İçeriğe geçmek için "Enter"a basın

Փաշինյանը ցանկանում է զոհերի հիշատակի ոգեկոչումը ծառայեցնել իր ճղճիմ քաղաքական նպատակներին․ «168 ժամ»

«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարվելու՝ ոգեկոչելու համար պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակը։ Նա ասել է, որ դեկտեմբերի 19-ին լրանում է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի 40-րդ օրը, դրա համար էլ սուգ է հայտարարվելու հատկապես այդ ամսաթվին։ Հայաստանում սուգ հայտարարելու անհրաժեշտության մասին խոսում էին նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, երբ արդեն իսկ լրացել էր պատերազմի առաջին օրերին զոհվածների մահվան 40-րդ օրը։

Իշխանությունը, սակայն, անդրդվելի էր, ի պատասխան սուգ հայտարարելու պահանջների՝ անգամ չէր ակնարկում, որ նման քայլի կգնա։ Ըստ ամենայնի, այն պատճառով, որ, ինչպես ցանկացած հարցում, այնպես էլ սուգ հայտարարելու պարագային Նիկոլ Փաշինյանն առաջնորդվել է այն իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու մղումով։ Իսկ որ դեկտեմբերի 19-ին սուգ հայտարարելը հենց նման նպատակ է հետապնդում, բացահայտեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնելով, որ այդ օրը տեղի է ունենալու նաև սգո երթ՝ դեպի Եռաբլուր։ Դա մաքուր քաղաքականություն է, իսկ որ ավելի ճիշտ է՝ կեղտոտ, անբարո քաղաքականություն։

Մեծ հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ երթով իր հրաժարականը պահանջողների ակցիաներին «հակաակցիա» կազմակերպել՝ ցույց տալու համար, որ իրեն աջակցողների թիվն ավելի է, քան հրաժարական պահանջողներինը։

Մտածվածը կրկին շատ կեղտոտ է ու անբարո, ու դրա հիմքում ընկած է այն հաշվարկը, որ զոհված, անհետ կորած զինվորների ծնողները, հարազատներն ու ընկերները, այսինքն՝ հազարավոր, գուցե տասնյակ-հազարավոր քաղաքացիներ կմասնակցեն սգո երթին, որը, բացառված չէ, կառաջնորդի հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Այդ մասին դեռևս չի հայտարարվում հավանաբար այն պատճառով, որ իշխանությունը ցանկանում է ստուգել հանրության արձագանքը, և եթե պարզ դառնա, որ մեծ թվով քաղաքացիներ են պատրաստվում մասնակցել սգո երթին, վերջին պահին դրա առջևում կհայտնվի Նիկոլ Փաշինյանը, մի քանի հարյուր թիկնապահներով, բնականաբար։ Այսպիսով մարդը, ում վարած կա՛մ ապաշնորհ, կա՛մ դավաճանական քաղաքականության պատճառով առնվազն հինգ հազար մարդ է զոհվել, ցանկանում է այդ նույն զոհերի հիշատակի ոգեկոչումը ծառայեցնել իր ճղճիմ քաղաքական նպատակներին։

Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիվիդենտ է փնտրում ամենուր։

Նիկոլ Փաշինյանն իշխանության պահպանման էժան նպատակին է ծառայեցնում զոհված հայորդիների անգին հիշատակը։

Նիկոլ Փաշինյանը զբաղվում է սգի առևտրով կամ դիավաճառությամբ»,-գրում է թերթը:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.