսել է հինգ շաբաթ՝ հանդիպելով այս երկրում բոլոր հեղինակազրկված անձանց, որոնք բացարձակ չեն վայելում հանրության աջակցությունը։ Ուստի, չեմ հասկանում նրա մոտեցումները, մինչ այժմ նրան դա ոչ մի օգուտ չի տվել։ Մինչև երկու օր առաջ, երբ նա կոչ արեց կառավարությանը՝ Հադրութի իրադրության վերաբերյալ, ինչն ըստ իս, խելացի քայլ էր, ցավոք, նրանից կամ նրա ճամբարից չեմ տեսել ոչինչ՝ կարծելու, որ նրա իշխանության գալու փորձը ոչ այլ ինչ է, քան ձախողում։ Մինչ այս պահը։

  • Ի՞նչ եք կարծում տեխնոկրատ կառավարություն կազմելու կոչերի վերաբերյալ, որի մասին նախագահը խոսել է։ Ոմանք նաև կոչ են անում սփյուռքի ներկայացուցիչների ներառել նոր կառավարության կազմում։ ՀԲԸՄ-ն, երկու կաթողիկոսները ևս Փաշինյանին կոչ են արել հրաժարական տալ։ Ի՞նչ կասեք Սփյուռքի այս կոչերի մասին։

  • Բացարձակ խնդիր չկա, երբ մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը։ Նրանք ունեն իրենցն ասելու իրավունքը՝ եթե ոչ որպես կառույց, ապա որպես անհատ հայեր։ Եվ խնդիր չկա, երբ կոչ ես անում տեխնոկրատ կառավարություն կազմելու, չնայած պետք է զգույշ լինել, որովհետև երբեմն դա հոմանիշ է ոչ ժողովրդավարական կառավարության հետ։ Բայց եկեք ենթադրենք, որ նրանք դա նկատի չունեն։ Լավ է, երբ հավաքում ես լավագույն մարդկանց՝ ճգնաժամում հայտնված երկրի խնդիրները լուծելու համար։ Սակայն կա սրա մյուս կողմը՝ արտաքին ուժեր, որոնք ասում են՝ ինչ պետք է կատարվի Հայաստանի ներսում քաղաքական առումով։ Միշտ կա բարոյական ձայնի կարիք։ Քաղաքական ասպարեզից դուրս գտնվող մարդկանց կարիքը՝ գալու ու մեկնաբանելու այն շատ հազվագյուտ պահերին, երբ բարոյական ձայնի անհրաժեշտությունը կա։ Նայենք մեր պատմությանը՝ Վազգեն Ա կաթողիկոսին, որ բարոյական ձայն էր, մարդիկ հարգում էին նրան, որովհետև նա բարոյապես կայուն էր մարդկանց աչքում։

Ուստի, մարդկանց վստահությունը վայելող և լսելի բարոյական ձայն լինելու համար պետք է տարիներ շարունակ հաստատուն լինես։ Դա նշանակում է՝ երեսուն տարվա ընթացքում դու բարձրաձայնել ես երկրի խնդիրները, անկախ նրանից՝ ով էր իշխանության։ Ցավոք, այս անձինք և կառույցները դա չեն արել։ Ուստի, քանի որ նրանք երեսուն տարվա ընթացքում խնդիրները բարձրաձայնող բարոյական ձայն չեն եղել, նրանց կոչին արձագանքը շատ խուլ է կամ որոշ առումով բացասական, որովհետև հեշտ պատասխանը հետևյալն է ՝ որտե՞ղ էիք դուք կոռուպցիայի և կեղծված ընտրությունների քսանութ տարիների ընթացքում։ Աշխարհը չի սկսվել 2018-ի մայիսին։ Ուստի, մինչ այժմ, քանի որ նրանք չունեն այդ հաստատուն բարոյական ետնապատկերը, նրանց կոչերը հիմնականում ոչնչի չեն հանգեցրել։

  • Չե՞ք կարծում, որ սրանք կառույցներ են, որոնք ինչ-որ առումով գրեթե խախտում են անկողմնակալության կանոնը։

  • Այո։ Այս կառավարությունը իր ուժեղ ու թույլ կողմերով էսթաբլիշմենթային կերպար չէ։ Շատերը, հատկապես սփյուռքում, իրենց միանգամայն հարմարավետ էին զգում նախկին վարչակարգի հետ։ Բայց աշխարհն առաջ է գնում։ Փաշինյանի դեմ առկա է նաև ներքին կողմնակալություն, որովհետև նա երևանցի էլիտայի մաս չէ, այլ, ըստ նրանց, կողմնակի վտարյալ մի ֆիգուր, որը խաղում է էժան պոպուլիզմի վրա։ Առկա է նաև այն մարդկանց դասակարգային տարրը, որոնք նրան և նրա հետևորդներին չեն համակրում։

  • Ի վերջո, կցանկանայի խոսել Ադրբեջանի ու Թուրքիայի մասին։ Ե՛վ Ալիևը, և՛ Էրդողանը հանդես են եկել սպառնալից հայտարարություններով՝ օգտագործելով բավական ագրեսիվ հռետորաբանություն։ Ադրբեջանում խոսակցություններ կան Սյունիքի հանդեպ նկրտումների շուրջ, Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ասել է, որ երկաթյա բռունցքով կճզմի հայկական ֆաշիզմի գլուխը։ Ոմանք կարծում էին, որ պատերազմի ավարտից հետո այս մարդկանց տոնը միգուցե փոխվեր։

-Նախ, նրանց խոսքերի մի մասն այն է, ինչ ասել են տարիներ շարունակ։ Նոր բան չկա, հատկապես Ալիևի դեպքում՝ նկրտումներ Երևանի, Սևանի և ամբողջ Հայաստանի հանդեպ։ Սա նոր բան չէ, պարզապես ավելի ակնառու է՝ այն իրավիճակի ֆոնին, որում հայտնվել ենք։ Այդ հռետորաբանությունը երկու լսարան ունի, նախ՝ այն ծառայում է որպես յուղոտ պատառ իրենց երկրի ներսում լսարանի համար, ազգայնական հռետորաբանությանը թափ հաղորդելու համար։ Եվ երկրորդ՝ ուղղված է դրսի լսարանին, որը մեծամասամբ մենք ենք։ Նրանք փորձում են դրանով վախեցնել մեզ, առաջացնել հուսահատություն կամ խուճապ Հայաստանի և աշխարհի հայերի շրջանում, և մենք չպետք է տրվենք նրանց խաղերին։

Շնորհիվ Հայաստան – Ռուսաստան երկարաժամկետ պաշտպանական հարաբերությունների և անվտանգության երաշխիքների, այդ բոլոր խոսքերը զառանցածին են, որոնք երբեք կյանքի չեն կոչվելու։ Հայ-թուրքական սահմանը 1920-ից ի վեր երբեք չի հատվել որևէ մեկի կողմից։ Ուստի, նրանք կարող են ասել դա, որովհետև չեն կարող անել կամ գիտեն, որ չեն կարող անել, բայց կարող են դա օգտագործել՝ ապակայունացնելու մեր ներքին քաղաքականությունը և մարդկանց հոգեխանգարմունքի հասցնելու, և որոշ չափով դա նրանց հաջողվել է։

Սյունիքի հարցի շուրջ առկա է թուրքական դեղին մամուլը, չնայած իրականում Թուրքիայում կա լավ մամուլ, որը, սակայն, էապես ճնշվել են Էրդողանի կողմից, և լրագրողները բանտերում են կամ արտաքսված։ Մարդիկ դիտել էին թուրքական նման կարգի մի հաղորդում, որտեղ Ադրբեջանը հիսուն միլիարդ դոլարի դատական գործ է հարուցելու Հայաստանի դեմ, և քանի որ Հայաստանն այդ գումարը չունի, պետք է իբր ստիպված Սյունիքը տա։ Սա զավեշտ է, քանի որ աշխարհի պատմության մեջ չի եղել որևէ դատական գործ, որի արդյունքում մի երկիր իր տարածքը տա մեկ այլ երկրի։

Ի՞նչ դատարանի են դիմելու, այս մասին չեն էլ խոսում, որովհետև, եթե երբևէ նման դատարան լինի, աֆղանները կարող են աշխարհի պետությունների կեսին դատի տալ, ֆրանսիացիները հավիտյան դատական գործերի մեջ կներքաշվեն։ Ուստի սա անհեթեթ գաղափար է։

Եվ կան մարդիկ, որոնք չգիտեն, թե որքան անհեթեթ կարող է լինել թուրքական մամուլը՝ տարաձայնություններ սերմանելու Հայաստանում։ Վերցնում են այս բաները և լուն ուղտ դարձնում, չնայած որ սրանք իրականության հետ շատ քիչ աղերս ունեն։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի


CIVILNET

Yorumlar kapatıldı.