İçeriğe geçmek için "Enter"a basın

Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն

Երվանդ Տանձիկյան
“Açık Radyo”-ում շաբաթ առավոտները հեռարձակվող “Radyo Agos”-ի 2019 թ․ վերջին հաղորդման շրջանակներում հյուրընկալեցինք՝ Բեյօղլու թաղամասում և Թյունել հրապարակում 1950-ական թթ․, 60-ական և 70-ական թթ․ կատարված գործերին ականատես երկու վարպետի, երկու հաճելի մարդու Մերուժան Գևիկին և Արա Թելլերին։ Երկուսն էլ ականատես են եղել ոսկերչության ծաղկուն ժամանակաշրջանին։ Բագրատ Էստուկյանի հետ ացնկացրած մեր այդ զրույցի ժամանակ հիշեցինք հին ժամանակները, այդ մասնագիտությունն ու լավ վարպետներին։
– Պարո՛ն Մերուժան, սկսենք Ձեզանից․ Ո՞վ է եղել Ձեր առաջին վարպետը։ Քանի՞ տարեկանում և ինչպե՞ս եք սկսել ոսկերչությամբ զբաղվել։
– Ես նախակրթարանն եմ ավարտել, ծնվել եմ Սամաթյայում։ Նախակրթարանից հետո սկսեցի գործ փնտրել։ Մի ծանոթիս միջոցով գործի անցա Փակ շուկայի Փասթըրմաջը խանում։ Գլխարկների մեջ դրոշմ էին դնում, ես էլ բաժանում էի դրանք։ Ինչևէ, մայրս և հայրս մտածում էին, որ իմ արած գործը վատն է ու անբավարար և ինձ տվեցին Վարաքչը խանում ականջօղեր պատրաստելու միջոցով հայտնի դարձած մի ոսկերչի մոտ աշակերտելու, անունը Քավաֆյան էր։ Շատ մեծ մարդ էր, ընդարձակում էր մեր մտահորիզոնը։ Ջութակ էր նվագում, սրինգ էր նվագում։ Վերջում դա էլ չստացվեց։ Մասիս Թորոսյան անունով մեկը կար, նա և հայրը ոսկերիչներ էին, շատ լավ արհեստավոր էր։ Նրա մոտ մոտ մեկ տարի աշխատեցի։ Ապրում էր Քադըքյոյում, Փակ շուկայում մի խանութ ուներ։ Շուկայի խանութներն էլ արհեստանոցների նման էին, փոքր էին։ Երբ նա աշխատում էր, մեզ մնում էր նրան թեյ տալ, եկող հաճախորդներին սպասարկել, և երբ վարպետի նշանածը գալիս էր, դուրս գալ։ Մենք էլ մզկիթ էինք գնում՝ գնդակ խաղալու։ Ուշանում էինք, մեզ սկսում էին փնտրել։ Երկու ապտակ էլ ուտում էինք․․․ Այնտեղից դուրս գալուց հետո գնացինք Բեյօղլու։
– Ձեր հիմնական վարպետը Բեյօղլուու՞մ էր։
– Այո, հենց Բեյօղլուում սկսեցի գործը, հույն վարպետ ունեի։ Անունը Կոստա Գըլինչոս էր։ Թերքոս խանում էր նա։ Երբ այնտեղ հրդեհ բռնկվեց, ռուսական հյուպատոսության դիմաց գտնվող Այ-խան գնացի։
– Հրդեհից հետո Ձեր վարպետի՞ մոտ՝ Այ-խան գնացիք, թե՞ ինքներդ առանձնացաք։
– Գնացի վարպետիս մոտ։ Ես դեռ երեխա էի, բանակ չէի գնացել։ Դրանից հետո՝ Կոստայի մոտ եղած ժամանակ, գնացի բանակ։ Երբ վերադարձա, կրկին նրա մոտ գնացի։ Նա ինձ իր զավակի պես սիրում էր։ Ուրբաթ օրերին ինձ տանում էր Բուրգազ կղզի։ Երկուշաբթի էլ հետ էր բերում, սակայն ես էլ կամաց-կամաց կարողանում էի գործը լավ անել։ Նա լավ հաճախորդներ ուներ։ Հիմնականում ծագումով հույներ էին։ Սադըքօղլու ընտանիքի նման արժեքավոր հաճախորդներ էլ ուներ։ Դրանք բոլորը իմ վարպետին մնացել էին Լևոն Սարյանից։ Այդ պատճառով Սարյանն իմ վարպետին թշնամի էր համարում։
– Պարո՛ն Արա, այժմ Ձեր մասին։ Դուք ինչպե՞ս սկսեցիք այս գործով զբաղվել։ Ո՞ր վարպետների մոտ սովորեցի՞ք:
– Ես 1955 թ․ իմ ծննդավայր Սվասից (Սեբաստիա-Ակունքի խմբ․) եկա Ստամբուլ։ Հորս ընկերներից մեկն ինձ Փակ շուկայի Զինջիրլի խանում Պալյան եղբայրներ Հակոբի և Արայի մոտ աշկերտության տվեց, սակայն այդ տարի սեպտեմբերի 6-7-ի դեպքերից հետո իմ վարպետներն ստիպված եղան լքել երկիրը և Արգենտինա գնացին։ Այդ ժամանակ ինձ տարան Բեյօղլուում գտնվող մի մեծ խանութ՝ Սարյան։ Այն գտնվում էր Սանտա-Մարիա եկեղեցու դիմաց, և այնտեղ աշխատում էր մի բարձրակարգ ոսկերիչ։ Նա Ստամբուլի հարուստ, նշանավոր մարդկանց համար էր աշխատում։ Նավատերեր և մեծահարուստներ էին գալիս նրա մոտ։ Իսմեթ փաշայի երկու որդիները նրա բարեկամներն էին՝ Օմեր Ինոնյուն և Էրդալ Ինոնյուն։ Չնայած անունը Լևոն Սարյան էր, շուկայում ներկայանում էր Լեոն Սարան անունով։ Նա կաթոլիկ հայ էր։ Լեոն միշտ ասում էր․ «Ա՛յ էսպես, էֆենդի»։ Հումորով անձնավորություն էր։ Իմ մասին ասում էր․ «Այս երեխան Սվասից է եկել։ ինձ մոտ է աշխատում։ Մեզ համար սուրճ էլ է պատրաստում, գործի համար վազվզում էլ է»։ Լուսահոգի Օմեր Ինոնյուն էլ ասում էր․ «Դե՛հ, սվասցի՛, ինձ համար սուրճ պտրաստի՛ր, տեսնենք քո վարպետությունը»։ Այդ ժամանակ պղնձե սրճեփներ կային։ Սուրճ էի պատարստում։ Ասում էր․ «Հիրավի, քո վարպետի ասածի չափ՝ դու քո գործի վարպետն ես։ Ես Թաքսիմից այստեղ եմ գալիս այս սուրճը խմելու, մեկ էլ զրույց անելու համար։ Դռնից ոտքը ներս դնելուն պես ծիծաղելով գոռում էր․ «Սվասցի՛, սուրճս դի՛ր»։ Ձայնը դեռ ականջներումս է։ Աստված բոլորի հոգին լուսավորի։
– Ոսկերչությունըն այնտե՞ղ, Սարյանի՞ մոտ եք սովորել։
– Իհարկե, Սարյանի մոտ եմ սովորել։ Օմեր Ինոնյուն սվասցի լինելուս համար ինձ ասաց․ «Մաչքայում պալատ ունենք, այնտեղ կանգալ տեսակի երկու շուն է պետք»։ «Մի՛ անհանգստացեք, պարոն, ես կբերեմ»,- պատասխանեցի ես։ Գնացի, երկու շան ձագ բերեցի։ Բերելու ժամանակ ձագերը զամբյուղի մեջ էին, գնացքում ձայներ էին հանում։ Տոմսերը հավաքողը հարցրեց․ «Ես այստեղ շան ձայն եմ լսում, որտե՞ղ է»,- ստիպված ասացի, որ զամբյուղում են։ Չէի վախենում, քանի որ տերերը նշանավոր մարդիկ էին։ «Իսմեթ փաշայի տղայի համար եմ տանում շներին։ Եթե ցանկանում եք, կայարանի տնօրինության մոտ իջնելու ժամանակ ոստիկանական բաժանմունքում խոսենք»,- ասացի ես։ Այդ ընթացքում, իհարկե, վերցրեցին շներին և տարան մեկ այլ վագոն։ Ի վերջո դա իրենց իրավունքն էր։ Երբ իջա, խանութ զանգեցի և պատմեցի, որ նման բան է պատահել։ Այնտեղից Օմեր բեյն անմիջապես զանգեց և ասաց․ «Շներն իմն են»։ «Լա՛վ, եղբայր, իրավացի էիր», – ասացին, զամբյուղս տվեցին ինձ և ուղարկեցին։
–Սարյանը և խանու՞թ էր, և արհեստանո՞ց։
– Այո՛, վերևում մի ահեստանոց կար։ Շատ լավ վարպետներ կային։
7 վարպետ էր այնտեղ աշխատում։
Մերուժան- Իմ վարպետ Կոստան էլ է այնտեղ աշխատել։
– Արա – Արամ Քարանը, Թորոս Թորոսյանը, ձեր վարպետ Կոստան, Լևոն Զեքիյանը, որը հիմա կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդն է, նրա հայր Անտուան Զեքիյանը․․․ բոլորն աճել են Սարյանի մոտ։ Այսպես, մի երկար ժամանակ աշխատեցինք։
– Պարո՛ն Մերուժան, որքան հասկանում եմ, Փակ շուկան և Թյունել-Բեյօղլուն տարբեր կենտրոններ են եղել։ Ինչպե՞ս է առաջացել այդ վիճակը։
– Հիմա Փակ շուկան և Թյունելը առանձին են։ Արհեստների շուկա են։ Շուկա են, ի վերջո։ Բեյօղլուն այն ժամանակ բոլորովին այլ էր։ Հնուց ի վեր Բեյօղլուի հաճախորդը տարբեր էր։ Այդ ժամանակ այնտեղ առաջինը Լեոն Սարանն էր կամ Սարյանը։ Ես էլ այնտեղ եկա։ Ինձ սկսեց գործ տալ։ Լեոնն աշխատում էր պետության համար։ Սիգարներ էինք պատրաստում 50 հատով, 100 հատով․․․ Դրանցից պատգամավորներին էին նվիրում։ Եթե Ջելալ Բայարինն էր, մեջը գրություն էր գրվում։ Յուրաքանչյուր տուփ 200-300 գրամ կշռում էր, 18 հատիկ լինում էր մեջը։ Ներսում մեկ էլ լինում էր «Սարան» կնիքը։ Իրանի շահն ու կինն էին գալիս։ Շահ Ռըզա Փեհլևին Մենդերեսի հետ գալիս և զբոսնում էր այնտեղ։ Նրանց բոլորի համար զարդեր էին պատրաստում։ Արտաքին գործերի նախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլն էր գալիս։ Երբեմն զանգում էր․ «Սարան, արի՛, Յալովայում ենք, բրիչ ենք խաղում»։ Սարանն էլ իր ստանալիքն ուներ նրանից։ «Փողս ուղարկեք, որ գամ»,- ասում էր նա․․․ (ծիծաղում էին)։ Սարյանները մի օր Հունաստան են որոշում գնալ, քանի որ քենին այնտեղ էր ապրում։ Կնոջը թողնում են, իսկ իրեն՝ ոչ: Սարյանին ես թողել և հետ էի եկել։ Ռենաուլթ ֆիրմայի մեքենա ունեի՝ կապույտ գծերով։ Մեկ էլ տեսնեմ մի հեռախոսազանգ․ «Ե՛կ այստեղ, որտե՞ղ ես»։ Պատրվակ էին բռնել, թե փող է թռցնում, և հետ էին ուղարկել։ Ետ եկանք Սարյանի խանութ։ Լուր եկավ։ Պետք էր ապացուցել, որ իր հարստությունն այստեղ է և ոչ մի տեղ չի տանում։ Ֆինանսների նախարարության՝ Քարաքյոյում գտնվող մասնաճյուղը գնացինք, որպեսզի ապացուցենք։ Սարյանը սակայն նախօրոք աղմուկը բարձրացրել էր։ «Այո, այո, ի՞նչ կխմեք»,- հարցնում էին մեզ։ Սուրճ ու թեյ մեզ հյուրասիրեցին։ Հաջորդ օրը Սարյանին տարանք օդանավակայան և նստեցրինք ինքնաթիռ։
– Ընդամենը Հունաստա՞ն չէր գնալու։
– Այո՛, գնացին, շրջեցին և հետ եկան։
-Հետևաբար, ինչքան հասկանում եմ Լեոն Սարանի խանութն իրականում այդ կենտրոնացման սկիզբն էր։
– Միանշանակ։ Ամեն բան այնտեղից էր դուրս գալիս։ Օրինակ՝ Ֆրանգուլին էր աշխատում։ Հետո գնաց, Մենդերեսի ժամանակ թողեց գնաց։ Մի քանի ոսկերիչներ կային այնտեղ։
– Ֆրանգուլիին թալանել էին, կարծես, ճի՞շտ է։
– Այո՛, ցավոք, այդպես է եղել։ Թալան․․․ Մտել են ատրճանակով, վախեցրել և արժեքավոր ինչ կար՝ տարել։ Նրանք մեծ ոսկերիչներ էին։ Ուրիշներն էլ կային։
– Սակայն այդ թալանը հետաքրքիր մեթոդով է արվել։ Կպատմե՞ս այդ մասին։
– Այսպես են թալանել․ բեռնակիրներից մեկը մեծ թախտեր, բազկաթոռներ է տանելուց լինում։ Իսթիքլյալ պողոտայով գնում-գալիս է։ Ձևացնում է, թե հանգստանում է և իր մեջքի վրայի մեծ ցուցատախտակը ցուցափեղկին է հենում։ Ցուցափեղկը փակվում է։ Այնտեղից էլ ներս են մտնում, թալանում-տանում են։
– Պարո՛ն Արա, Ձեզ մի հարց ունեմ։ Դուք ինչպե՞ս եք սովորել Ձեր մասնագիտությունը։ Ընդունակ եք և հաճույքով եք արել, սակայն ի վերջո բարդ մասնագիտություն է։
– Իհարկե, հիմա սա այնպիսի մասնագիտություն է, որ․․․ Այն ներսից է գալիս։ Երբ սկսում ես սովորել, բոլորի համար նույնն է, այն դառնում է հաճելի զբաղմունք։ Եթե հաճույքով ես անում այդ գործը, ստացվում է։ Ես հաճույքով արեցի և նույնիսկ ինքս ինձ ասացի․ «Մի օր ամենալավերից մեկն եմ լինելու»։ Ի վերջո, եղա այդպիսին, քանի որ սիրել եմ այն։ Ուրեմն սա առաջին անգամ եմ պատմում․ «Ջումհուրիյեթ» թերթի տեր Նադիր Նադիի կինը Փարիզում մի մազակալ է տեսնում։ Հարցնում է գինը։ Անհավանական գին են ասում։ «Ես Ստամբուլում այդքան ծանոթ ունեմ, իհարկե, ավելի մատչելին անել կտամ»,- ասում է նա։ Անմիջապես մի ամսագրից կտրում է նկարը, գալիս Ստամբուլ։
Փակ շուկայում մոտ տասը արհեստանոց է գնում։ Ոչ մեկ նրա ուզածը չի կարողանում ստանալ, քանի որ այն մի յուրահատկություն ուներ, մազիկները խշշոցով խաղում էին։ Ամենավերջում ասում են․ «Բեյօղլուում Սարյանը կա»։ Տիկինը գալիս, զանգը տալիս է։ Լեոն Սարանը, իմ վարպետ Անտուանին և ինձ կանչում է ներքև։ « Տիկինն այս գլխազարդը քանի տեղ հարցրել է, սակայն գոհ չի մնացել։Մենք կարո՞ղ ենք սա անել։ Ձեզ մեկ ազատ օր եմ տալիս։ Մտածեք, պատասխանեք»-ասաց նա։ Մենք բարձրացանք արհեստանոց։ Իմ վարպետի խորհուրդներով եղավ այդ գործը։ «Այդ գործը կանենք»,- լուր է տալիս վարպետս։ Գլխազարդի թելերը, հիմքը, թռչյունը, մազիկները պետք է խաղային։ Գնացի շուկա։ Կրկին շուկան մեզ փրկեց։ Այնտեղ բարակ, երկու մետր երկարությամբ մի շղթա գնեցինք։ Միայն կես մետրը օգտագործեցինք, սակայն ստիպված գնեցինք այն։ Այդ շղթան բաժանեցինք մեծ ու փոքր մասերի, կտրեցինք և մոմի վրա կմախքը ստացանք։ Ճիշտ նկարում եղածի պես էինք անում։ Մենք մեկ շաբաթ հետո թռչնի ձևը ստացանք։ Տիկինը եկավ եւ ասաց, որ դա ճիշտ իր ուզածի նման է։ Հույս հայտնեց, որ վերջնական արդյունքն էլ այդպիսին կլինի։ «Մի պայմանով»,- ասաց նա,- «Տղա՛ս, սա միայն ես պետք է ունենամ Ստամբուլում։ Ուրիշ ոչ մեկի համար չեք պատրաստելու։ Կստանաք ձեր ցանկացած գումարը։ Այս թռչունը ես եմ ունենալու միայն»։ Տիկին Այսել, անունը մինչ օրս մտքումս է։ Ես այդ ժամանակ իմ վարպետից 900 լիրա գումար էի ստացել։ Շատ մեծ գումար էր։ Սարյանը տվեց։ Ապշեցուցիչ բան էր։ Տիկին Այսելն էլ այնտեղ էր։ «Դու ինձ քո հասցեն տու՛ր, տղա՛ս»։,-ասաց նա։ Ես իհարկե քաշվեցի ասել, քանի որ այդ ժամանակ Այ-խանում իմ արհեստանոցն ունեի, սակայն Սարյանի գործերն էլ էի անում։ Մեկ էլ տեսնեմ մեկ շաբաթ անց ծրարի մեջ գումարով եկավ։ «Չցանկացա Սարյանի մոտ ասել․ քեզ ոչ թե 900 լիրա, այլ՝ 9000, քանի որ քեզնից մի խոսք եմ ուզում լսել․ «Քանի դեռ ես ողջ եմ, այս թռչունը ուրիշ ոչ մեկի համար չես պատրաստելու»։ Ցածրաձայն պատասխանեցի․ «Չեմ անի, տիկին»։ Ես իմ խոսքի տերն եմ։ Ես պնդեցի և ասացի, որ արդեն իսկ իմ վարպետից գումար ստացել եմ։ Ինձ մերժեց և ասաց, որ դա իր կամքն է։ «Ես հպարտանում եմ, արհեստավորները այս երկրում աճում են։ Նրանք Թուրքիայում աճում են, աշխարհով մեկ էլ՝ տարածվում»,- ասաց նա,- «Այնտեղ էլ հաջողակ են դառնում»։ Արվեստ այլևս չկա։ Նա արդեն չկա։
– Աշակերտելու տարիներին շաբաթական քանի՞ լիրա էինք ստանում, պարո՛ն Մերուժան։
– Մասիս Թորոսի մոտ ես ստանում էի երկուսուկես լիրա։ Շաբաթական երկուսուկես լիրա։
-Այն ժամանակ այդ գումարն ի՞նչ արժեք ուներ։
– Ոչ մի արժեք չուներ, սակայն աշակերտության գումարը դա էր։ Ասում էին՝ օրենք է։ Տարեցտարի փոխվում էր։ 50 ղրուշով ավելանում էր։ Իմ հայրը թիթեղագործ էր։ 8 հոգով մի տուն էինք պահում։ Թիթեղագործությամբ էր այդ տունը պահվում։ Այնուհետև քույրերս էլ սկսեցին օգնել տան հարցում։ Արդեն, եթե թիթեղ էր պետք լինում, մեծ քույրս գնում էր։ Հայրս շատ հաջողակ չէր։ Միայն աշխատում էր։ Մի օր հայրս ինձ տեսնելու եկավ։ Վարպետիս հարցրեց, թե գո՞հ է ինձնից արդյոք։ «Գոհ եմ, գոհ։ Բոլորն են գոհ»,- պատասխանեց նա։ «Ես քեզանից գոհ չեմ։ Շաբաթական երկու լիրան ի՞նչ է որ»,- ասաց հայրս։ Վարպետս էլ արդարանում էր․ «Այս գործն այսպես է»։ Հայրս համաձայնեց։
– Գոնե, երբ վարպետ դարձար, կարգավորվե՞ց հարցը։
– Ոչ, հինգ լիրա էի ստանում։ Երկու տարի էլ այդպես աշխատեցի։ Երբ գնացի Կոստայի մոտ, ինձ շաբաթական 20 լիրա էր տալիս։ Մտածում էի․ «Ա՜յ մարդ, էս ինչ լավ գումար է», սակայն Բեյօղլուում այդպես էր։ Այդպես վարպետ դարձանք։ Փողն արժեք ուներ։ Հայրս գնալ-գալուս համար 25 լիրա էր տալիս ինձ։ Տրամվայով 10 ղրուշ գնալն էր, 10 ղրուշ՝ հետ գալը, 5 ղրուշն էլ ուտելու համար էր։ Մենք խանութ էինք գնում տրամվային կպած, երեկոյան հետ գալուց էլ էր այդպես։ 25 ղրուշն արդեն իսկ տուն հասնելու ժամանակ վերջացած էր լինում։ Կյանքի այդպիսի շրջափուլեր ենք ապրել մենք։
– Դու՞ք էլ եք սիրով արել Ձեր գործը։
– Շատ սիրելով եմ արել։ Երբ վարպետս գնաց Հունաստան, ամբողջ գործն ինձ մնաց։ Սարանի մոտ էինք աշխատում, տուփեր էինք պատրաստում։ Պատվերներ էին գալիս։ Հունաստանի թագավորն ու թագուհին եկան։ Կոնստանտինը եկավ։ Նրա համար դիմափոշու տուփ պատրաստեց վարպետս, մենք էլ հղկաքար էինք պատրաստում։ Այդպես վարպետացա։ Ֆահրի Քորություրքը եկավ։ Պետության ղեկավար դարձավ։ Չմաքրեց Ջելալ Բայարի անունով ափսեները։ Բոլորն այդպես մնացին։ 50, 100 հատ վերցրեցինք, Անկարա տարանք։ Տուփեր պատրաստեցինք։ Սարյանն էլ հնուց ի վեր գնում էր։ Նախկինում գնացքներում մի մեծ բաժին կար, եթե մեծ ընտանիք էր գալիս, այնտեղ էին տանում։ Սարյանն էլ դրա նման մի սենյակ էր փնտրում։ Ինչքան էլ, որ ասեին, թե չկա նման սենյակ, համառում էր․ ինչևէ Անկարայում մեզ դիմավորեցին։ Այլ պատվերներ էլ ունեցանք։ Հանձնեցինք տուփերը։ Մի քանի տուփ էլ Ֆահրի Քորություրքի համար ուզեցին։ Մենք կրկին վերցրեցինք տուփերն ու գնացինք պալատ։ Երբ ներս մտանք, հաղորդեցինք, որ եկել ենք։ Սարյանին ներս հրավիրեցին։ Ես էլ նստեցի դրսում։ Կես ժամ հետո ներսից մի սպա եկավ և ասաց․ «Ձեզ կանչում են ներսից»։ «Վա՜յ»,-ասացի ես,- «Ինչ-որ սխալ են երևի գտել տուփերի վրա, Սարյանն էլ ինձ վրա է մեղքը գցել»,- մտածեցի ես։ Դուրս եկանք։ Ֆահրի Քորություրքը ոտքի կանգնեց և ասաց․ «Սիրելի՛ վարպետ, շնորհավորում եմ, ամեն բան գեղեցիկ է ստացվել»։
– Պարո՛ն Արա, Այ-խանում ովքե՞ր էին աշխատում
-Խոսենք համալսարանից։ Այ-խանը ոսկերչական համալսարան էր։ Ամեն տեսակ գործ անող ոսկերիչ այնտեղ արհեստանոց ուներ։ Լուսահոգի հայրդ էլ (Երվանդ Տանձիկյանի հայրը՝ Հրայր Տանձիկյանը) երրորդ հարկում էր։ Իմ կողքին Մարկո Յուսուֆի խանութն էր։ Հիմա, ականջը կանչի, Կանադայում՝ Տորոնտոյում է։ Դարձյալ արհեստանոց է բացել։ Մյուս կողքիս էլ հայտնի Ալման Վիլին էր։ Նա էլ լավ ոսկերիչ էր։ Քոչոյի մոտ (Կոստաս) սովորած լավ վարպետ էր և շուկայում հիրավի լավ խանութների համար էր գործ անում։ Արտո Գյունայդընին եմ հիշում։ Մեկ էլ գուցե աշխարհում հավասարը չունեցող մի մարդ էր աշխատում։ Նա վերը նշված Սարանի տուփերի վրա նախշեր անող Հրիստակի անունով հույնն էր։ Փորագրիչ էր և օսմանյան, սելջուկյան ստեղծագործությունների, մզկիթների ամենագեղեցիկ նախշերը փորագրում էր տուփերի վրա։ Դա ուրիշ ոչ մեկ չէր կարողանում անել։ Ձեռքի գործեր էին։ Կառավարությունը դրանք արծաթի կամ ոսկու տեսքով հյուրերին էր նվիրում։ Դրանք շատ թանկարժեք նվերներ էին։ Նա էլ Հունաստան գնաց։ Շատ մեծ վարպետներ են եղել Թուրքիայում։ Ըստ երևույթին նրա պապիկն էլ էր նույն գործը արել Գալաթայում և Քարաքյոյում։ Հետո եկել էր Բեյօղլու։ Շատ տարբերվող փորագրիչ էր նա։ Հրիստակիի մեծահոգությունն էլ երբեք չեմ մոռանա, երբ մենք արհեստանոց էինք բացում, ասաց․ «Երեխե՛ք, մի՛ տխրեք»։ Անմիջապես գնաց իր գանձարանից 100 գրամանոց ոսկե ձուլակտոր բերեց։ «Երբ փող ունենաք, կվճարեք պարտքը»,-ասաց նա և ձուլակտորը մեզ տվեց։ Անմոռանալի անձնավորություն էր։ Տուփ պատրաստող Հրաչն էլ (Հրաչ Ջելալյան) տարբերվող մարդ էր։ Ստամբուլում մեկ-երկու նրա նման մարդ կար շուկայում։ Մենք վարպետ Հրաչի հետ մեծացանք, իհարկե։ Նրա պատրաստած տուփերը շատ հայտնի էին։ Ձեռագործ էին․․․ մանյակի համար, թևնոցի համար, գլխազարդի համար․․․ Նա միշտ ամենագեղեցիկն էր պատրաստում։
– Հասկացա, որ Այ-խանը 70-ական թթ․ ամենալավ ժամանակներն էր ապրում։
– Այո՛, հիմա այդպիսի բան չկա։ Ապրանքը պատրաստի վիճակում է։ Ձեռքով գործ անող 5-10 մարդ անգամ չի մնացել։ Վաղուց բոլոր գործերն այլևս ձեռքով չեն արվում։ Մի մետաղ էին հալեցնում, դնում գազաբալոնի մեջ, հետո վարպետն այն վերցնում էր, տախտակի վրա նկարում, ձև տալիս, և արտադրանքը պատրաստ էր։ Ամեն բան ձեռքի գործ էր։
– Պարո՛ն Մերուժան Դուք էլ 70-ական թթ․ այնտեղ էին։ Մինչև ե՞րբ այնտեղ մնացիք։
– 40 տարեկանում Ֆրանսիա գնացի, 10 տարի այնտեղ մնացի, 50 տարեկան հասակում վերադարձա։ 1978 թ․ դարձյալ Ֆրանսիա գնացի։
– Այս մասնագիտությունը կամաց-կամաց ձեր նման վարպետներից անցնում է ձեռներեցներին, դա անշրջելի իրողություն է, ե՞րբ հասկացաք, որ իրավիճակն այդպիսին է։
– Որոշ ժամանակ անց մեզ մոտ գործ պատվիրող մարդ չէր մնացել։ Հաճախորդներն էլ սկսել էին քչանալ։ Սադըքզադեներն էին գալիս։ Վարպետս տուփը տալիս էր, ներսը ականջօղ-մատանիներով լի, երեկոները տանում էինք տները, որ տիկինները, աղջիկները հավանեն։ Տուփը դատարկ՝ հետ էինք գալիս։ Հետաքրքրվողներ կային, հասկացողներ կային։ Տիկին Սըդըքան էր գալիս՝ Նարմանլը խանի տերերից մեկը։ Իմ խանութում նամազ էր անում։ Նա գորգ ուներ։ Նույնիսկ նրա համար նոր գորգ էի գնել։
– Լավ, պարո՛ն Մերուժան, իսկ այն ժամանակվա ո՞ր վարպետներին եք հիշում՝ լինի Փակ շուկայից թե Այ-խանից։
– Լևոն Չամիչյանին, Սերվիյանին եմ հիշում, հաճախորդներից՝ Քեմալ Գյունդողդուին։ Ազնվական մարդիկ էին նրանք, չէին տարբերակում մուսուլման-ոչ մուսուլման։ Բոլորին նայում էին որպես մարդու։ Փակ շուկայում՝ Չուհաջը խանում, սրճավաճառ Ավետիսին եմ հիշում։ Շաբաթ օրերին փող էր հավաքում։ Զարդերը նախագծողները գումար չունեին։ Իրենց վերարկուն թողնում էին խանութում, շապիկով դուրս էին գալիս։ Աշակերտն այն կես ժամ հետո տանում էր պայմանավորված վայր։ Այսինքն՝ սրճագործի մոտ ցույց էին տալիս, թե դեռ դուրս չեն գալիս։ Ավետիսը երկուշաբթի օրը, եթե տեսներ նրանց, փողը չէր ուզի, սովորել էին շաբաթ օրվան։ Լավ ապրելակերպ էր։ Ոչ ոք մյուսի գումարը չէր ուտում։ Ով որ գումար ուներ, տալիս էր, չունենալու պատճառով էր այդպես լինում։
– Արա Թելլեր- Ես մի ցուցակ եմ կազմել, որտեղ առկա են այն մարդիկ, որոնց հիշում եմ, հաշվենք՝ Լեոն Սարան, Ազիզյան, Մյուբարեքյան, Արամ Կարեն, Ֆրանգուլի, Միրիջան Թելլալյան։ Թելլալյանը Աղա մզկիթի դիմաց էր աշխատում, շատ վաղ տարիքում մահացավ։ Հայկ Քյոշեին, Իթիմաթ Ռաշելին, Սարը Քոչոյին, Սոտիրիին, Թոդորիին, Յանի Սենակիին ու եղբորը՝ Յորգո Սենակիին եմ հիշում․․․ Սանտա-Մարիա խանում շատ լավ վարպետներ կային՝ Յորգո Գլիչերը, Նիսանդրոս Վիդալիսը և եղբայրը՝ Նիկո Վիդալիսը, Սարանի կողքին՝ խանում Նիկո Կուզուդիսը, գեղեցիկ հույն երեխա էր նա դեռ, մեկ էլ վերևում՝ Բեյօղլուում Ատլաս կինոթատրոն չհասած մի խանում, Ֆոտիի արհեստանոցն էր։ Զարմայրին եմ հիշում, որը հատուկ հաճախորդներ ունեցող ոսկերիչ էր։ Մայըս ոսկերիչին, երկու եղբայրներ Հակոբին և Սողոմոնին եմ հիշում։ Նրանք էլ Ամերիկա գնացին։ Հակոբը մահացել է։ Աստված հոգին լուսավորի։ Պաոլիսը խանութ ուներ Սուրբ Անտոնիոս Պոդացու եկեղեցու կողքին։ Դա մի հսկայական ոսկերչական խանութ էր, հիմա տեղում ռեստորան է։ Կյանքի վերջին տարիներին Պաոլիսն էլ Ամերիկա գնաց։ Հայտնի լաքապատող ունեինք՝ Հայկ Ալյանաքը։ Նա էլ աշխատում էր Շատո Պասաժում և գեղեցիկ լաքապատումներ էր անում։ Գեղամ Նուբարին եմ հիշում, Լաքապատող Սարգսին։ Այ-խանում մի Սարգիս ևս կար։ Կեսարացի Մուգրիկին ու եղբորն եմ հիշում։ Մուգրիկը մի քիչ պարծենկոտ էր, սակայն խելացի էր, գնաց Բոստոն։ Այնտեղ հայտնի դարձավ։ Մարկո Յուսուֆը, Թանթանա Սարգիսը, Քալեմքար Հրիստակիսը, Մեթին Թաշչըն, Աժդա Փեքքանիի ոսկերիչ՝ Մեթին Թաշչըն, որը գեղեցիկ գործեր էր անում․․․ Ալեկոյին եմ հիշում, բավականին ծերացել էր, սակայն աշխատեց, ինչքան կաորղացավ։ Ոսկեզօծող Արան կար։ Ամերիկայի հյուպատոսության հենց դիմաց էր աշխատում։ Նա այնտեղի փողոցներում գործ էր անում։ Վերևում՝ դեպի Աղայի մզկիթ, Սենոյի խանութն էր, նա էլ լավ ոսկերիչ էր և աշխատելու իր ոճն ուներ։ Գրեթե բոլորը մահացել են։ Աստված հոգիները լուսավորի։ Շատ արժանավոր վարպետներ էին։
(Վերծանող՝ Ջեմ Սունայ)
http://www.agos.com.tr/tr/yazi/23577/bir-zamanlar-beyoglunda-ermeni-ve-rum-kuyumcu-ustalar-vardi?fbclid=IwAR1rlVoZ4WGMLZlascmucYHvqq8jChBV2hzpObmvy7MAdsSNwEJaF7dWyZA
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.