Գերմանական Tagesschau պարբերականի լրագրող Սիլվիա Շթոբերը (Silvia Stöber) ծավալուն հարցազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հարցազրույցից մի հատված թարգմանաբար ներկայացված է ստորև։
– Պարոն Փաշինյան, շատ շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի ժամանակ տրամադրելու համար: 2018 թվականին, երբ դուք Ժողովրդավարական բողոքի շարժման հետ հասաք իշխանության խաղաղ փոխանցման, մտածո՞ւմ էիք, որ երկու տարի անց պատերազմ է սկսվելու։
– Երբ ես ԱԺ պատգամավոր էի, գուցե դեռ 2016-ին կամ 17-ին, այն ժամանակ կանխատեսել էի, որ պատերազմն անխուսափելի է։ Ինչո՞ւ։ Քանի որ պատերազմը Ադրբեջանինն է, այն միշտ եղել է Ադրբեջանի նպատակը։ Ինչո՞ւ է պատերազմը եղել Ադրբեջանի նպատակը։ Որովհետև ղարաբաղյան խնդրի լուծման համար նա պատրաստ չէր փոխզիջումների։ Որովհետև փոխզիջումները նշանակում են, որ դու պետք է մի փոքր նահանջես քո առավելագույն նշաձողից:
Իսկ այն, որ Ադրբեջանը եղել և մնում է պատրաստ փոխադարձ զիջումների, լավագույնս ներկայացնում է Կազանյան գործընթացը։ 2011 թվականի Կազանյան գործընթացը, երբ սեղանին դրված էին փաստաթղթեր, որոնց համաձայն հայկական կողմը համաձայնել էր ադրբեջանական հինգ շրջան տալ՝ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ ստանալու դիմաց, որը հետագայում կկոնկրետացվեր հանրաքվեով կամ պլեբիսցիտով։ Եվ դա հայկական կողմից զգալի զիջում էր։ Այն Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության համար շատ անորոշություններ էր պարունակում։ Բայց հայկական կողմը դրան գնաց։ Փաստաթուղթը համաձայնեցված էր եւ պատրաստ, վերջին րոպեին Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այն։
Սա ընդամենը դրվագ չէ։ Դա մեթոդաբանություն էր, մի բան, որ ընդունելի կլիներ Հայաստանի և Ղարաբաղի համար՝ անմիջապես փոխզիջում անելու փորձի արդյունքում, երբ այն սկսում է անընդունելի դառնալ Ադրբեջանի համար։ Եվ Ադրբեջանը շարունակեց ավելի կոշտացնել իր դիրքորոշումը։ Դա միշտ էլ եղել է ադրբեջանական բանաձևը։ Ադրբեջանը միշտ պատրաստվում էր Ղարաբաղի խնդրի ռազմական լուծմանը։
Սակայն 2020 թվականի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին սադրանք տեղի ունեցավ։ Այդ սադրանքի արդյունքում Ադրբեջանը հասկացավ, որ իր զինված ուժերը ի վիճակի չեն լուծել Ղարաբաղի հարցը։ Հենց այդ պատճառով էլ նա ստիպված եղավ օգնության դիմել վարձկաններին ու ահաբեկիչներին։ Այնուհետև տեղի ունեցավ այն, որ օգոստոսից, ինչը նրանք անվանում էին իբր զորավարժություններ, իրականում սիրիական տարածքներից վարձկանների և ահաբեկիչների տեղափոխման գործընթաց էր։ Այդ մարդիկ տեղափոխվեցին Ադրբեջան։ Ադրբեջանում բազմաթիվ թուրքական ռազմական տեխնիկա տեղակայվեց։ Թուրք ռազմական մասնագետները նույնպես ուղարկվեցին Ադրբեջան։ Նրանք համատեղ հարձակում ձեռնարկեցին Լեռնային Ղարաբաղի վրա։
Ամբողջական հարցազրույցը՝ “No one tries to stop them”
İlk yorum yapan siz olun