Օրերս լույս է տեսել աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի «Հայաստան, Ադրբեջան և Թուրքիա»․ մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում»անվանմամբ չափազանց հետաքրքիր աշխատության հայերեն տարբերակը։
Գրքում մշակութային, աշխարհագրական և պատմական քննարկման և հատկապես պատմական քարտեզների միջոցով հեղինակը պարզաբանում է այն հակասությունները, որոնք տարածում են մեր հարևան թրքաբնակ երկրները։ Այդ հակասությունների հեղինակները հատկապես Ադրբեջանի իշխանություններն ու գիտնականներն են, որոնք ջանք ու գումար չեն խնայում իրենց կեղծ տեսությունները տարածելու համար՝ դրանք ներկայացնելով իբրև ճշմարտություն։
Հեղինակի աշխատությունն արծարծում է հետևյալ նյութերը, որոնք համապատասխանաբար ներկայացված են առանձին բաժիններով․
1․ Ակնարկ Հարավային Կովկասի պատմությանը
2․«Ադրբեջան» թյուրանվանումը
3․«Մեծ Հայք» և «Փոքր Հայք» անվանումները
4․ Ադրբեջանի անունը, լեզուն և գիրը
5․«Հայկական բարձրավանակ» կամ «Հայկական լեռնաշխարհ»
6․Ի՞նչ է և ո՞րն է Անատոլիան
7․«Հյուսիսային», «Հարավային» և «Արևմտյան Ադրբեջան» անվանումները
8․ Հայերի ներկայությունը Հարավային Կովկասում
«Ադրբեջան» թյուրանվանումը բաժնում հեղինակը գրում է․
«1918 թ․ պատերազմի ավարատին տարածաշրջանում բոլորն անակնկալի եկան՝ տեսնելով, որ նորաստեղծ անկախ հանրապետություններից մեկը յուրացրել է իր հարևան երկրի նահանգի՝ Իրանի Ադրբեջան կամ Ատրպատական նահանգի անունը»։
Իրանի առաջադեմ մտավորականներից ու իշխանավորներից շատերն են բողոքել դրա դեմ, բայց արևմտյան պետությունները, տարված իրենց ներքին հարցերով, ուշադրություն չեն էլ դարձրել։ Փոխարենը աշխարհի տարբեր գիտնականներ, տարբեր ժամանակներում անդրադառնալով այդ խնդրին, հաստատել են, որ Արբեջանի հանրապետության անվանումը որևէ պատմական հիմք չունի։
Չնայած նոր անվանմանը՝ այդ երկրի ժողովուրդն իրեն շարունակում էր կոչել թուրք, թաթար կամ ընդհանրացված՝ մահմեդական։ Սակայն 1936 թվականին Ստալինը համագումարում հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդն այսուհետ իրեն պետք է կոչի «ազերի-ադրբեջանցի»։
«Ադրբեջանի անունը, լեզուն և գիրը» բաժնում հեղինակը ներկայացնում է այն իրողությունը, որ ադրբեջնացիների լեզուն Կենտրոնական Ասիայի թյուրքական օղուզ ցեղի ենթալեզուներից է, որոնք Պարսկաստանի շրջան են հասել 11-րդ դարում։ Մինչդեռ ադրբեջանցիներն իրենց լեզուն անվանում են «ազերի»։
Անգամ հայտնի թուրք պատմաբան Իլբեր Օրթայլին հետևյալն է ասում․ «Ադրբեջանի լեզուն մեր լեզվի բարբառներից է, որը գործածվում էր մեր քաղաքակրթության նախնական շրջանում։ Պարսկերեն տերմինները նրանց լեզվում շատ ավելի տարածված են, քան մեր լեզվում։ Մեր լեզում զարգացել է, իսկ նրանցը՝ ոչ»։
«Ազերի լեզուները թյուրքական չեն և սերվում են միջին պարսկերեն պահլավական լեզվից»,-ասում են պարսիկ պատմաբաններն ու լեզվաբանները։
Ինչ վերաբերում է Ատրպատականի բնիկների հինավուրց «ազերի» լեզվին, այն սելջուկյան արշավանքներից սկսած աստիճանաբար անհետացել և գործածությունից դուրս է եկել՝ տեղը զիջելով Պարսկաստանի այդ շրջանը գրաված թյուրքական նորեկ ցեղերի լեզվին, որոնք գրավելով Պարսկաստանի այս շրջանը՝ հաստատել են թյուրքական նոր .իշխանություններ։
Ներկայիս Ադրբեջանի Հանրապետության իշխանություններն ու պատմաբանները հայտարարում են, թե Ադրբեջանը տարածաշրջանում որպես երկիր ունեցել է 5000 տարվա պատմություն, իսկ որպես անկախ պետություն գոյություն է ունեցել 2000 տարի։
Աշխատության հեղինակը հակադարձում է․ «Որևէ հնագույն կամ միջնադարյան կոչվող մշակույթ, որն իրեն համարում է ինքնուրույն և զարգացած քաղաքակրթություն, պետք է ունենա որևէ տեսակի գիր՝ գրված հիերոգլիֆներով, սեպագրերով կամ ինչ-որ այլ տեսակի այբուբենով, ինչպես եգիպտականը, բաբելոնյանը, ասորականը, պարթևականը, հայկականն ու հունա-հռոմեականը․․․Այնինչ, լեզուն, որով ադրբեջանցիները խոսում են, թուրքերենն է, որը նույն շրջան է հասել և դարձել գործածական լեզու միայն 500 տարի առաջ․․․»։
Հնագույն ժամանակներից մինչև 1918-1920 թթ․ Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադրվելը ողջ թյուրքալեզու բնակչության գրականությունը պարսկերեն և պարսից-արաբատառ այբուբենով էր։ 1922-29 թթ․ գրավոր լեզուն աստիճանաբար փոխվեց թյուրքերենին հարմարեցված մի լատինատառ տարբերակի։
«Հազիվ մեկ տասնամյակ անց՝ 1937-39 թթ․, կիրիլատառ գիրը ստալինյան տարիներին սկսեց գործածվել ԽՍՀՄ-ի համարյա բոլոր պետություններում, բացառությամբ երկուսի՝ Հայաստանի և Վրաստանի, որոնք պահպանեցին իրենց այբուբենը»։
1992 թ․ Ադրբեջանում այբուբենը կրկին փոխվեց լատինատառի, որն այս անգամ շատ բաներով նման էր Թուրքիայում ընդունված այբուբենին։
Ռուբեն Գալչյանն իր աշխատության մեջ գրում է․ «Իլհամ Ալիևը, առանց իր նպատակները թաքցնելու, իրենց պատմաբաններին բացահայտ առաջադրանք տվեց ստեղծելու պատմություն, որը կփաստի, որ հայերը Կովկասի հարավում նորեկներ են և ոչ թե բնիկներ՝ դրա համար նրանց խոստանալով պարգևներ»։
2011 թ․ ապրիլի 26-ին Ալիևն Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր նիստի ընթացքում հայտարարեց․
«Ուրախ եմ, որ մեր գիտնակաները, դրական անդրադառնալով իմ կոչին, կարճ ժամանակամիջոցում այս տարածաշրջանի վերաբերյալ ստեղծեցին հրաշալի աշխատանքներ։ Պատմականորեն ամենակարևորը Երևանի խանության մասին եղած աշխատություններն են, քանի որ աշխարհի համայնքը համարյա անտեղյակ է, որ ներկա Հայաստան երկիրը կառուցվել է պատմական Ադրբեջանի հողերի վրա․․․»։
Ռուբեն Գալչյանը ցավով նկատում է՝ պատմության վերաշարադրումն ու «հայեր», «Հայաստան» անունները տարածաշրջանի պատմագրությունից հանելն այժմ մեծ թափով առաջ է ընթանում։
«Հայերը Հարավային Կովկասում»
Այս բաժնում աշխատության հեղինակը պատմական բազմաթիվ փաստերի միջոցով վերահաստատում է Հարավային Կովկասում հայերի պատմական ներկայությունը։
Եփրատից հյուսիս ընկած տարածաշրջանում հայերի ներկայության մասին նա անգամ նախաքրիստոնեական պատմական փաստեր է ներկայացնում։
Օրինակ՝ Հերոդոտոսը (մ․թ․ա․ 484-425 թթ․), որը համարվում է արևմտյան պատմագիտության հիմնադիրը, իր «Պատմություն» աշխատության մեջ նշում է Հայաստանի ու հայերի մասին՝ նրանց տեղադրելով Եփրատից Հյուսիս ընկած տարածաշրջանում։ Ստրաբոնը (մ․թ․ա․ 64 մինչև 25) իր «Աշխարհագրություն» աշխատության 11-րդ հատորում մանրամասն գրում է հայերի, ինչպես նաև Հայաստանի տեղագրության, բնության ու ապրելակերպի, պատմության մասին»։ Պլինիոս Ավագը (23-79 թթ․) Կուր գետից հարավ ընկած տարածքն անվանում է «Հայաստան»։
Այս ամենին զուգահեռ՝ որևէ ժամանակաշրջանի պատմական աղբյուրներում որևէ վկայություն չկա ադրբեջանցիների բնիկ լինելու վերաբերյալ։
«Տարածաշրջանում հայերի ներկայության անհերքելի փաստերից են նաև այդտեղ պատրաստված հայերեն բազմաթիվ ձեռագրերը, որոնք ունեն գերազանցապես կրոնական բնույթ»,-գրում է հեղինակը։
Գալչյանի խոսքով՝ ադրբեջանական անհիմն տեսությունները և պնդումներն անտեսում են նաև արևմտյան և իսլամական մեծաքանակ գրականությունը, որտեղ խոսվում է Կովկասի Հարավում, Շամախիում, Շաքիում, Գանձակում, Շիրվանում և այլուր հոծ քանակով բնակվող հայ ժողովրդի մասին, որոնք 1989-1992 թթ․ արտաքսվեցին իրենց պապենական գյուղերից ու տներից։
Ռուբեն Գալչյանը, որը հեղինակել է հայ ժողովրդին ու Հայաստանին վերաբերող բազմաթիվ արժեքավոր այլ աշխատություններ, այս գրքով ևս հակազդում է ադրբեջանական և թուրքական քարոզչությանը՝ ներկայացնելով անհերքելի փաստեր ու իրողություններ։
Աշխատությունը 2019 թ․ նախ լույս է տեսել անգլերեն լեզվով։ Իսկ հայերեն նոր հրատարակությունն արդեն հասանելի է երևանյան գրախանութներում։
ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԻ ՀԱՄԱՌՈՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ծնվել է Թավրիզում, Մեծ Եղեռնին Վանից տարագիր գաղթականների ընտանիքում, որոնք Թավրիզ էին հասել Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի ճանապարհով: Թեհրանում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո կրթաթոշակ է ստացել սովորելու Բրիտանիայի Բիրմինգհամ քաղաքում, որտեղ ուսանել է ճարտարագիտություն:
1970-ական թվականներին լրջորեն սկսել է աշխարհագրական հետազոտությունները՝որպես զբաղմունք (հոբբի): 1981-ին Լոնդոն տեղափոխվելով՝առիթ է ունեցել հետազոտելու Բրիտանիայի և Եվրոպայի գրադարաններում եղած քարտեզագրական հարուստ ժառանգությունն ու ծավալուն տեղեկությունները:
Նրա առաջին աշխատությունը եղել է «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» մեծդիր գիրքը: Մինչ այսօր հայ քարտեզագրական և պատմամշակութային նյութերով հրատարակել է 20 հատոր հայերեն, անգլերեն, ռուսերեն և պարսկերեն գիրք, դրանցից մեկն էլ հրատարակվել է Ստամբուլում՝ թուրքերենով:
2008 թ. Հայաստանի քարտեզագրությանը մատուցած իր ծառայությունների առթիվ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան նրան շնորհել է Պատվո դոկտորի կոչում, իսկ 2013-ին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
İlk yorum yapan siz olun