Շուրջ մեկ ամիս է Արցախյան գոյամարտում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած տասնյակ նահատակների հոգեհանգստյան և թաղման արարողությունները նախագահել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը: Հանուն թիկունքի ամրության ու միաբանության` Սրբազան հայրը իր սրտառուչ քարոզներով, ոգևորիչ խոսքերով այս օրերին զորակցել և մխիթարել, սփոփել է սգակիր մեր ժողովրդին. մայրերին, հայրերին, քույրերին ու եղբայրներին, այրիացած հարսներին: Ցավոք, հուզումներով, ծանր ապրումներով և լարումներով պայմանավորված` նահատակաց հոգեհանգստյան ու թաղման վշտալի արարողությունները Սրբազան հոր մոտ իմունային համակարգի ընկճման պատճառ են դարձել:
Այսու տեղեկացնում ենք, որ Սրբազան հայրը ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով տեղափոխվել է Վանաձորի Բժշկական Կենտրոն, որտեղ և ախտորոշվել է բարձր ջերմությամբ ուղեկցվող թոքաբորբ և ապա հաստատվել է COVID 19 համավարակ` կորոնավիրուս: Այժմ Սրբազան հայրը գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ, բուժումները կտևեն 15-20 օր: Իսկ այդ ընթացքում թեմի քահանահայրերը հավուր պատշաճի կշարունակեն կատարել բոլոր ծիսական ու վարչական պարտականությունները:
Լոռեցի բարեպաշտ հավատացյալներ, Սրբազան հայրը հայցում է ձեր բոլորի ներողամտությունը այս ծանր և դժվարին օրերին ֆիզիկապես ձեր կողքին ներկա չգտնվելու համար և օրհնում ձեզ բոլորիդ` խնդրելով, որ ձեր աղոթքներում հիշեք նաև իրեն: Սրբազան հայրը հորդորում է նաև, որ շարունակեք անդադար աղոթել Հայոց Հզոր Բանակի հաղթանակի համար: Հաղթելու ենք !
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
https://www.facebook.com/gugaractem/photos/a.1649309791952798/2748288332054933/
İlk yorum yapan siz olun