Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Մոսկվան եւ Երեւանը պետք է համագործակցեն անվտանգության ոլորտում՝ ՀԱՊԿ-ի եւ այլ ինտեգրացիոն միությունների գծով:
«Կարծում եմ, որ դինամիկան լավն է, պետք է այն պահպանել: Մենք պատրաստ ենք այդ անել, կանենք ամեն հնարավորը, որպեսզի հարաբերությունների նման մակարդակը պահպանվի ոչ միայն այդ ոլորտում (տնտեսություն), այլեւ այլ ուղղություններով: Նկատի ունեմ նաեւ անվտանգության ապահովման ոլորտը, ՀԱՊԿ մասով մեր համագործակցությունը: Խոսենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության մասին», – ասել է Պուտինը՝ հավելելով, որ այս հանդիպումը բավականին հարուստ օրակարգ ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Փաշինյանին Կրեմլում ողջունելով՝ Պուտինը նշել է, որ դա վարչապետի պաշտոնակատարի առաջին այցն է ՌԴ՝ հանրապետության ընտրություններում նրա կուսակցության հաղթանակից հետո:
«Ցանկանում եմ ձեզ հաջողություն մաղթել, հաջողություն բոլոր ծրագրերի իրականացման գործում, որոնք դուք դրել եք ձեր թիմի առջեւ` հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի բարօրության», – ասել է Ռուսաստանի նախագահը:
Նա ընդգծել է, որ Մոսկվային եւ Երեւանին միավորում են իսկական միութենական հարաբերությունները, որոնք լի են մեծ բովանդակությամբ, ինչի մասին են վկայում երկու երկրների տնտեսական համագործակցության ցուցանիշները։
Իր հերթին Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը մտադիր է բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, դրականորեն է տրամադրված ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հարցում։ Նա Պուտինին հրավիրել է 2019թ․ պաշտոնական այցով գալ Հայաստան։ «Մենք նույնպես Ձեզ հաջորդ տարի պաշտոնական այցով սպասում ենք Հայաստանում, եւ դա նույնպես մեզ համար շատ հաճելի կլինի»,- Պուտինի հետ Կրեմլում հանդիպման ժամանակ հայտարարել է Փաշինյանը։
İlk yorum yapan siz olun