Հովհաննես Քաջազնունու միակ ժառանգորդուհին լինելն ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է։ Ասում է Առաջին Հանրապետության առաջին վարչապետի միակ ծոռնուհին՝ 62-ամյա Քսենյա Օռլովան։ Չափազանց բարեկիրթ և համեստ ֆրանսերենի մասնագետը, որը ծնվել և ապրել է Մոսկվայում, քաջատեղյակ է Հայաստանի առաջին Հանրապետության պատմությանը, իր նախապապի՝ Քաջազնունու կյանքի հայտնի և անհայտ էջերին, նրա դավանած արժեքներին։ NEWS.am–ին տված բացառիկ հարցազրույցում Քսենյա Օռլովան առաջին անգամ պատմում է իր պապի՝ Կարեն Քաջազնունու՝ ընտանիքից հեռանալու պատճառների, Հայաստան կատարած իր վերջին այցի, Քաջազնունի ազգանունը կրելու ցանկության և այլ ուշագրավ դրվագների մասին։
Տիկին Օռլովա, մի փոքր պատմեք Ձեր և Ձեր ընտանիքի մասին. ի՞նչ ճանապարհ եք անցել, ինչո՞վ եք զբաղվում։
Ծնվել եմ Մոսկվայում, ֆրանսերենի մասնագետ եմ, երկար տարիներ աշխատել եմ ֆրանսիական տարբեր ընկերություններում, իսկ արդեն մեկ տարի է` թոշակի եմ անցնել: Ունեմ երկու որդի. ավագ որդիս՝ Բորիսը, 34 տարեկան է, մասնագիտությամբ ճարտարապետ–նախագծող, իսկ կրտսեր որդիս՝ Պյոտրը, աշխատում է գովազդի և մարքեթինգի ոլորտում։ Ավագ որդիս Հովհաննես Քաջազնունու նախագծով Բաքվում կառուցված, սակայն 1930–ականներին բարբարոսաբար ոչնչացված Հայ առաքելական Սուրբ Բարդուղիմեոս և սուրբ Թադեոսի տաճարի 3D մոդելավորման հեղինակն է։ Քաջազնունու դուստրը՝ Մարգարիտան, պահպանել էր տաճարի գծագրերը, որոնք ավելի քան 100 տարի անց հայտնվեցին որդուս մոտ և նա զբաղվեց նախագծի թվայնացմամբ և 3D մոդելի ստեղծմամբ: Ցավոք, նույն վայրում եկեղեցու վերականգնումը անհնար է, սակայն հույս ունենք՝ մի օր Հայաստանում այդ եկեղեցին կկառուցվի իր նախնական տեսքով:
Ձեր պապի՝ Կարեն Քաջազնունու մասին քիչ տեղեկություններ են հայտնի հայ հանրությանը. կպատմե՞ք նրա մասին։
Կարեն պապս Հովհաննես Քաջազնունու կրտսեր զավակն էր։ Նա ծնվել է 1906թ. փետրվարին՝ Բաքվում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ և անցել է իր մանկությունն ու պատանեկությունը։ Ի տարբերություն իր ավագ քույրերի և եղբայրների, Կարենն ուսում է ստացել տանը. նրա կրթությամբ սկզբում զբաղվել են մայրն ու մորաքույրը, հետո նա շարունակել է սովորել ինքնուրույն։ 1917թ. հեղափոխության ժամանակ, երբ Կարենն ընդամենը 11 տարեկան էր, սկսում է մասնակցել է ցույցերին և հրապուրվել կոմունիստական գաղափարներով. այդպես էլ նա իր ողջ կյանքում համոզված կոմունիստ մնաց։ 1925թ. ընտանիքը տեղափոխվեց Երևան։ Այնպես է ստացվել, որ Կարենը գրեթե առանց հոր է մեծացել, հավանաբար այդ է պատճառը, որ հայրն, ըստ էության, ազդեցություն չի ունեցել նրա հայացքների ու համոզմունքների ձևավորման հարցում։ Երբ Հովհաննես Քաջազնունին արտերկրից վերադարձավ և հրատարակեց իր՝ «Դաշնակցությունը անելիք չունի այլևս» գիրքը, Կարենը դրա վերաբերյալ քննադատական հոդված գրեց և հեռացավ տնից։ Այդ օրվանից նա սկսեց ինքնուրույն կյանք վարել, դարձավ Կոմսոմոլի անդամ, սկսեց հետաքրքրվել կինոմատոգրաֆիայով։ 1930թ. հանգստի ընթացքում պապիկս ծանոթացավ տատիկիս՝ կապուտաչյա ռուս գեղեցկուհու հետ. նրանք ամուսնացան և մեկ տարի անց ծնվեց հայրս՝ Վալերին։ Կարեն Քաջազնունին աշխատել է «ՀայՖիլմ» կինոստուդիայում, հրատարակել է հոդվածներ, որոնք ստորագրում էր Ֆելիքս Կարեն կեղծանունով (հեղ. որդուն կոչել է հենց կեղծանունով՝ Վալերի Ֆելիքսովիչ Կարեն)։ Պապս մտերիմ էր «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի հետ։ Հենց նա էլ պապիկիս երաշխավորել է Կինոմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ռուս.՝ ВГИК) ասպիրանտուրան ընդունվելու հարցում։ Փաստորեն, պապս, չունենալով ոչ միջնակարգ, և ոչ էլ բարձրագույն կրթություն, միանգամից դարձել է ասպիրանտ։ Նա մեծ հետաքրքրությամբ է սովորել՝ միաժամանակ շարունակելով հոդվածներ հրատարակել ինչպես հայկական, այնպես էլ ռուսական մամուլում։ Սովորելով անգլերեն, նա նաև գրական թարգմանություններ է արել։
Ի՞նչ հետք էր թողել ձեր պապի կյանքում իր ընտանիքի ողբերգությունը։ Ի՞նչ պայմաններում է նա զոհվել և ի՞նչ հիշողություններ են մնացել նրանից։
Մոսկվայում ապրելու ընթացքում Կարենն ու նրա մյուս եղբայրը՝ Ռուբենը (հեղ. Ռուբեն Քաջազնունին 1918-ին Կարսի գրավման ժամանակ գերի է ընկնել է և 1921թ. ազատվել գերիների փոխանակման ժամանակ, 1941-45 թթ. ապրել է Մոսկվայում, ապա վերադարձել Երևան), հնարավորության սահմաններում ֆինանսական օգնություն են ցուցաբերել Երևանում ապրող իրենց ընտանիքին։ Հովհաննես Քաջազնունու ձերբակալությունից հետո՝ 1937թ. սեպտեմբերին, Կարենին հեռացնում են ասպիրանտուրայի ավարտական կուրսից։ Պապիկիս եղբոր՝ Ռուբենի պատմածով՝ այդ ընթացքում ինքն ու Կարենը դիմել են տարբեր ատյանների Քաջազնունուն արդարացնելու պահանջով՝ խնդրելով հաշվի առնել նրա տարիքն ու հիվանդությունները, սակայն ապարդյուն։ Ծանր ժամանակներ էին Քաջազնունիների ողջ ընտանիքի համար։ Կարենը զրկվել էր նաև աշխատանքից, ապրուստի միջոցից, նա այլևս չէր կարող հրատարակել և ստիպված էր նվազեցնել ծախսերը, ինչ–որ բան վաճառել։ Այդ դժվարին ժամանակահատվածում նրան շատ է օգնել Համո Բեկնազարյանը։ Ուսումնական տարվա ավարտին՝ 1938–ի մայիսին նրան հաջողվեց վերականգնվել ասպիրանտուրայում։ 1941–ին նա արդեն զբաղվում էր իր սիրելի գործով՝ դասավանդում էր ռեժիսուրիա։
Նրանք, ովքեր աշխատել էին Կարենի հետ, փաստում էին, որ պապս շատ խելացի, կրթված, տաղանդավոր և պարկեշտ մարդ էր։ Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, նա ցանկություն հայտնեց միանալ աշխարհազորայիններին, թեև հիվանդության պատճառով ազատված էր ծառայությունից։ Ինչպես հետագայում գրել է Ռուբեն Քաջազնունին, դժվար էր նրան այդ մտքից հետ պահելը։ Այդ ժամանակ Կարենն իմացավ, որ երկրորդ անգամ է հայր դառնալու։ Պատերազմ գնալուց առաջ նա կնոջն ասաց, որ եթե տղա ծնվի՝ նրան անվանի Արամ (հեղ.՝ ի պատիվ 1920թ. Զանգիբասարի (Մասիս) հայ-թաթարական կռիվների ժամանակ զոհված եղբոր), իսկ եթե աղջիկ՝ Լիլիթ։ Նա ասաց, որ մահից չի վախենում, վախենում է գերության կտտանքներից։ Կարենը ռազմաճակատից նամակներ էր ուղարկում՝ հորդորում հարազատներին՝ իր համար չանհանգստանալ։ 1941–ի աշնանը 13–րդ աշխարհազորային դիվիզիան Վյազմայի մատույցներում հայտնվում է շրջափակման մեջ և ոչնչացվում։ Այդ տեղանքում հայտնված հազարավոր աշխարհազորայիններ, այդ թվում Կարեն պապս համարվում են անհետ կորած։ Կան վկայություններ, որ Կարենը զոհվել է հոկտեմբերի 3–ին՝ գերմանացիների կողմից տանկային գրոհի առաջին օրը՝ ինքնաշեն պայթուցիկով (մոլոտովյան կոկտեյլով) տանկի վրա հարձակման ժամանակ։ Նրա զոհվալու մասին ընտանիքում ոչինչ չեն իմացել՝ սպասել են նրան՝ հույս ունենալով, որ հնարավոր է գերի է ընկել։ Պատերազմի ավարտից հետո անգամ ընտանիքը հավատում էր, որ նա կվերադառնա։ Նրա դուստրը՝ Լիլիթը, այդպես էլ երբեք չտեսավ հորը, իսկ տատիկս՝ հավատարիմ մնալով ամուսնուն՝ նորից չամուսնացավ։ Ռազմաճակատից ուղարկված նամակներից մեկում Կարենը եղբորը՝ Ռուբենին խնդրել էր իր մահվան դեպքում հոգ տանել երեխաների մասին, իսկ երեխաները պաշտում էին հորեղբորը։ Հորս և հորաքրոջս մասին հոգ էր տանում նաև Համո Բեկնազարյանը։
Հայրս մշտապես ցանկացել է ինչ–որ բան իմանալ իր հոր մահվան հանգամանքների մասին, բայց, ցավոք մահացավ՝ ոչինչ չիմանալով։ 2015թ. ես գտա 13-րդ դիվիզիայի թանգարանը, որը դեռ 1950–ականներին հիմնվել էր Մոսկվայի դպրոցներից մեկում։ Այնտեղ աշխարհազորայինների մասին գրանցումներ կային, այդ թվում՝ պապիկիս: Ցավում եմ, որ ոչ տատիկս, և ոչ էլ հայրս այդպես էլ չիմացան այդ թանգարանի գոյության մասին։ 2015–ին հորաքույրս ողջ էր, նա ծանր հիվանդ էր և ի վիճակի չէր տանից դուրս գալու, բայց ես ուրախ եմ, որ գոնե նրան հասցրեցի պատմել այդ մասին։ Այն տեղում, որտեղ զոհվել էին 13–րդ դիվիզիայի մարտիկները, ներկայումս ծառեր են տնկված՝ ի հիշատակ աշխարհազորայինների։ Տարիներ առաջ մենք էլ այդ վայրում ծիրանենի տնկեցինք և Կարեն Քաջազնունու անունով հուշատախտակ տեղադրեցինք։ Պապիկիս մասին գրված է նաև 13-րդ աշխարհազորայինների մասին գրքում։
Խորհրդային շրջանում ձեր ընտանիքը որևէ խտրական վերաբերմունքի արժանացե՞լ է Քաջազնունի ազգանվան և նրա ժառանգները լինելու համար։
Հովհաննես Քաջազնունու ձերբակալությունից հետո խուզարկեցին նրա բնակարանը և արժեքավոր իրեր տարան՝ այդ թվում՝ գրքեր։ Պապիկիս՝ ողջ մնացած միակ եղբայրը՝ Ռուբենը, այդ տարիներին Մոսկվայում ռազմական բեռնատարներ վերանորոգող արտադրամասում գլխավոր ինժեներ էր և այնտեղ հետապնդման չենթարկվեց, սակայն 1950–ականների սկզբին, երբ նա որոշեց վերադառնալ Երևան, շատ արագ պարզեցին՝ ում որդին է. նրան հեռացրեցին կուսակցությունից և ազատեցին աշխատանքից։ Իսկ 1953թ. Երևանում նա ավտովթարի զոհ դարձավ։ Ռուբենի մահը ողբերգություն էր ողջ ընտանիքի համար։ Այդ ժամանակ հայրս 22 տարեկան էր. նա որոշում է հորեղբոր մահվան լուրը չհայտնել Սաթենիկ տատիկին, ով այլևս չէր դիմանա իր վերջին որդու մահվան լուրին։ Նրան հայտնել էին, իբր Ռուբենին ուղարկել են հյուսիս։ Ռուբենի անունից մի քանի կեղծ նամակներ է գրել և մորը ներկայացրել դուստրը՝ Մարգարիտան։ Սաթենիկ Քաջազնունին, սակայն, հասկանում էր, որ իրենից ինչ–որ բան են թաքցնում, ենթադրում էր, որ որդին բանտարկված է և այլևս հարցեր չէր տալիս։
Քաջազնունու դուստրերից Մարգարիտան չափազանց գրագետ կին էր, տնտեսագետ, սիրում էր գրական թարգմանություններ անել։ Նա չնչին թոշակ էր ստանում միայն նրա համար, որ Քաջազնունու դուստրն էր։ Միգուցե Քաջազնունիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին այլ դրսևորումներ էլ են եղել, որոնց մասին ես տեղյակ չեմ։ Իսկ ընտանիքի ամենամեծ ողբերգությունը Հովհաննես Քաջազնունու ապօրինի ձերբակալությունն ու նրա մահն էր բանտում։
Ձեր հայրը՝ Վալերի Ֆելիքսովիչ Կարենը, նույնպես ընտրել է կինոմատոգրաֆիայի բնագավառը, նրա մասնակցությամբ ի՞նչ ֆիլմեր են նկարահանվել։
Հայրս ծնվել է 1931թ. նա գնաց պապիս հետքերով՝ ավարտեց Կինոմատոգրաֆիայի ինստիտուտը։ Նա եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի 1-ին միավորման գլխավոր խմբագիրը, եղել է սցենարիստ, դերասան։ Երևի թե քչերը գիտեն, որ Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ «Ազատագրում» և այլ ֆիլմերում հենց հայրս է մարմնավորել Մարշալ Բաղրամյանին։ Հայրս շատ էր հպարտանում Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթությամբ։ Իսկ հորաքույրս՝ Լիլիթ Կարենովնա Քաջազնունին, զարգացած և կրթված կին էր, դոցենտ, անգլերենի թարգմանիչ, իր դիսերտացիան նվիրված էր «շեքսպիրյան լեզվին»։ Հետաքրքիր զուգադիպությամբ իր պապի՝ Հովհաննես Քաջազնունու պես, նա նույնպես սիրում էր Շեքսպիրին, նրա ստեղծագործությունները։ Ցավոք, հորաքույրս չամուսնացավ և ժառանգ չունեցավ։
Լինելով Հովհաննես Քաջազնունու միակ ժառանգորդուհին ՝հնարավո՞ր է ցանկություն հայտնեք կրելու նաև Քաջազնունի ազգանունը։
Քաջազնունի ազգանունը կրել է միայն պապս. այժմ ես կրում եմ ամուսնուս Օռլովա ազգանունը։ Քաջազնունի ազգանունը կրելը մեծ պատիվ և պատասխանատվություն է։ Ես միշտ մտածել եմ ազգանունս փոխելու մասին, կարծում եմ, որ նման ազգանուն կրելուն պետք է արժանի լինել։ Իմ տեղեկություններով՝ մեր հեռավոր ազգականներից ներկայումս միայն մեկն է, որ կրում է Քաջազնունի ազգանունը։ Ես նրա հետ համացանցի միջոցով եմ ծանոթացել։ Ազգականուհիս, որը Բաքվի փախստական է և ներկայումս բնակվում է Բոստոնում, երեխաներ չունի, հետևաբար, լինելով Քաջազնունու միակ ժառանգորդուհին, չեմ բացառում, որ մի օր կկրեմ Քաջազնունի ազգանունը։
Ի՞նչ տպավորություններ եք ստացել Հայաստան կատարած ձեր վերջին այցից։
2018թ. սեպտեմբերին ես այցելեցի Երևան, որպեսզի մեկնեմ Ջավախք. Վրաստանի ճանապարհին մենք այցելեցինք Գյումրի, որտեղ ես տեսա այն շենքը, որը 1935թ. կառուցել է իմ նախապապը (հեղ. խոսքը Գյումրիի նախկին Բուլվարնայա (Կիրովի) և 27-րդ փողոցների խաչմերուկում կառուցված բնակելի շենքի մասին է, որը մինչև օրս կանգուն է, դիմակայել է անգամ 1988թ. ավերիչ երկրաշարժին, համարվում է Հ. Քաջազնունու լավագույն գործերից մեկը)։ Ջավախքում մեծ էր ցանկությունս տեսնելու այն տունը, որտեղ ապրել են Քաջազնունիները, բայց, ցավոք, սխալմամբ մեզ ուրիշ վայր ցույց տվեցին. հաջորդ անգամ, երբ նորից այցելեմ պապերիս գյուղ, կփորձեմ գտնել նախապապիս տունը։ Մենք եղանք այն եկեղեցում, որտեղ ծառայել են Հովհաննես Քաջազնունու պապն ու հայրը, և մասնակցեցինք Քաջազնունիների հիշատակին նվիրված պատարագին։ Հետո մենք այցելեցինք հայաբնակ Չանախչի գյուղ, որտեղ Աշոտ Քաջազնունին (հեղ. Հովհաննես Քաջազնունու որդին) 1918թ. հունիսին 4-րդ գնդի կազմում հայտնվել է թուրքերի շրջափակման մեջ և զոհվել։ Գյուղի բնակիչները Չանախչիում զոհված շուրջ 200 զինվորների հուղարկավորել են եղբայրական գերեզմանոցում և ի հիշատակ նրանց՝ երկու ընկուզենի տնկել։ Անցել է ավելի քան 100 տարի, բայց հայ մարտիկների գերեզմանատունն անանուն է։ Ես շատ կցանկանայի այնտեղ ինչ–որ հուշաքար կամ խաչքար տեղադրել, սակայն խնդիրն այն է, որ գյուղը Վրաստանի տարածքում է։
Այնուհետև ես եկա Երևան, այցելեցի Քաջազնունիների ընտանեկան գերեզման, որտեղ իմ խնդրանքով հեգեհանգստի կարգ մատուցվեց Քաջազնունիների հիշատակին (հեղ. խոսքը Կենտրոնական գերեզմանատան մասին է, որտեղ ամփոփված են Քաջազնունու կնոջ, որդու՝ Ռուբենի և դուստրերի աճյունները, իսկ Քաջազնունու և մարտերի ժամանակ զոհված մյուս երեք որդիների անունները խորհրդանշական գրված են հուշաքարի վրա)։ Երևանում այցելեցի նաև Հովհաննես Թումանյանի տուն–թանգարան. նախապապս մտերիմ էր ամենայն հայոց բանաստեղծի հետ, և ես թանգարանին նվիրեցի Քաջազնունու գրադարանի գրքերից մեկը, ինչպես նաև պապիկիս գրած հոդվածները Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի և հայ կինոյի ստեղծման 20–ամյակի մասին։ Ես այցելեցի նաև Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, որտեղ տեղեկացա, որ Քաջազնունու՝ Գնունի փողոցում գտնվող բնակարանի շենքի պատին հուշատախտակի տեղադրման նախագիծ կա. հույս ունեմ, որ գոնե դա մի օր կյանքի կկոչվի։ Հետո այցելեցի Դաշնակցության պատմության թանգարան, որին նվիրեցի Քաջազնունու բնակարանի իրերից։ Երևանում ծանոթացա Առաջին Հանրապետության երրորդ վարչապետ Համո Օհանջանյանի ժառանգորդուհու՝ Ելիզավետա Օհանջանյանի հետ. մի խոսքով, չորս օրվա ընթացքում ես բավականին շատ բան հասցրի տեսնել և ջերմ ընդունելության արժանացա։
Հայաստանում կա՞ վայր, որը ձեզ համար խորհրդանշական է։
Ես շատ եմ սիրում Հայաստանը, սիրում եմ Երևանը, քաղաքի շունչը, պարզապես սիրում եմ քայլել Երևանի փողոցներով։ Ամենահոգեհարազատ վայրն այստեղ պապիկիս քրոջ՝ Մարգարիտա Քաջազնունու՝ իմ սիրելի Մարգո տատի բնակարանն է։ Նա ունիկալ անձնավորություն էր և պահել է հոր հետ կապված ամեն ինչ։ Ինձ վրա մեծ տպավորություն է թողել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, ես կրկին կցանկանայի այնտեղ այցելել։ Մանուկ հասակում ծնողներիս հետ եղել եմ նաև Դիլիջանում, հանգստացել Կոմպոզիտորների տանը։ Ի դեպ՝ Քաջազնունիները երբեմն ամառներն անց էին կացնում Դիլիջանում։ Պարզապես անհնար է թվարկել բոլոր այն տեղերը, որոնք ինձ համար հոգեհարազատ են։
Առաջին Հանրապետության հիմնադիր վարչապետի անունով Երևանում փողոց կա անվանակոչված, սակայն մինչ օրս Քաջազնունին ոչ արձան ունի, ոչ էլ նրա անունով հուշատախտակ կա երևանյան այն հին տան պատին, որտեղ նա ապրել է իր վերջին տարիները։
Մեծ է ցանկությունս, որ Քաջազնունու բնակարանի տեղում թանգարան ստեղծվի, քանի դեռ տունը չի քանդվել։ Ես մեծ հաճույքով այդ թանգարանին կնվիրեմ այն ամենը, ինչ կապ ունի Քաջազնունու հետ և որը խնամքով պահել է մեր ընտանիքը։ Մարգարիտա Քաջազնունին թողել է տան նկարագրությունը, նա հավաքել ու պահպանել էր հորը վերաբերող բազմաթիվ իրեր ու այլ թանգարանային նմուշներ՝ հույս ունենալով, որ այդ թանգարանը մի օր կստեղծվի: Կարծում եմ՝ Երևանում հնարավոր է տեղադրել Քաջազնունու արձանը, կա նաև հուշատախտակի նախագիծը, բայց… 2018թ. լրացավ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և մահվան 80–րդ ամյակը, սակայն այդ մասին պետական մակարդակով որևէ մեկը չհիշեց…
Հովհաննես Քաջազնունու ծոռնուհին՝ Քսենյա Օռլովան
Քաջազնունու կրտսեր որդու՝ Կարեն Քաջազնունու և 13-րդ աշխարհազորային դիվիզիայի հերոսների հիշատակին նվիրված հուշաքարը՝ Մոսկվայում
Հովհաննես Քաջազնունու թոռը՝ Վալերի Կարենը «Ազատագրում» ֆիլմում մարմնավորում է Մարշալ Բաղրամյանին
Վալերի Կարենը՝ «Ճակատամարտ Մոսկվայի համար» ֆիլմում
Քսենյա Օռլովան Քաջազնունիների ընտանեկան գերեզմանի մոտ
Թագուհի Մելքոնյան
İlk yorum yapan siz olun