İçeriğe geçmek için "Enter"a basın

ԼՂ խնդիրը չունի այլ լուծում, քան խաղաղ լուծումը. վարչապետի հարցազրույցը՝ «Ալ Ջազիրա»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվելե «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների մասին հարցին պատասխանելով՝ գործադիրի ղեկավարը ասել է․ «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում» Արցախի ճանաչման վերաբերյալ Փաշինյանը նշել է, որ այդպիսի օրակարգ նույնպես կա․ «Դա օրակարգի հարց է, և որոշում կկայացվի կամ չի կայացվի, կախված բազմաթիվ գործոններից»

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

Բերնարդ Սմիթ- Պարոն վարչապետ, շնորհակալություն «Ալ Ջազիրա»-ի հետ խոսելու համար։ Այժմ, այս փուլում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց հակամարտություն է ընթանում, ո՞րն է Ձեր նախընտրությունը՝ Ադրբեջանին աճող ռազմական հակազդեցություն, թե հրադադարի կոչ և բանակցություններ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կցանկանայի սկսել հարցի վերաբերյալ մի քանի հանգամանքներ պարզաբանելով, որովհետև ի մասնավորի Հայաստանը հանդես է գալիս որպես Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավոր։ Ադրբեջանը սանձազերծել է ուղիղ հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա, և Հայաստանը որոշակի պարտավորություններ ունի ապահովելու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, ու այս համատեքստում Ադրբեջանը սկսեց հարվածել Հայաստանի Հանրապետության բնակավայրերին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը։


Ադրբեջանի սեպտեմբերի 27-ի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա սկսվեց խաղաղ բնակավայրերի հրետակոծությունից, և սա փաստ է, որ պետք է ընդունել Ձեր հնչեցրած հարցին պատասխանելու համար: Երբ կա հարձակում բնակչության դեմ, առաջին խնդիրը նրանց ագրեսիայից պաշտպանելն է։ Դրանից հետո է միայն հնարավոր խոսել բանակցությունների մասին։ Այն իրավիճակում, երբ կա ագրեսիա, կարող եմ վստահաբար ասել, որ Արցախի ժողովուրդը չի նահանջելու դրան բախվելով։
Միևնույն ժամանակ, հարկ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի այլ լուծում, քան խաղաղ լուծումը և ագրեսիային դիմակայելը դե ֆակտո կապացուցի դա։

Բերնարդ Սմիթ- Երբ ասում եք՝ պետք է խաղաղ կարգավորում լինի, արդյոք դրանից առաջ ակնկալում եք, որ պետք է ռազմական ձեռքբերում ունենաք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինչպես ես արդեն ասացի, մեր նպատակը բնակչությանն ագրեսիայից պաշտպանելն է։ Եվ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի նպատակը ագրեսիայից ինքնապաշտպանվելն է։

Բերնարդ Սմիթ- Որքանո՞վ է հավանական, որ դուք Լեռնային Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք կազմեք։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը։ Այդ դաշինքը դե ֆակտո գոյություն ունի։ Մենք ասել ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ մենք պետք է ապագա զարգացումները հաշվի առնենք այս դրույթը մեր օրակարգում ունենալով։ Շատ կարևոր է արձանագրել, որ այս իրավիճակը տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական իրականություն է առաջացրել։ Ինչպես ասացի, մի քանի տարի ռազմատենչ հռետորաբանություն զարգացնելով, Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, և դա տեղի ունեցավ Թուրքիայի բացահայտ ռազմական աջակցությամբ։ Միջազգային մամուլում արդեն կան վկայություններ, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից հավաքագրվում են վարձկաններ ու տեղափոխվում են մեր տարածաշրջան, և մենք պետք է ուժեղացնենք մեր համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հետ՝ անվտանգության ոլորտում։

Բերնարդ Սմիթ- Պատրաստվո՞ւմ եք արդյոք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդպիսի օրակարգ նույնպես կա: Դա օրակարգի հարց է, և որոշում կկայացվի կամ չի կայացվի, կախված բազմաթիվ գործոններից:

Բերնարդ Սմիթ- Ձեր պատասխանում հիշատակեցիք, որ Թուրքիան հաստատակամորեն կանգնել է Ադրբեջանի կողքին: Բայց դուք իսկապես ապացույցներ ունե՞ք, որ Թուրքիան վարձկաններ է մատակարարում Ադրբեջանին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ մասին վկայությունները մի քանի օրվա ընթացքում և մեկը մյուսի հետևից լուսաբանվում են, այդ թվում՝ այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներում, ինչպիսիք են The Guardian-ը, Reuters-ը: Այդ վարձկանների հարազատներն իրենք են պատմում իրենց պատմությունները, նրանց ընտանիքի անդամներն են պատմություններ պատմում: Եվ կոնկրետ անձինք վկայել են, որ Թուրքիան հավաքագրում է այդ վարձկաններին և ուղարկում Ադրբեջան՝ մասնակցելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին։

Բերնարդ Սմիթ- Թույլ տվեք կրկնել այն, ինչ գրել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Քեյսը: Նա ասել է, որ, երբ սկսվել է հակամարտությունը, Հայաստանի և Ադրբեջանի աղքատ ժողովուրդները սկսել են վճարել Բաքվի և Երևանի անխոհեմ ղեկավարության համար: Նրանք չեն ցանկանում տեսնել հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը: Արդյոք սա ճի՞շտ է, ի՞նչ կարող եք անել, որպեսզի կանխեք դա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ըստ էության, ինչ կարող էր արվել, արվել է: Ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, ես բանաձև եմ դրել իմ քաղաքականության հիմքում` Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում: Ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և Հայաստանի ժողովրդի համար, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկել եմ այս բանաձևը, որպես հիմք` հակամարտության լուծման համար: Ցավոք, Ադրբեջանը սկսած 2000-ական թվականների կեսերից զարգացնում է հարցի կարգավորման ռազմական ճանապարհի փիլիսոփայությունն ու քաղաքականությունը և որևէ կերպ հրաժարվում է փոխզիջումներից: Բռնապետական իշխանությունը, որը հաստատված է Ադրբեջանում, հակված չէ գնալ փոխզիջումների, միայն ժողովրդավարական, ընտրված իշխանություններն են, որ կարող են փոխզիջումային տարբերակներ առաջարկել, ինչպիսին, որ իմ նշած բանաձևն է: Փոխարենը Ադրբեջանի նախագահ Ալիևն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը կարող է լինել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղի հիմնախնդիրը կվերադառնա 1988թ․ ստատուս քվոյին՝ խորհրդային միության ժամանակաշրջան, որտեղից այս ամենը սկսվել է։ Բայց հնարավոր չի լուծել հակամարտությունը վերադառնալով այնտեղ, որտեղ այն սկսվել է։

Բերնարդ Սմիթ- Ես գիտեմ, որ Դուք ռեֆլեքսիայի համար բավարար ժամանակ չեք ունեցել, քանի որ զբաղված եք եղել այս բազմազբաղ իրավիճակում, սակայն եթե ետ նայենք ու ասենք՝ արդյո՞ք կարող էիք ինչ-որ բան այլ կերպ անել, ինչը կկանխեր բռնության բռնկումն ու մարդկային կյանքերի կորուստը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դրա համար կար մեկ հնարավորություն, տրվել Ադրբեջանի շանտաժին ու սպառնալիքներին, ինչը չէր կարող ընդունելի լինել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Բերեմ մեկ օրինակ, վերադառնալով համաշխարհային պատմության հայտնի դրվագներին, օրինակ, ի՞նչ կարող էր անել ԱՄՆ կառավարությունը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից խուսափելու համար։ Սա կարող է չափազանցություն թվալ, բայց երկու ամիս առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպառնաց հարվածել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին։ Ի՞նչ պետք է արվի, որպիսի կանխվի նման սպառնալիքների հնչեցումը։

Բերնարդ Սմիթ- Լավ, երբ Դուք իշխանության եկաք թավշյա հեղափոխությունից հետո, մասնավորապես Ադրբեջանում մեծ հույսեր կային, որ Ձեր նախորդներից հետո դա կլինի քայլ դեպի խաղաղություն։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ այդ առումով։ Դուք չկարողացաք այդ սպասելիքները բավարարել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Ադրբեջանում շատ ավելի մեծ հույսեր կային։ Մենք հույս ունեինք, որ ժողովրդավարացման ալիքը կհասնի Ադրբեջան։ Այդ հույսերն իրականություն չդարձան, որովհետև Ադրբեջանի նախագահը շարունակաբար օգտագործում է Ղարաբաղի խնդիրը իր դիկտատորական կառավարումն արդարացնելու համար։ Երբ Հայաստանում թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, Ադրբեջանում հասարակությունում ավելի մեծ հույսեր արթնացան, որ նման հեղափոխություն կարող է տեղի ունենալ նաև Ադրբեջանում։ Բայց այդ հեղափոխությունը կանխելու ու դիկտատորական կառավարում իրականացնելու համար Ադրբեջանն ակտիվացրեց ռազմական հռետորաբանությունը, ինչը և բերեց այս իրավիճակին։

Բերնարդ Սմիթ- Եթե Դուք այս ընթացքում կապի մեջ եք եղել Վլադիմիր Պուտինի հետ, կարո՞ղ եք մեզ ներկայացնել այդ երկխոսությունների բնույթն ու բովանդակությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս ամբողջ ընթացքում ես հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ, երկու անգամ էլ` Վլադիմիր Պուտինի: Բայց ես կարծում եմ, որ ավելի շատ հեռախոսային զրույցներ կունենամ Ֆրանսիայի նախագահի հետ և այլ ղեկավարների, որպեսզի քննարկեմ ընթացիկ իրավիճակը և իրադարձությունների զարգացումը:

Բերնարդ Սմիթ- Բայց կարևորը Վլադիմիր Պուտինն է: Այն, ինչ նա մտածում և ասում է, Ձեզ համար առավել կարևոր է, այդպես չէ՞:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է: Ռուսաստանն ու Հայաստանն ունեն խորը համագործակցություն անվտանգության ոլորտում, ներառյալ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը: Կան գործող կոնկրետ համաձայնագրեր և, հնարավոր է, որ մեր երկխոսության օրակարգն այս առնչությամբ ավելի բազմազան է:

Բերնարդ Սմիթ- Դուք ցանկանո՞ւմ եք, որպեսզի Մոսկվան լինի չեզոք: Մենք գիտենք, որ Թուրքիան, Էրդողանը հայտնել են իրենց աջակցությունը Ադրբեջանին: Դուք կցանկանա՞ք Վլադիմիր Պուտինից նման օգնություն ձեր օգտին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանն առաջին հերթին համանախագահ երկիր է, և Մինսկի խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում և նպաստում է Ղարաբաղյան հարցի կարգավորմանը:

Բերնարդ Սմիթ- Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Բերնարդ Սմիթ- Նախագահ Ալիևն ասել է, որ Դուք սադրում եք նրան` սփյուռքի հայերին Լեռնային Ղարաբաղում բնակեցնելով: Նրան այլ ելք չեք թողնում: Նա հավաստում է, որ դա նրանց տարածքն է, և Դուք ոչինչ չեք արել խնդրի լուծման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, այդ պնդումներն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը սփյուռքահայերին բնակեցնում է ԼՂ-ում, անհիմն են երկու պատճառով: Առաջին հերթին, քանի որ Հայաստանի կառավարությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի տարածքային զարգացման հետ։ Երկրորդ` տարիներ շարունակ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ մարդիկ արտագաղթել են իրենց տներից: Նրանք բնակվում են աշխարհի տարբեր մասերում` Եվրոպայում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և ես չեմ բացառում, որ նրանցից ոմանք կարող են վերադառնալ և ապրել իրենց տներում: Անտրամաբանական է դա ներկայացնել, որպես անսովոր մի բան:

Բերնարդ Սմիթ- Ներեցեք, բայց նախագահ Ալիևը չի ասել «անսովոր», նա ասել է «սադրանք»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, եթե 15, 20 կամ 30 տարի առաջ որևէ մեկն արտագաղթել է և հիմա ցանկանում է վերադառնալ իր տուն, արդոք դա սադրա՞նք է: Ո՞րն է այստեղ սադրանքը, կարո՞ղ եք բացատրել ինձ:

Բերնարդ Սմիթ- Լավ, բայց կան նաև պատերազմական հանցագործությունների մեղադրանքներ, որոնք հայկական կողմի զինվորականներն իրականացրել են 1980-ականների վերջերին և 1990-ական թվականների սկզբում, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ գործերի կատալոգն է կազմել…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ, ոչ, ոչ: Դա անհեթեթություն է: Որտեղի՞ց այդ տեղեկությունները: Դա Ադրբեջանի քարոզչությունն է:

Բերնարդ Սմիթ- Այսպիսով, Դուք հավատացած եք, որ դա Ադրբեջանի քարոզչության գործիքներից մեկն է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – ՄԻԵԴ-ն ունի կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ որոշումներ` Ադրբեջանի դեմ: Եկեք դիտարկենք Ռամիլ Սաֆարովի հետ կապված դեպքը, որը հայ սպայի հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին: Հայ սպան Սաֆարովի կողմից սպանվեց կացնով` քնած ժամանակ: Ադրբեջանը երկար տարիներ իրականացնում է հակահայկական քարոզչություն, և այդ դեպքը դրա հետևանքներից մեկն է: Այն տեղի է ունեցել Հունգարիայում: Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման: Բանտում 8 տարի անցկացնելուց հետո Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ Ալիևը նրան ազատ արձակելու որոշում է ընդունել, և համազգային փառաբանության գործընթաց է սկսվել: Այս մեկ դրվագը նկարագրում է Ղարաբաղյան հակամարտության պատմությունը: Այսօրվա իրադարձությունների կոնտեքստը կարող է բացատրվել սրանով: Այսօր բազմաթիվ Ռամիլ Սաֆարովներ են հարձակվում իրենց տներում քնած խաղաղ մարդկանց վրա:

https://www.civilnet.am/news/2020/10/03/ԼՂ-խնդիրը-չունի-այլ-լուծում-քան-խաղաղ-լուծումը-և-ագրեսիային-դիմակայելը-դե-ֆակտո-կապացուցի-դա-վարչապետի-հարցազրույցը՝-«Ալ-Ջազիրա»-ին/398724

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın