-Սիբի՛լ, արդեն բավականին ժամանակ է` նոր երգով, տեսահոլովակով հանդես չեք եկել։ Ինչո՞վ եք զբաղված այս շրջանում։
– Իրականության մեջ ակտիվ չեմ, քանի որ իմ վերջին տեսահոլովակը Ավստրալիայում ապրող դաշնակահար, երաժիշտ Արայի հետ համագործակցությունն էր: «Անաստասիա» մուլտֆիլմի իմ ամենասիրված ստեղծագործության « Once Upon a December» -ի cover տարբերակը թողարկեցինք դեկտեմբեր ամսին: Ունեի նաեւ ուրիշ նոր երկու աշխատանքներ, բայց համաճարակի պատճառով հետաձգվել են:
– Դուք մշտապես համագործակցում եք հայ երգիչների հետ, հե՞շտ է նրանց հետ աշխատելը։ Նոր համագործակցություն սպասվո՞ւմ է:
-Մոտ օրերս հանդես կգամ նոր անակնկալով, բայց հիմա դեռ չեմ ուզում բացահայտել, քանի որ աշխատանքային գործընթացների մեջ ենք: Պետք է մի քիչ համբերատար լինել, մինչեւ իսկապես աշխարհի այս խառն ու ողբերգական իրավիճակը կարգավորվի: Ես շատ եմ սիրում զուգերգեր կատարել իմ սիրած ու հավանած երաժիշտների հետ, ապա միշտ պատրաստ եմ համագործակցելու: Անշուշտ, երգարվեստում համագործակցածս երաժիշտների որակը շատ կարեւոր է, բայց ամենակարեւորը համեստ ու լավ մարդ լինելն է: Այն մարդկանց հետ, որոնց հետ պատրաստվում եմ աշխատել, առաջին հերթին նայում եմ` լավ ու համեստ մարդ լինեն: Եթե այդպիսին չեն, ապա բնավ հաճելի չէ ինձ համար ժամանակ անցկացնել ու աշխատել նրանց հետ…. Մինչեւ հիմա շատ հանգիստ սրտով կարող եմ ասել, որ բոլորն ինձ համար նախ լավ ընկերներ են, հետո նոր աշխատանքային ընկերությունն է: Այդ դրական էներգիան շատ կարեւոր է: Անհամեստ մարդու հետ իսկապես հաճելի չէ ինձ: Նոր համագործակցություններ պետք է լինեն, որոնց անհամբեր սպասում եմ :
-Հայաստանյան Ձեր այցերի ընթացքում նշել եք, թե կցանկանայիք Հայաստանն ավելի լավ բացահայտել: Հաջողվու՞մ է բացահայտել:
– 10 տարուց ի վեր հաճախ այցելում եմ Հայաստան: Այս այցելություններիս 90 տոկոսը եղել է աշխատանքի բերումով: Այս պատճառով վստահ եմ, որ բացահայտելու դեռ շատ բաներ կունենամ: Հուսամ` առիթներ կունենամ հայրենիքի ամեն մի վայր այցելել: Որքան որ տեսնում եմ, չեմ հագենում: Եվ գիտեմ, դեռ շատ տեսնելու վայրեր կան:
-Ո՞րն է Ձեր սիրելի վայրը հայրենի հողում։
-Դիլիջան, Սեւան, Նորավանք, Գառնի, Գյումրի….շատ-շատ տեղեր կան. իսկապես մեկ վայրի մասին խոսելը դժվար է: Ամեն անգամ նույն հաճույքով շրջում եմ ու էլի չեմ հագենում: Ամենասիրածս տեսարաններից մեկն ալ Արարատն է. այն մարդկանց հիացնող երեւույթ է:
-Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին մտածե՞լ եք:
-Այս միտքը բնավ հեռու չէ ինձ համար: Մասնավորապես վերջին շրջաններում ավելի շատ եմ սկսել մտածել այդ մասին: Ես ինձ շատ հանգիստ ու ուրախ կզգամ Հայաստանում: Միշտ ասում եմ` ես երկու տուն ունեմ: Մեկը, որտեղ ծնվել ու մեծացել եմ` Կ. Պոլիսն է, իսկ մյուսը ինձ ընդունող հայրենիքն է եւ, անշուշտ, Հայաստանի ժողովուրդը: Աշխարհի վրա ուր որ գնամ, օտար եմ ինձ զգում, բայց ոչ Հայաստանում: Հույսով եմ , որ մի օր կունենամ իմ անձնական բնակարանը:
-Սիբի՛լ, բազմիցս նշել եք, որ Ստամբուլում բազմաթիվ խնդիրների եք հանդիպել, բայց, այնուամենայնիվ, Թուրքիայում Ձեզ ընդունում եւ սիրում են։ Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել։ Ինչպե՞ս եք կարողացել հաղթահարել դրանք։
-Խնդիրներ միշտ են լինելու: Ես արդեն պատրաստ էի առաջին օրերին դժվարությունները հաղթահարել, բայց ես բախտավոր էի, որ առաջին ալբոմս թողարկելուց հետո իմ ձայնիս շատ լսելի դարձավ, անձիս մասին շատ լավ ու գնահատելի հոդվածներ գրողների, լրագրողների ու ինձ իրենց հաղորդումներին հրավիրող հաղորդավորների կողմից…Բոլորն ասացին, որ պատրաստ են ամենամեծ սիրով ինձ օգնել: Իմ նպատակը Թուրքիայում թուրք երգիչների նման պոպուլյար լինելը չէր, այլ այս հողերի վրա դարեր ի վեր ապրող ու գոյություն ունեցող ժողովրդի մայրենի լեզուն ներկայացնելը: Գովեցին իմ այս նպատակը, բայց, անշուշտ, եղան պատասխան դեպքեր: Հաղորդումներում բողոքողներ են եղել, թե ինչու են հայ երգչուհի հրավիրում: Բայց ես միշտ կնախընտրեմ բաժակի լեցուն կողմը տեսնել: Եթե ուզենք խնդիրների մասին խոսել, ապա ոչ մի բան դյուրությամբ չեն եղել: Անքուն գիշերներ անցկացրած ժամանակներ են եղել: Բայց ես միշտ երախտապարտ պետք է լինեմ կյանքին երազանքներս իրագործելու համար, եւ դեռ շատ-շատ գործեր ունեմ անելու: Կարեւորը ողջ ու առողջ լինենք, կարեւոր առիթներ լինեն, ու անցնեմ ճանապարհներս, բայց փշոտ չլինեն, որպեսզի ես կարողանամ հասնել նպատակներիս:
-Ընդհանրապես երգարվեստում ճանապարհ հարթելն այնքան էլ դյուրին գործ չէ։ Ի՞նչն է Ձեզ ամուր պահում եւ հող նախապատրաստում ավելի ու ավելի ոտքերի վրա ամուր կանգնելուն։
– Բնավ դյուրին չէ, մասնավանդ, որ հայ եք ու ծնվել եք Թուրքիայում: Արդեն դա նշանակում է, որ քաղաքական խնդիրների մեջ եք: Թուրքիայում դեռ շատերն, իբրեւ հայհոյանք, օգտագործում են հայ բառը: Մանուկ հասակից լուռ լինելու, զուսպ լինելու, իր մայրենի լեզուն փողոցներում բարձրաձայն չխոսելու ճնշումով մեծացող մեկի համար անշուշտ դժվար է: Մարդիկ ասում են, որ ես շատ փխրուն եմ երեւում….Այո շատ զգայուն եմ, հեշտ է ինձ նեղացնելը, բայց միեւնույն ժամանակ նաեւ շատ ուժեղ եմ: Առյուծի նման ուժեղ եմ ու արած որոշումներիս մեջ միշտ հետեւում կանգնող եմ: «Մենակ հոս ենք, մենք ունինք մայրենի լեզու, մենք ունինք մշակույթ, մենք կանք մեզ ի ալ տեսեք, ասել ուզեցի իմ աշխատանքով…»: Ուզեցի, որ թիվիներով եւ ռադիոներով հայերեն երգն էլ հնչի, ինչպես հնչում է անգլերեն, ֆրանսերեն կամ այլ լեզուները: Երբ այս ճանապարհին քայլ նետելու որոշում կայացրեցի, շատ աղոթեցի Աստծուն, որ դիմանամ, միայն լավ ու բարի մարդկանց հանդիպեմ: Չար մարդիկ հեռու մնան ինձանից…Փառք Աստծո, կարող եմ ասել, որ այդպես էլ եղավ: Հուսամ` կյանքիս մինչեւ վերջն ալ այդպես կլինի:
-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք` «Եթե նույնիսկ թուրքական հեռուստաալիքներում ինձ տեղ չտան, պիտի համացանցով տարածեմ երգերս»։ Արդյոք եղե՞լ է նման մտավախություն։
-Եթե աշխատանք ենք անում, ապա փափագում ենք, որ հանրության կողմից հասանելի դառնա եւ ավելի շատ լսվի: Կուզեմ առանձնացնել իմ «Նամակ» տեսահոլովակը, որն արժանացավ Թուրքիայում առաջին հայալեզու տեսահոլովակը լինելու պատվին, քանի որ շատ թուրքական ալիքներ թույլ տվեցին այն: Պետական հեռուստացույցների ու գրեթե բոլոր ալիքներով ինձ հետ հարցազրույցներ ու տեսահոլովակս ցույց տվեցին: Թեեւ մյուս տեսահոլովակներիս մասին նույնն ասել չեմ կարող, բայց պետք է հիշեցնեմ, որ երգերս երաժշտության քննադատների կողմից առաջին տասնյակում էին «Քեզ եմ երգելու» տեսահոլովակս հայտնի թուրք երգիչների երգերի մեջ արժանացավ «5 աստղի», երբ հեռուստացույցի ալիքներին հանձնեմ տեսահոլովակս, անպայման պետք է երգի խոսքերը թուրքերեն թարգմանեմ: Ինչպես նշեցի, արդեն նման դժվարությունների պատրաստ էի եւ գիտեի, որ հեշտ չի լինելու, բայց այն, ինչ որ եղավ, շատ մեծ ուրախությամբ ընդունեցի: Պետական հեռուստաալիքով մի քանի անգամ կենդանի կատարումներ ունեցել եմ եւ միայն հայկական երգերով: Սա ինձ եւ շատ հայերի համար հրաշքի նման երեւույթ էր:
-Ովքե՞ր կամ ի՞նչը կարող են Ձեզ կոտրել։
-Երեսիս ժպտացող ու հետո հետեւիցս խոսողները, անկեղծ թվացող, բայց ապերախտ մարդիկ: Ես սիրում եմ մարդուն` որպես մարդ: Երբ նկատեմ, թե արժեք տված անձն իսկական չէ, կեղծ է, կդավաճանի ինձ, շատ կկոտրվեմ:
-Ի՞նչը կարող է Ձեզ վախեցնել։
-Ամենից շատ վախենում եմ երկու բանից: Առաջինը` սիրածս մարդկանց կորցնելուց, ընկերներիս, հարազատներիս, որ հնարավոր է մինչեւ կյանքիս վերջ չտեսնեմ, իսկ երկրորդը` սխալ հասկացությունների առիթ տալն է:
-Ի՞նչ անկատար մնացած երազանքներ ունեք։
-Ամենից շատ երազում էի Շառլ Ազնավուրի հետ ծանոթանալ, բայց, դժբախտաբար, չկարողացա իրականացնել իմ երազանքը: Ունեմ շատ երազներ ու փափագներ , որ դեռ հույս ունեմ կիրականացնեմ…
-Սիբի՛լ, կցանկանայի խոսել նաեւ համաշխարհային տարածում գտած համավարակի մասին։ Ձեր կարծիքով ինչպե՞ս եւ ե՞րբ կհաղթահարենք այս վիրուսը։ Ո՞րն է Ձեր բանաձեւը։
-Երանի կարողանայինք իմանալ, թե երբ կավարտվի այս վիրուսը: Արդեն 4 ամիս է, որ այս համաճարակը բոլորիս կյանքը փոխել է: Միայն ամենակարճ ժամանակի մեջ կմաղթեմ, որ բոլորս վտանգից հեռու լինենք: Հիմա միայն սկսեցինք ավելի շատ գնահատել 4 ամիս առաջվա մեր կյանքը: Առաջին ամիսներն ավելի սթրեսի մեջ էինք, իսկ հիմա քիչ, թե շատ սովորել ենք պաշտպանվել: Պետք է դիմակ կրենք, ձեռքերներս միշտ մաքուր պահենք եւ, իհարկե, մարդաշատ վայրերից հեռու մնանք:
-Հայաստանից հեռու գտնվելով` հետեւո՞ւմ եք արդյոք Հայաստանում կատարվող քաղաքական իրադարձություններին։ Ի՞նչ տպավորություն ունեք։
-Համացանցի եւ արբանյակի միջոցով հետեւում եմ, գրեթե ամեն օր համաճարակի մասին լուրերին, ծանոթանում իրավիճակին, բայց հնարավոր չէ Հայաստանի քաղաքացիների նման մանրամասնորեն տեղյակ լինեմ երկրի ներքին գործերին: Իսկ քաղաքական իրադարձությունների մասին, միայն կասեմ, որ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, ամբողջ աշխարհի հայերին որքան ուժեղ, որքան համերաշխ, որքան խաղաղ ու պաշտպանված լինեն, մենք այնքան ուրախ կլինենք, քանի որ հայրենիքը մեր աչքի լույսն է:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը
https://armlur.am/1016096/?fbclid=IwAR1aHiJDLBXhwiTSnQKgFOYMEOpFPGEY_Jbz18AA5ZmnbiwXDQtLmCV2rhA
İlk yorum yapan siz olun