Ermenihaber.am-ն «Մեջլիսի հայը» խորագրով հարցազրույցների շարքի շրջանակում զրուցել է հայտնի թուրք փաստաբան Էրջան Քանարի հետ:
Նա անդրադարձել է Թուրքիայում խոսքի անազատությանը, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին, ահագնացող ազգայնական տրամադրություններին ու այդ ամենի համատեքստում մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ իրականացվող դատական հետապնդումներին։
Էրջան Քանարը հայտնի է Թուրքիայի ձախակողմյան հոսանքների ներկայացուցիչների, սոցիալիստների և քրդերի հետ կապված դատական գործընթացներում ակտիվ դերակատարում ունենալու, նրանց դատապաշտպանությունն իրականացնելու հարուստ փորձով։ Նա 1990-ականներին ղեկավարել է Մարդու իրավունքների կազմակերպության ստամբուլյան գրասենյակը:
Սկզբում Էրջան Քանարը հիշեցնում է, որ երբ 2002թ. «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) եկավ իշխանության, Թուրքիայի բանտերում դատապարտյալների թիվը մոտ 49 հազար էր։ Իսկ հիմա արդեն բանտերում կա ավելի քան 260.000 դատապարտյալ։
«Հիմա Թուրքիայում միանձնյա, բռնապետական համակարգ է գործում։ Բոլոր ընդդիմադիրների՝ առավելապես հայերի, քրդերի և սոցիալիստների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես «թշնամու հանդեպ ռազմական իրավունքի» կիրառում: Լրագրողների, փաստաբանների, գիտնականների, ուսանողների հանդեպ իրականացվող քրեկան հետապնդումներով Թուրքիան դարձել է աշխարհի առաջատար երկրներից»։
Փաստաբանը նաև նկատել է տալիս, որ միանձնյա բռնապետական համակարգն իր գոյությունը կարող է պահպանել միայն բռնաճնշումների, արգելքների և պատիժների միջոցով։ Եվ դրա համար էլ նույնիսկ ամենաանմեղ, խաղասիրական ցույցերն ու միջոցառումները Թուրքիայում ոստիկանության կողմից արգելվում են աննախադեպ բռնությամբ։
Ըստ Էրջան Քանարի՝ Կարո Փայլանի դեմ հարուցված գործն ամբողջովին պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով։ Ներկայումս շարունակվող հետապնդումների և դատավարությունների մեծ մասում բացակայում է քրեական տարրը, բայց դրան հակառակ՝ թուրքական իշխանությունների քաղաքական օպորտունիստական վարքագծի պատճառով այդ դատավարությունները շարունակվում են։
«Դրանք ընթանում են քրեական իրավունքի խախտումներով: Միայն ընդդիմադիր լինելն արդեն բավարար է, որ քրեական հետապնդում իրականացվի և պատիժ սահմանվի մարդու նկատմամբ։ Գաղափարական գրաքննության ճանապարհով են դատավարություններ իրականացվում։ Դատական համակարգը ամբողջովին դարձել է կառավարության ձեռքին գտնվող սուր։ Այն գործում է ոչ թե որպես իրավական, այլ կառավարական միավոր»,- նշում է թուրք փաստաբանը:
Շեշտում է նաև, որ այժմ Թուրքիայում շովինիստական և ազգայնական սադրանքները հասել են իրենց գագաթնակետին։ Պետության ղեկավարի ամեն խոսքը թշնամանք, քեն և ատելություն է տարածում։ Քանարի բնորոշմամաբ՝ վերջին 20 տարվա ամենաշովինիստական իշխանության ժամանակաշրջանն է հիմա Թուրքիայում։
«Եթե պետության ղեկավարը հակված լինի այդ տարբերակին,- նշում է փաստաբանը,- ապա Կարո Փայլանին կարող են և´ զրկել անձեռնմխելիությունից, և´ ձերբակալել։ Այնպես, ինչպես վարվեցին այլ պատգամավորների հետ։ Հասարակությունից եկող բողոքի ձայնը, ցավոք, դեռ թույլ է։ Այնուամենայնիվ, եթե առաջիկա ՏԻՄ ընտրություններում իշխող ԱԶԿ-ն և իր դաշնակիցները ծանր պարտություն կրեն և արտահերթ ընտրությունների հեռանկար բացվի, ապա դատական բյուրոկրատիայում էլ կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ, և նրանց վերաբերմունքը կարող է փոխվել»:
Կարևորելով այս հարցում միջազգային հանրության և մասնավորապես մարդու իրավունքների կազմակերպությունների դերը՝ Էրջան Քանարն ընդգծում է.
«Amnesty International» կազմակերպությունը, արհմիությունները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիսարը, խոսքի ազատության ջատագով քաղաքական ուժերը պետք է իրենց ձայնը բարձրացնեն ի պաշտպանություն Կարո Փայլանի»։
Հեղինակ` Գևորգ Կալլոշյան
https://www.ermenihaber.am/am/news/2019/03/04/ՄԵՋԼԻՍԻ-ՀԱՅԸ-Թուրքիա-Կարո-Փայլան/149222
İlk yorum yapan siz olun