Քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանը ՍիվիլՆեթի Էմիլիո Կրիկիոյի հետ զրույցում խոսում է, թե ինչպես Հայաստանը կարող է դուրս գալ ներկայիս քաղաքական ճգնաժամից։ Նա անդրադառնում է Ղարաբաղում նոր ստատուս քվոյին, վերջնական խաղաղ կարգավորման հնարավորությանը, սահմանների և ճանապարհային միջանցքների բացմանը։
——————-
-Էրիկ, կա՞ն սահմանադրական կամ այլ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ժողովրդավարական և իրավական ճանապարհով հաղթահարելու այս ճգնաժամը։
-Այն պետք է լուծվի միայն սահմանադրական և իրավական ճանապարհով, այլ տարբերակ չկա։ Որևէ այլ տարբերակ ընդունելի չէ։ Իրավական տեսանկյունից կառավարություն փոխելու հետ կապված խնդիրը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանը և նրա կուսակցությունը՝ «Իմ քայլը», ունեն հնգամյա մանդատ։ Կարող ես ասել՝ ժամանակները փոխվել են, սակայն իրավական տեսանկյունից նրանք կարող են իշխանության մնալ ևս երեք տարի։ Եվ ոչ ոք ոչինչ չի կարող անել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը պահում է իր կուսակցության անդամներին։
Սակայն շատ մարդկանց կողմից փոփոխության պահանջ կա։ Առաջարկներ եղել են։ Եթե չեմ սխալվում, Արայիկ Հարությունյանը, օրինակ, առաջարկեց կոալիցիոն կառավարություն ձևավորել։
– Ի՞նչ եք կարծում ազգային միասնության կառավարության հեռանկարի մասին։
– Միակ հարցը, որ պետք է տալ այդ թեմայով՝ ո՞ւմ եք բացառում այդ կառավարությունից։ Եթե բացառում ենք նախկին վարչակարգի վատագույն տարրերին, լավ։ Եթե երկրի և աշխարհի լավագույններին ես հավաքում ճգնաժամի լուծման համար, լավ։ Բայց պետք է ասես՝ ով չի լինելու դրա մաս։ Դա է ամենակարևորը։ Եվ երկրորդ՝ կառավարման համար լավագույններին գտնել, որը կլինի տեխնոկրատական կառավարություն և կկենտրոնանա այսօրվա ճգնաժամի լուծման վրա։
Ըստ իս՝ դա մեկ, կարճաժամկետ տարբերակն է։ Միջնաժամկետ տարբերակն ընտրություններն են։ Ներկայիս խորհրդարանն ակնհայտորեն չի արտացոլում իրավիճակը, վարչապետը չունի ժողովրդի 70 տոկոսի աջակցությունը, ինչպես նախորդ ընտրության ժամանակ։ Ուստի, պատեհ տարբերակ է, որ նա կրկին մանդատ ստանա, հատկապես բանակցությունների փուլ մտնելու համար։ Ըստ իս՝ սա առանցքային է։ Եթե մենք դարերով, միգուցե հարյուրամյակներով բանակցելու ենք էական հարցերի շուրջ, պետք է բոլորը միավորված լինեն դրա շուրջ։ Սա մի բան է, որ չես կարող անել միայնակ՝ երկու տարվա քո մանդատով։
– Այժմ բոլորովին նոր ստատուս քվոյի հետ գործ ունենք՝ նոր սահմաններ, որոնք անփոփոխ էին 1990-ականներից ի վեր։ Ինչպե՞ս պետք է Հայաստանն ու հայերը սա մարսեն։
– Սրան պետք է մոտենալ գործնականորեն. Խնդիրն այն է, որ անցած երեսուն տարվա ընթացքում Հայաստան – Ադրբեջան սահմանը՝ փաստացի տեխնիկական սահմանը, կարևոր չի եղել։ Նույնիսկ կարելի է փաստարկ բերել, որ այն չի կարևորվել 1920-ականներից ի վեր, որովհետև այդ ժամանակ նրանք բոլորը մեկ երկրի մաս էին։ Եվ երբ գծվում էին այս քարտեզները՝ հաշվի առնելով քարտեզագրման տեխնիկան, դրանք բավական ոչ ճշգրիտ էին։ Օրինակ, մինչ այժմ սահմանային վեճեր կան Ադրբեջանի ու Վրաստանի միջև, թեև նրանք իրար հետ լավ հարաբերություններ ունեցող երկրներ են։
Ուստի, ինչ է պետք՝ պաշտոնական հանձնաժողով, և միջազգային միջնորդական գործընթաց, որը գալիս և գծում է իրական սահմանները, և եթե պետք է՝ ինչ-որ բան տալ, ինչ-որ բան վերցնել։ Այդպես է սա աշխատում։ Բայց սա կպահանջի ուղիղ բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ ամենայն հավանականությամբ՝ միջնորդ կողմերի մասնակցությամբ վերջնական գիծը հաստատելու համար։ Իսկ այս պահին առկա շփոթությունը զարմանալի չէ, և հուսանք՝ չի հանգեցնի որևէ տեսակի ռազմական բախման։
– Ոմանք կարծես անտեսում են սա, բայց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հրադադարի համաձայնագիր է, ոչ թե վերջնական խաղաղության պայմանագիր։ Նախ, հավանակա՞ն է խաղաղության վերջնական պայմանագիրը, և ինչպե՞ս պետք է Հայաստանը դրան պատրաստվի։
– Մենք այստեղ ոչ մի խաղաթուղթ չունենք։ Եթե ունենանք խաղաղության պայմանագիր, դա կախված կլինի երկու փոփոխականներից։ Որքանո՞վ է համաձայն Արդբեջանը սառեցնել իր շահավետ դիրքը և ավարտուն տեսքի բերել իրավիճակը։ Հույս չունեմ, որ նրանք դա կանեն՝ տեսնելով այդ երկրից եկող հռետորաբանությունը։
Երկրորդը, որն ամենակարևորն է՝ որքանով աշխարհի գերտերությունները, այս դեպքում՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ԵՄ-ն, հաշվի առնելով, որ Հայաստանը ոչինչ չունի տալու, պատրաստ կլինեն ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ Արցախի համար ինչ-որ անկախության, տարբերակման մի աստիճան պահանջելու, ինչը կհամապատասխանի Հայաստանի նվազագույն պահանջին, այն է՝ Արցախի բնակիչների պաշտպանված լինելը, իրենց հողում խաղաղ ապրելը՝ չլինելով Ադրբեջանի իշխանության ներքո։
Ուստի սրանք փոփոխականներ են, որոնց դեպքում դժբախտաբար, հաշվի առնելով հայկական կողմի պարտությունը և այն, որ մենք պետք է հետ տանք այս բոլոր տարածքները, մենք սեղանին խաղաքարտեր չունենք։ Միաժամանակ, այն պահին, երբ սկսվում են բանակցություները, վատ է նրանց համար և լավ՝ մեզ համար, որովհետև այն ամենը, ինչ պետք է տայինք, արդեն տվել ենք։ Ուստի խնդիրը սա է՝ որքան են նրանք պատրաստ տալ՝ սա ավարտուն տեսքի բերելու համար։
Ալիևը իր ժողովրդականության գագաթնակետին է։ Եթե նա իր ժողովրդին ասի՝ «այս հարցը այս ձևով է լուծվելու», ապա այդ պահը հիմա է։ Արդյոք նա դրսևորե՞լ է իրեն որպես պետական այր, պատմական կերպար, առաջնորդ․ բոլորովին ոչ։ Նա խոսում և իրեն պահում, ինչպես երրորդ ռեյխի նացիստ բռնապետ։ Ուստի, նրանից սպասելիքներ չունեմ։ Սակայն այս տարածաշրջանի երկրները փոքր խաղացողներ են․․․ շատ դժվար է ամերիկացիներին, ռուսներին կամ եվրոպացիներին ասել «ոչ», երբ նրանք ցանկանում են «այո» լսել։
– Ալիևը խոսել է նաև Ադրբեջանի ու Նախիջևանի միջև երկաթուղային կապը վերականգնելու մասին։ Խոսակցություններ կան նաև Հայաստանի՝ Նախիջևանով Իրան ու Ադրբեջանով Ռուսաստան միջանցքներ ստանալու հեռանկարի մասին։ Որևէ քայլ արվո՞ւմ է բնակչությանը սրան նախապատրաստելու համար։
– Իհարկե՝ ոչ։
– Այս մասին խոսակցություններ կան, բայց Հարավային Կովկասի բնակիչների համար սա այնքան տարօրինակ է թվում։
– Աշխարհի այս մասի բնակիչները երբեք ոչ մի բանի պատրաստ չեն, որովհետև ոչ ոք արդյունավետ չի հայտնում՝ ինչ պետք է անել, ինչ է ըստ ամենայնի կատարվելու։ Այդ հմտությունների փաթեթը, ինչպես և այդ հմտությունների համար ցանկությունը ուղղակի գոյություն չունեն։ Ուստի, ոչինչ չի արվել՝ մարդկանց նախապատրաստելու համար։ Ինչ վերաբերում է Ալիևի ասածներին, մենք պետք է շատ զգույշ լինենք, որովհետև ի վերջո նրա լսարանը նրան երբեք չի հակասելու։ Նա կարող է իր ասածը օրվա մեջ երեք անգամ փոխել, ու դա որևէ նշանակություն չի ունենա, քանի որ նա բռնապետ է իր երկրում։
Ուստի, նրա խոսքերի նկատմամբ այնքան վստահություն ունեմ, որքան Մուամառ Քադդաֆիի խոսքերի հանդեպ ընդհանուր առմամբ։ Ավելի էական է, թե նա ինչ չի ասում։ Բայց դա մի կողմ դնենք. ըստ իս, ցանկացած բան, որ հիմք է դնում տրանսպորտային միջանցքի,- հատկապես Նախիջևանով դեպի Իրան, Ադրբեջանով՝ Ռուսաստան,- ցանկացած բան, որ կբացի այդ միջանցքներից որևէ մեկը բանակցությունների միջոցով, այլ ոչ թե պարտադրված կերպով, ինչպես որ մեզ պարտադրվեց Մեղրիով այդ ճանապարհը, լավ է։ Եվ ցանկացած բան, որը վերջ կդնի մեր մեկուսացմանը և դուռ կբացի դեպի աշխարհ, նոր ուղիներ կբացի, լավ է։ Բոլորը պետք է կողմ լինեն, եթե դրան հասնենք բանակցությունների միջոցով՝ դու մի բան տալիս ես, մի բան ստանում։
Ես շարունակ նշում եմ սա՝ ժամանակի ընթացքում առևտրաշրջանառությունը հարաբերությունների զարգացման ուղի է, որն ավելի քիչ հավանական է դարձնում պատերազմները։ Ուստի, մենք պետք է սրան դեմ չլինենք, եթե բանակցությունների ճանապարհով ենք հասնելու և դրանից շահենք այնքան, որքան նրանք։
– Կա՞ն երկրների օրինակներ, որոնք ռազմական պարտություն են կրել, սակայն հաղթահարել են իրավիճակը և դարձել ծաղկուն հասարակություններ, որոնցից օրինակ կարող է վերցնել Հայաստանը։
– Իհարկե։ Իրականում, շատ ավելի շատ են պարտվող կողմերի օրինակները, որոնք պատմության ու ժամանակի ընթացքում հաղթող կողմ են դառնում՝ զարգացմանը զուգընթաց։ Կարող եք տեսնել Շվեդիայի ու Ռուսաստանի միջև տարբերությունը։ Շվեդիան, պարտություն կրելով Պետրոս Մեծից, դարձավ խոշոր արդյունաբերական տերություն և աշխարհի առաջատար սոցիալ-դեմոկրատիաներից մեկը։
Կամ Ֆինլանդիան ու ԽՍՀՄ-ը․ ո՞վ է ավելի լավ ապրում հիմա՝ ռուսնե՞րը, թե՞ ֆինները։ Կարող եք նայել Ճապոնիայի ամերիկյան օկուպացիային, և թե ուր է հիմա Ճապոնիան։ Պատասխանն է՝ այո, այդ ուղին գոյություն ունի, բայց այդ զուգահեռներն իրենց սահմանափակումներն ունեն, որովհետև բոլոր այդ երկրները, որոնց օրինակները բերեցի, գործ ունեին հակառակորդների հետ, որոնք այդքան թշնամական կամ ցեղասպանական չէին, որքան մեր հարևանները։
Կարծում եմ՝ այո՛, կան օրինակներ, երբ երկրները, պատերազմում պարտվելուց հետո, դառնում են ծաղկող հասարակություններ։ Բայց նորից, այդ երկրները չունեին արևելքից ու արևմուտքից մեր հարևանների պես երկրներ։ Ուստի, այո՛, հնարավորություն կա, բայց երբեք մեր աչալրջությունը չպետք է թուլացնենք, որովհետև դա կարող է ամեն վայրկյան փոխվել։
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի
İlk yorum yapan siz olun