İçeriğe geçmek için "Enter"a basın

Լիբանանի հայ համայնքից արտահոսք լինելու է․ պետք է պետական մակարդակով լրջորեն մտածեն այս հարցի շուրջ

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս, հասարակաբան և սփյուռքագետ Հրաչ Չիլինկիրյանը:

– Դեռևս 2017-ին դուք ասում էիք՝ Սփյուռքի մեծամասնությունը հետաքրքրված չէ Հայաստանով: Հիմա, երբ Հայաստանում արդեն երկու տարի է հեղափոխություն է տեղի ունեցել, որքանո՞վ է Սփյուռքում Հայաստանով հետաքրքրվողների շրջանակը մեծացել: Արդյոք այդ հետաքրքրության մեծացումը հանգեցրե՞լ է Սփյուռքից ՀՀ վերադառնալ ցանկացողների թվի ավելացմանը:

Հայաստանի անկախացումից հետո Սփյուռքը, ընդհանուր առմամբ, ակնկալում էր, որ հայրենիքը ժողովրդավար և բարգավաճ պիտի լինի, որ Հայաստանը կունենա արդարության և հավասարության նվազագույն չափանիշներ, թերևս իդեալիստական թվացող սպասումներ: Անկախության առաջին տարիները անցումային շրջան էին, և շատ բացթողումների հանդեպ Սփյուռքը որոշ չափով հասկացողություն ցուցաբերեց: Բայց հետագա տարիների զարգացումները բավական դյուրախաբ և անընդունելի էին: Փտածությունը, անարդարությունը և անհավասարությունը հասարակության համար քանդիչ երևույթներ դարձան: Այս պատկերի կամ շրջագծի մեջ էր, որ Սփյուռքը հետզհետե սկսեց չհետաքրքրվել Հայաստանով: Թավշյա հեղափոխությունը, անցյալի համեմատ, արմատական փոփոխություն բերեց, և Սփյուռքի համար Հայաստանի հետ նոր հանձնառություն ներշնչող շրջան սկսվեց:

Թավշյա հեղափոխությունը մեծ վերափոխման ենթարկեց Սփյուռքի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Սփյուռքի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ լրիվ փոխվեց, և այդ հեղափոխության օրերին Սփյուռքը զանգվածաբար հետևում էր զարգացող իրադարձություններին: Անգամ որդիս, որ այդ ժամանակ 10 տարեկան էր, դպրոցից գալիս ու հարցնում էր՝ պապ, ի՞նչ եղավ Հայաստանում: Այսինքն՝ լրիվ նոր շունչ ու նոր երանգ բերեց հեղափոխությունը: Դրանից հետո Հայաստանի հանդեպ շատ դրական կեցվածք առաջացավ և նոր հետաքրքրություն դեպի Հայաստանը: Անշուշտ, ամեն ինչ կատարյալ չէ Հայաստանում, բայց կարող եմ ասել, որ Սփյուռքի տեսանկյունից, Հայաստանի բոլոր խնդիրների առումով, ներկա վիճակը շատ ավելի նախընտրելի է, քան անցյալում էինք տեսնում: Այսինքն՝ պետք է արձանագրել, որ Սփյուռքի համար էլ «հեղափոխություն» տեղի ունեցավ, որպեսզի Սփյուռքի տարբեր կազմակերպություններ, անհատներ նոր տեսանկյունից նայեն Հայաստանին, վերահաստատեն իրենց շփումները Հայաստանի հետ և, ինչու ոչ, նոր կամուրջներ ստեղծեն ՀՀ-ի հետ: Մանավանդ որ երիտասարդ սերունդը այսօր շատ ավելի հետաքրքրված է Հայաստանով, որովհետև այդ հեղափոխությունը, այդ փոփոխությունը իրենց սրտին մոտ է:

– Նոր իշխանությունը մտածում է հայրենադարձության մասին օրենք մշակելու շուրջ և այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում: Մասնավորապես, արտոնություններ կսահմանի ՀՀ ներգաղթողների համար՝ հիփոթեքային վարկի, աշխատանքով ապահովելու հետ կապված: Ձեր կարծիքով՝ կա՞ նման օրենքի անհրաժեշտություն, և կարո՞ղ է այն գայթակղել մեծ թվով մարդկանց տեղափոխվելու Հայաստան:

– Այստեղ մի քանի հարցեր կան: Նախ՝ սփյուռքահայը արդեն իրավունք և հնարավորություն ունի ՀՀ-ի քաղաքացիություն ստանալու, որը մեծ նվեր է սփյուռքահայերի համար: Սա արդեն հնարավորություն կտա սփյուռքահային օգտվելու բոլոր օրենքներից և պաշտպանվելու ինչպես յուրաքանչյուր ՀՀ-ի քաղաքացի: Այլ հարց է, որ ինչպես պետք է օգնել կամ աջակցություն ցուցաբերել այն սփյուռքահայերին, որոնք գաղթական են կամ գալիս են այնպիսի երկիրներից, որտեղ ահռելի տնտեսական անկում կա, կամ մնայուն քաղաքական մաշեցնող խնդիրներ: Այս գործոնը նյութական օժանդակության հարց է, օրինակ, վարկերի տրամադրում և այլն: Իհարկե, դա լավ է, որ նման հնարավորություններ լինեն, բայց, ըստ իս, դա խնդիրը լրիվ չի լուծի՝ եթե նկատի ունենանք այսօրվա Միջին Արևելքի կացությունը: Բանն այն է, որ այսօր ընդհանրապես Միջին Արևելքից գաղթում է միջին դասակարգը, այսինքն` նույնիսկ տեղափոխվելու համար որոշ գումար է պետք՝ օդանավի տոմսեր, ճամփորդության ծախսեր և այլն:

Այսինքն` այնպես չէ, որ օրենք ընդունելով՝ սփյուռքահայը միանգամից կարող է գալ ու հաստատվել Հայաստանում: Օրինակ՝ այսօր ահռելի աղքատություն կա Լիբանանում, և ժողովուրդը անգամ, կարող եմ ասել, սովամահ լինելու վտանգի առջև է կանգնած: Հիմա, եթե Լիբանանում հայկական ընտանիքներ կան, որոնք ուզում են Հայաստան գալ, ինչպե՞ս պետք է գան: Մարդը երեխաների հաց գնելու փող չունի, որտեղի՞ց փող հայթայթի ընտանիքով Հայաստան տեղափոխվելու համար:

– Դա, ըստ էության, Հայաստանի պետությունը պետք է հոգա՞:

– Կամ պետությունը, կամ ուրիշ ձևերով, օրինակ, միջազգային կազմակերպություններ, կամ միջպետական նյութական ներդրումներով: Ասածս այն է, որ ներգաղթի տարբեր տեսակներ կան: Հայրենադարձությունը մի բան է, գաղթականությունն ուրիշ բան է: Կարող է մեկը Ֆրանսիայում կամ Ամերիկայում շատ լավ պայմաններ ունենա և որոշի, որ փոխադրվում է Հայաստան: Սա հայրենադարձություն է: Կամ, ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946-1949 թվականներին, հայրենադարձություն կազմակերպվեց Սովետական Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ: Այդ ժամանակ մարդիկ ստիպված չէին, փողոցներում չէին մնացել, իրենց կյանքն ունեին, բայց որոշեցին Հայաստան վերադառնալ: Այսինքն` հայրենադարձությունը մի թեմա է, իսկ գաղթականներին Հայաստանում տեղավորելը լրիվ այլ խնդիր է: Օրինակ՝ եթե ուզենանք Լիբանանից 5 հազար հայ ընտանիք փոխադրել Հայաստան, ենթադրում եմ, որ եթե ամեն մի ընտանիքի համար 20 հազար դոլար հաշվես, ապա 100 մլն դոլարի կարիք կլինի: Սփյուռքն ի վիճակի չէ նման գումարներ տալու, բոլորս դրամահավաքների ժամանակ տեսնում ենք, որ եթե 10 մլն դոլար հավաքվում է, դա մեծ գումար է համարվում: Ես չեմ կարծում, որ այսօր Հայաստանն այդ նյութական պայմաններն ունի, որ նման բարդ խնդիր լուծի Սփյուռքի համար: Օրինակ՝ ըստ մեր ուսումնասիրությունների՝ առաջիկա 5 տարիների ընթացքում Լիբանանի հայության գրեթե 60 տոկոսը մտադիր է Լիբանանից հեռանալ:

Հիմա արդեն Լիբանանի հայ համայնքը շատ է նոսրացել, մոտ 40 հազարն է մնացել, և համայնքից, վստահաբար, դեռ արտահոսք լինելու է: Ասեմ, որ շատերը մտածում են հենց Հայաստան գնալու մասին, որովհետև վիզայի խնդիր չունեն, այլ դյուրություններ կան: Այսօր եթե Հայաստանում պետական մակարդակով լրջորեն մտածեն այս հարցի շուրջ, կարևոր գործոններից մեկը բնակարանների հարցն է: Կարող են, ասենք, 5 հազար ընտանիքի համար շենքեր կառուցեն, թեկուզ ոչ Երևանում, և ասեն՝ դուք այստեղ կարող էք մեկ տարի անվճար կամ քիչ վարձով մնալ: Այսինքն՝ պետք է մոդելներ գտնել, որ այս մարդիկ կարողանան իրենց կյանքը վերականգնել Հայաստանում: Այստեղ պետք է հաշվի առնել նաև, որ եթե դու 5 հազար ընտանիքի համար բնակարաններ ես կառուցում, այդտեղ քանի հազար մարդ կարող է աշխատել, և սա էլ ներդրման ձև է: Նաև տարիների ընթացքում այդ հազար ընտանիքը Հայաստանի բնակչության դրական աճին կնպաստի: Եթե Հայաստանն իր առջև նպատակ դնի, որ 100 մլն դոլարի ներդրում է հարկավոր այս ծրագրի համար, որպես 3-5 տարիների պետական ծրագիր, բնականաբար, այդ գումարը տնտեսության մեջ շրջանառվելու է, աշխատատեղեր են ստեղծվելու: Բացի դրանից՝ այդ 5 հազար ընտանիքը, որ տեղափոխվելու է Հայաստան, իրենք իրենց հերթին աշխատելու են, ինչը ևս աշխուժացնելու է տնտեսությունը: Ասելիքս այն է, որ մենք պետք է ծրագրված մոտեցում ունենանք և համոզվենք, որ փոքր գումարներով կամ համայնքային նվիրատվություններով հնարավոր չէ նման ծրագիր իրագործել: Բացի դրանից՝ մենք անընդհատ պետք է երկխոսության մեջ լինենք ու զգանք այն մարդկանց զարկերակը, որոնց օգնում ենք: Այսօր որևէ մեկը լրջորեն հարցրե՞լ է իրաքահայերին կամ սիրիահայերին, կամ լիբանանահայերին, թե ինչ կարիքներ նրանք ունեն: Շատերն ասում են՝ մեզ աշխատանք տվեք, մնացածը մենք կանենք: Բայց մյուս կողմից Հայաստանի հասարակությունն էլ աղքատություն մեջ է, աշխատանքի խնդիր ունի, և դրանով հարցը բարդանում է, քանի որ Հայաստանում էլ մարդիկ կան, որոնք այն վիճակում են, ինչպիսին Լիբանանում ապրողների վիճակն է: Եվս մի հարց կա. եթե Հայաստանն օգնի, որ սփյուռքահայերը Հայաստան տեղափոխվեն և նրանց աջակցի, Հայաստանի հասարակությունն էլ կարող է ասել՝ բա մեզ ինչո՞ւ չեք օգնում, մենք էլ կարիքներ ունենք: Այնպես որ, ամեն ինչ մտածված և երկարաժամկետ հայացքով պետք է լինի:

– Հայաստանում մեկնարկել է «Ի գործ» ծրագիրը և արդեն նշվում է, որ 100 սփյուռքահայ մասնագետներ աշխատանքի կանցնեն պետական կառավարման համակարգում: Ծրագրի համաձայն՝ հրավիրող կողմը կհոգա ճանապարհի ու կեցության ծախսերը: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս ծրագրի վերաբերյալ:

– Ես կարծում եմ, որ սքանչելի ծրագիր է Սփյուռքի հետ կամուրջն ամրապնդելու համար, որ սփյուռքահայերը գան Հայաստան, մոտիկից ամեն ինչ տեսնեն, աշխատեն, ապրեն այստեղ ու իրենց գիտելիքները, փորձը բերեն Հայաստան: Սա լավ առիթ է, որ Հայաստանի պետական համակարգն օգտվի նման հնարավորություններից: Վստահաբար, այդ 100-ից ոմանք կորոշեն մշտական մնալ, հաստատվել Հայաստանում: Կորոնավիրուսի համաճարակից հետո, ես կարծում եմ, որ, քանի որ Հայաստանը փոքր երկիր է և որոշ սահմանափակումներ ունի, այս համաճարակից հետո կարող է շատ գրավիչ երկիր լինել շատերի համար: Արևմտյան երկրներում մտահոգություններ կան, որ կյանքը դեռևս իր նախկին իրավիճակին չի վերադառնալու, գործազրկություն կա, տնտեսական ահռելի անկում կա, և հնարավոր է տարիներ պետք լինեն այդ երկրներին ոտքի կանգնելու համար: Հետևաբար՝ ես կարծում եմ, որ սփյուռքահայերի համար Հայաստանը կարող է հրապուրիչ լինել։ Հատկապես մարդիկ, որոնք որոշ նյութական կարողություններ ունեն դրսում, կարող են աշխատանքներ ստեղծել և շատ լավ ապրել Հայաստանում: Այսինքն՝ համաճարակից հետո պատկերը կարող է փոխվել:


https://www.1in.am/2800266.html

 

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın