Հարցազրույց պոլսահայ երգչուհի Սիբիլի հետ
– Սիբիլ, շաբաթներ առաջ Ստամբուլում քաղաքացին փորձել էր այրել հայկական եկեղեցու դուռը՝ պատճառաբանելով, թե կորոնավիրուսը հայերն են բերել։ Օրեր առաջ եւս մեկ դեպք գրանցվեց, երբ անհայտ անձը վայրագորեն պոկել էր Ստամբուլի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը։ Հիմա ինչպե՞ս է իրավիճակը Թուրքիայում, եւ ի՞նչ վերաբերմունք կա հայերի նկատմամբ։
– Ժամանակ առ ժամանակ կգտնվեն այսպիսի չար հոգիներ, որ կփորձեն անհանգստացնել բոլորիս։ Սա առաջին դեպքը չէր եւ, ցավոք սրտի, վերջինն էլ չէ։ Այն, որ կորոնավիրուսը հայերն են տարածել, այդ «պատճառաբանությունն» իսկապես ծիծաղելի է, աշխարհում ինչ վատ բան լինի, միանգամից վերագրում են հայերին, կան այդպիսի «խելքից» հիվանդ մարդիկ, որոնցից մեկը վերջերս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը պոկեց։ Ի դեպ, այս դեպքից մի քանի օր հետո «Հրանտ Դինք» հիմնադրամին եւ անձամբ Ռաքել Դինքին մահվան սպառնալիքով նամակներ ուղարկեցին։ Այս կորոնավիրուսի հողի վրա ազգայնական տրամադրություններն ինչ-որ չափով սրվել են։ Իհարկե, պետությունը շուտով ձերբակալեց այս դեպքերի հեղինակներին, նրանք հիմա բանտում են, բայց թե ինչ պատիժ պիտի կրեն՝ տեղյակ չենք։ Այս բոլորը մեզ, անշուշտ, անհանգստացնում է։ Միայն պետք է ի սրտե մաղթեմ, որ չար մարդկանց ձեռքը ոչ մի ձեւ չհասնի մեզ բոլորիս։
– Ի՞նչ արգելքներ եւ տուգանքներ է կիրառում թուրքական կառավարությունը կորոնավիրուսի համաճարակը կանխելու համար։
– Վերջին 3 ամսվա ընթացքում մենք՝ բոլորս, աշխատեցինք ուշադիր ապրել։ 20 տարեկանից փոքր եւ 65 տարեկանից բարձր քաղաքացիները տնից դուրս գալու արտոնություն չունեին։ Խանութների մեծամասնությունը փակ էր։ Փոխադրամիջոցների միայն 50 տոկոսը պետք է ծանրաբեռնված լիներ, սուպերմարկետներն առանց դիմակի մարդկանց չէին ընդունում։ Պետությունը բոլոր հանգստյան եւ տոնական օրերին ժողովրդին արգելեց տնից դուրս գալ։ Այս ճանապարհով հիվանդների ու վարակվածների թիվը բավականին քչացավ։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում, միայն կիրակի օրերին եւ միայն 65-ից բարձր մարդկանց արտոնություն տրվեց տնից դուրս գալ, իսկ երիտասարդների համար հատուկ օրեր ընտրվեցին, բայց ժամի սահմանափակումներով։ Այս օրենքները խախտողները բարձր տուգանքների ենթարկվեցին։ Բայց հունիսի 1-ից սկսած՝ ամեն ինչ վերադարձավ իր նախկին հունին՝ սրճարանները, առեւտրի կենտրոնները բացվեցին, բայց առանց դիմակի մարդ փողոցներում դարձյալ շատ քիչ կտեսնեք, եւ խանութների վրա էլ գրված է, որ առանց դիմակի չեք կարող ներս մտնել։
– Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում առաջ է անցել Իրանից, բայց այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։ Ի՞նչ եք կարծում, ինչի՞ շնորհիվ կարողացան կայունացնել իրավիճակը։
– Թուրքիան, թեպետ, կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհի առաջին տասնյակում է, բայց 3 ամսվա ընթացքում կարողացավ իրավիճակը կայունացնել, կարելի է ասել, որ կյանքն այս 3 ամիսների ընթացքում կանգնեց․ մարդիկ սկսեցին տնից աշխատել եւ գրասենյակներ չգնալ, փակվեցին խանութները, ռեստորաններն ու սրճարանները, պետական եւ կրոնական տոներին փողոց դուրս գալն արգելվեց, աղոթատեղիները եւս փակվեցին։ Այս ամենն իր ազդեցությունն ունեցավ վիրուսի տարածման ու կանխարգելման գործում… Բայց, ինչպես նշեցի, հունիսի 1-ից ամեն ինչ բացեցին, եւ միայն 15-20 օր հետո կհասկանանք, թե ինչ արդյունքներ գրանցեցին այդ սահմանափակումները հանելով։
– Կորոնավիրուսն ի՞նչ սահմանափակումների առաջ է կանգնեցրել անձամբ Ձեզ՝ որպես երգչուհու։
– Ինչպես բոլորի, այնպես էլ իմ դեպքում բոլոր ծրագրերը չեղարկվեցին։ Մարտին պետք է Հայաստան գայի, ունեի նոր աշխատանքներ, բայց ստիպված եղա տոմսս չեղարկել։ Ունեմ նաեւ համերգային ծրագրեր, բայց չգիտեմ՝ արդյոք կիրականանա՞ն, թե՞ ոչ։ Հիմա այնպիսի ժամանակ է, որ ոչ մեկը չի կարող ծրագրեր կազմել։ Կարծում եմ՝ մեզ բոլորիս էլի ժամանակ է պետք, բայց կարեւորը՝ առողջ լինենք։
İlk yorum yapan siz olun