İçeriğe geçmek için "Enter"a basın

Մենք գրիպը դիտարկում ենք որպես կյանքի մաս, իսկ COVID-19-ը՝ ահաբեկչական գործողության նման մի բան․ Նուբար Աֆեյան

Մինչ աշխարհի տասնյակ հետազոտական խմբեր պայքարում են COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը ստեղծելու համար, փետրվարի վերջին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի «Մոդեռնա» կենսատեխնոլոգիական ընկերությունը հայտարարեց, որ ԱՄՆ-ի Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ է առաքել իր կլինիկական պատվաստանյութերի առաջին խմբաքանակը, որը կոչվում է mRNA-1273՝ ուսումնասիրության ծրագրված առաջին փուլում օգտագործելու համար:

Պատվաստանյութը փորձարկվելու է Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում, 45 առողջ անձանց վրա:

Մոդեռնայի հետազոտողները առաջինն են ստեղծել mRNA տեխնոլոգիայի միջոցով փորձարկմանը պատրաստ պատվաստանյութեր: Ընկերությունն օգտագործում է սուրհանդակ RNA (mRNA)՝ գենետիկ նյութի ձև՝ անձի բջիջներին ցուցումներ տալու համար: Այս տեղեկատվությունից բջիջները պահանջում են անհրաժեշտ հակամարմիններ` վիրուսներից պաշտպանվելու համար: Այլընտրանքորեն, հրահանգները կարող են օգտագործվել նաև բջիջներին հանձնարարելու սպիտակուցներ արտադրել, որոնք պակասում են որոշ հիվանդությունների դեպքում:

Հասկանալու համար Մոդեռնայի հաջողությունների հիմքում ընկած աշխատանքը, ՍիվիլՆեթի Սյուզաննա Պետրոսյանը զրուցել է ընկերության հիմնադիր և նախագահ, դոկտոր Նուբար Աֆեյանի հետ, որը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հոգաբարձուների խորհրդի անդամ է: Աֆեյանը բարերար է, «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության համահիմնադիր։

– Եթե փորձարկումները հաջող ավարտվեն, ո՞րն է պատվաստանյութի հաստատման և մատչելիության իրատեսական ժամկետը: Եվ, նման ճգնաժամերի ժամանակ, արդյոք արագանո՞ւմ են ընթացակարգերը:

– Իսկապես, կլինիկա մուտքի արագությունը եղել է աննախադեպ։ Անորոշություն կա այն հարցի շուրջ, թե ինչ է լինելու դրանից հետո: Մենք մի քանի օրից փորձարկելու ենք նմուշները առողջ կամավորների վրա: Առաջին փուլը զուտ նայում է, թե արդյոք առողջ մարդկանց համար դա անվտա՞նգ է, որից հետո այն փորձարկվելու է ավելի մեծ խմբի վրա, որը կլինի երկրորդ փուլը: Դա կտևի մի քանի ամիս:

Այնտեղ դուք փորձում եք տարբեր փոփոխականներ, մասնավորապես` թե որն է առավել արդյունավետ դոզան, որն ստեղծում է ուժեղ իմունային պատասխան: Միայն երրորդ փուլում է, որ փորձարկվում են հազարավոր մարդիկ: Հազարավոր մարդկանց վրա փորձարկման երկու հիմնական պատճառ կա: Մեկը` համոզվել, որ այն լայնորեն անվտանգ է, ոչ միայն 10, 20 մարդու համար: Երկրորդ պատճառն այն է, որ հարկավոր է որոշակի քանակությամբ մարդիկ վիրուսի ազդեցության գոտում` երաշխավորելու, որ գոնե նրանցից ոմանք կարող են շփում ունեցած լինել վիրուսի հետ, որպեսզի հնարավոր լինի տեսնել բուժման ազդեցությունը: Այսինքն, եթե բնակչության 10 տոկոսը ենթարկվեր վիրուսի ռիսկին, ապա ավելի փոքր փորձարկում կարվեր: Բայց քանի որ թվերը դեռևս բավականին փոքր են որպես բնակչության տոկոս, պետք է փորձարկվի մեծ թվով մարդկանց վրա:

Թայմինգը բարդ է որոշել։ ԱՄՆ իշխանությունները, որոնց հետ մենք համագործակցում ենք, այդ թվում դոկտոր Էնթոնի Ֆաուչին, որը Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավարն է, ասում են, որ փորձարկումները տևում են 12-18 ամիս: Արտակարգ իրավիճակներում պետք է մտածել այն մասին, թե ինչ կարելի է անել հատկապես բնակչության խոցելի խմբերի համար, ինչպիսիք են առողջապահական աշխատողները կամ առողջության այլ բարդություններ ունեցող անձինք, որոնք ենթակա են վիրուսը կրելուն: Նման դեպքերում մարդիկ ուզում են փորձել ամեն ինչ, բայց կա իրական վտանգ, որ ոչ միայն կարող են լինել անհայտ հետևանքներ, այլև որ այն իսկապես վտանգում է այն թերապևտիկ թերապիայի մեթոդաբանությունը, որը ոչ ոք չի ցանկանում ձախողել ՝ շտապելով:

– Մոդեռնան պատվաստանյութը ստեղծեց COVID_19 վիրուսի գենետիկ հաջորդականությունը ստանալուց 42 օր հետո: Ինչպիսի՞ն էին այդ 42 օրերը կուլիսներում:

– Մոդեռնայի թիմը, որն ունի գիտական և արտադրական մեծ բաժիններ, աշխատել է անընդմեջ ու ցուցաբերել մեծ նվիրվածություն՝ արագ առաջ անցնելու համար։ Մեզ համար լավ նորությունն այն էր, որ մեր թիմը համագործակցում էր Առողջապահության ազգային ինստիտուտի թիմի հետ` այլ կորոնավիրուսային պատվաստանյութերի շուրջ: Օրինակ, մենք նրանց հետ աշխատում էինք Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշի (MERS) պատվաստանյութի վրա՝ օգտագործելով նույն mRNA տեխնոլոգիան: Այնպես որ, մենք զրոյից չենք սկսել, լավ հարաբերություններ ունեինք և դրա շնորհիվ կարողացանք արագ առաջ շարժվել։ 

Մյուս հետաքրքրական փաստն այն է, որ Մոդեռնան աշխատում է բազմատեսակ դեղամիջոցների և պատվաստանյութերի վրա: Եվ որպես այդպիսին, մենք երկար տարիներ է՝ աշխատում ենք այսպես կոչված քաղցկեղի պատվաստանյութի վրա: Այն ներառում է ուռուցքից նմուշ վերցնելը և դրանում իմունոգենի հայտնաբերումը, ինչը նշանակում է, որ հիվանդի իմունային համակարգը, եթե ունենա դրանցից բավարար չափով, կարող է իմունային հակահարված տալ և սպանել քաղցկեղը: Մենք միակը չենք, որ աշխատում ենք դրա վրա, սա մի ամբողջ ոլորտ է, որը կոչվում է թերապևտիկ պատվաստանյութեր: Դրա մասին ասում եմ, որովհետև մենք Մոդեռնայում աշխատում ենք քաղցկեղի անհատական պատվաստանյութի (PCV) ծրագրի վրա: PCV- ն պահանջում է շատ արագ մեթոդաբանություն, որը անցնում է հիվանդի ուռուցքի հաջորդականությունից՝ անտիգենները նույնականացնելու, դրանք շատ արագ պատրաստելու, սրվակի մեջ դնելու և առաքելու համար, որպեսզի փորձարկվի հենց այդ նույն հիվանդի վրա: Աշխատանքային հոսքը նույնն է, ինչ այն, որն օգտագործելու ենք COVID-19-ի համար:

– Դեղամիջոցների որևէ զարգացում տեղի ունեցե՞լ է այլ երկրներում, բացի ԱՄՆ-ից: Այլ ընկերություններ, կարծես, այս հարցում համագործակցում են չինացիների հետ:

Մոդեռնան աշխատում է տեղում, Քեմբրիջում և Բոստոնում: Իհարկե, մենք համագործակցում ենք ամբողջ աշխարհի մարդկանց հետ, բայց հիմնական աշխատանքն այստեղ է արվում:

– Հաշվի առնելով, որ Մոդեռնայի ներկայիս պատվաստանյութերի հավակնորդներից շատերը դեռ փորձարկումների 1-ին և 2-րդ փուլերում են, արդյոք քննարկումներ եղե՞լ են արտադրության ծավալների բարձրացման վերաբերյալ, որպեսզի COVID-19 պատվաստանյութի հաստատման դեպքում պահանջարկը բավարարվի։

– Այս պատվաստանյութը առաջ տանելու հիմնական տարրը արտադրական կարողությունների ավելացումը կլինի: Մենք արդեն ունենք հատուկ արտադրական ձեռնարկություն Մասաչուսեթսի նահանգի Նորվուդ քաղաքում: Այն նմանատիպ պրոդուկտի արտադրության ավտոմատացված միջոց է, բայց այդ օբյեկտը նվիրված է շատ այլ mRNA-ի վրա հիմնված դեղամիջոցների արտադրությանը: Այսպիսով, որպես արտադրական հզորությունը մեծացնելու մաս, մենք պետք է ավելացնենք նոր արտադրական կարողություններ առաջիկա շաբաթներին և ամիսներին:

– Չնայած սկզբնական հաջողություններին՝ Մոդեռնան զերծ չի մնացել քննադատություններից։ Դրանք ներառում են գաղտնի տվյալներ, ուղեղների արտահոսք։ Ինչպե՞ս եք արձագանքում քննադատողներին և, որպես նախագահ, ինչպե՞ս եք հավասարակշռում ընկերության առօրյա կառավարման խնդիրները՝ իր հիմնական նպատակի հետ` պատմականորեն անտեսված հիվանդությունների բուժումն ապահովելու համար:

– Ընկերության իննամյա պատմության առաջին երեք տարիներին մենք բավականին գաղտնապահ էինք և ոչ թե այն պատճառով, որ ուզում էինք այդպիսին լինել, այլ որովհետև չգիտեինք, թե ինչով է ավարտվելու։ Մենք չգիտեինք, թե ինչը կաշխատի, ինչը ոչ։ Գիտությունը լուսաբանող լրատվամիջոցների մեջ կա մի հետաքրքիր թյուր կարծիք՝ նրանք կարծում են, որ ինչ-որ կերպ դա կանխատեսելի է և վավեր, և որ դուք պետք է թափանցիկ լինեք: Իրականությունն այն է, որ եթե անընդհատ փորձերի ու ձախողումների մեջ եք, դժվար է կանխատեսել՝ ինչ եք գտնելու։ Խորքում եղած խնդիրն այն է, որ սկզբում անընդհատ փորձում ես, ձախողվում, մինչև գտնում ես այն, ինչն աշխատում է: Եվ երբ այն աշխատում է, խոսելու բան ունես: 

Դեղերի հայտնագործության ասպարեզում, որտեղ ենք, շատ սահմանումներ կան, թե ինչն է գործում: Դա կարող է նշանակել, որ այն «աշխատում է» լաբորատորիայում, կամ «աշխատում է» կենդանիների վրա փորձարկումներում, կամ «աշխատում է» վաղ կլինիկական փորձարկումներում: Եվ եթե այն բավականին երկար ժամանակ չի ձախողվում, ապա դա, ի վերջո, հաջողված է համարվում: Քանի դեռ չեք անցնել ճանապարհը, սա մի փոքր նման է առաջին անգամ մարաթոնի մասնակցող ինչ-որ մեկին հարցնելուն՝ առաջին մղոնն անցնելուց հետո ինչն է նրանց ստիպում մտածել, որ հասնելու են ավարտի գծին, ինչն է նրանց ստիպում մտածել, որ նրանք առաջինը կլինեն: Պատասխանը՝ ոչինչ ձեզ իրականում չի ստիպում դա մտածել։ Ուստի ես կասեի «մեղավոր է հանցանքի մեջ», քանի որ դա վերաբերում է մեր հետազոտություններին ու փնտրտուքներին, և նոր բաներ փորձելուն:

– COVID-19 պատվաստանյութից բացի, Մոդեռնայում արդյոք կա՞ այլ  հնարավոր պատվաստանյութ, որի մասին կուզեիք նշել։ 

– Առավել առաջադեմ ծրագիրը ցիտոմեգալովիրուսն է (CMV), որը վարակում է բնակչության մոտ 60-70 տոկոսին: Հղի կանանց մոտ այն մեծացնում է նորածինների բնածին արատի ռիսկը: Մենք նոր ենք ավարտել մեր փորձարկումների 2-րդ փուլի համար հիվանդների հավաքագրումը և, եթե այն լավ ընթանա, շուտով կսկսենք 3-րդ փուլը: Դա պետք է լինի լայնորեն կիրառելի պատվաստանյութ: Մենք նաև երկու փորձարկում ենք անցկացրել համաճարակային գրիպի վերաբերյալ:

– Երբ աշխատում էիք դոկտոր Ֆաուչիի հետ, որը ղեկավարում է ԱՄՆ-ի Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը, ինչպե՞ս ընտրվեց պատվաստանյութի չեզոքացնող հակամարմինը: Հավանաբար կային բազմաթիվ թիրախներ, որոնց հետևից կարող էիք գնալ։ Ինչպե՞ս ընտրեցիք այդ մեկը:

– Դա արվեց նրանց՝ այլ կորոնավիրուսների հետ տարիներ շարունակ աշխատելու փորձից ելնելով: Նրանք ունեն դրա վերաբերյալ գիտելիքը, և այդ պատճառով մեր գործընկերությունն արտակարգ արդյունավետ է։ Այն իսկապես գործընկերություն է: Այնպես չէ, որ նրանք խնդիրն ունեն, և մենք լուծում գտանք։ Աշխարհը կանգնած է խնդրի առաջ, և մենք երկուսս էլ լուծման մի մասն ունեինք, և հիմա կտեսնենք, թե արդյոք պատվաստանյութը գործում է:

Կորոնավիրուսի այս դրվագը կտրուկ փոխելու է հասարակության վերաբերմունքը գրիպի հարցում: Մարդիկ կարծում են, որ սա մեզ պատրաստում է ապագա սպառնալիքներին, բայց մենք արդեն իսկ ապրում ենք ներկա սպառնալիքի պայմաններում: Մարդաշատ վայրեր գնալու վարքը, որտեղ ինչ-որ մարդիկ փռշտում և հազում են, այդպես փոխանցում են գրիպը, ճիշտ այնպես, ինչպես և COVID-19-ը: Այնուամենայնիվ, մենք գրիպը դիտարկում ենք որպես կյանքի մաս, իսկ COVID-19-ը՝ ահաբեկչական խոշոր գործողության նման մի բան: Կամ մենք ստիպված կլինենք սկսել տնից աշխատել, քանի որ վախենում ենք գրիպից, կամ պետք է գտնենք դրա մեղմման այլ եղանակներ:

Read the interview in ENGLISH.

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

https://www.civilnet.am/news/2020/03/12/Մենք-գրիպը-դիտարկում-ենք-որպես-կյանքի-մաս-իսկ-COVID-19-ը՝-ահաբեկչական-գործողության-նման-մի-բան%E2%80%A4-Նուբար-Աֆեյան/378222

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın