İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքական նախապայմաններին պետք է հակադարձել հայկական նախապայմաններով. Սասունյան

Թուրքական նախապայմաններին պետք է հակադարձել հայկական նախապայմաններով: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Անցյալ շաբաթ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր կառավարությունը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն առանց նախապայմանների:

Այս հայտարարությունն անակնկալի բերեց հայերի մեծամասնությանը, որոնք հույս ունեին, որ Փաշինյանը չի կրկնի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի սխալը, որը տասը տարի շարունակ հանդես էր գալիս ի պաշտպանություն հայ-թուրքական արձանագրությունների վավերացման, որոնցով նախատեսվում էր դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ եւ բացել նրանց ընդհանուր սահմանը։

Սակայն, արձանագրությունները ներառում էին նաեւ թեմային չառնչվող մի շարք հարցեր, ինչպես օրինակ՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության պատմական հանձնաժողովի ստեղծումը: Թուրքիայի կառավարությունը, Ադրբեջանի ճնշման ներքո, պահանջեց, որ Հայաստանը տարածքային զիջումների գնա Արցախյան հակամարտության հարցում՝ նախքան արձանագրությունների վավերացումը։ Նախագահ Սերժ Սարգսյանը ստիպված էր մերժել այս նախապայմանը եւ չեղյալ հայտարարել արձանագրությունները այս տարվա սկզբին:

Առաջարկվող արձանագրությունները լուրջ վիճաբանություն առաջացրեցին Հայաստանի նախկին իշխանությունների եւ համայն հայության մեծամասնության միջեւ։ Այս տարվա մայիսին իշխանության գալուց հետո Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը կկենտրոնանա Հայաստանի ներքին խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են կաշառակերությունն ու կոռուպցիան, եւ չի փոխի երկրի արտաքին քաղաքականությունը: Հետեւաբար, Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, պարզապես նախկին կառավարության դիրքորոշման շարունակությունն է:

Դեռեւս 2018 թ. սեպտեմբերին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելեց Բաքու, նա մեկ անգամ եւս կրկնեց Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման իր նախապայմանները. «Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր հարեւանների հետ, բայց Թուրքիայի համար ղարաբաղյան խնդրի լուծումը բացարձակ նախապայման է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար»: Էրդողանը նաեւ նշեց իր անհամաձայնությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման Հայաստանի հետամուտ լինելուն։ 2018 թ. դեկտեմբերի 11-ին Էրդողանի մի ներկայացուցիչ մեկ անգամ եւս կրկնեց թուրքական նախապայմանները՝ ի պատասխան Փաշինյանի առաջարկի:

Զավեշտալի է, որ փոխանակ Հայաստանը նախապայմաններ դնի Թուրքիայի առջեւ՝ նախքան դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն համաձայնելը, Թուրքիան է պահանջում, որ Հայաստանը ենթարկվի իր նախապայմաններին։ Կարելի էր պատկերացնել, որ հայերը որպես թուրքական բարաբարոսական զանգվածային սպանդի զոհեր, պետք է պահանջեին, որ մինչ հարաբերությունների հաստատումը, Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ պատշաճ փոխհատուցում վճարի մարդկային եւ նյութական վիթխարի կորուստների համար… Թուրքիային ներկայացվող նման նախապայմանները խաղաթուղթ են հայ ժողովրդի ձեռքում, որը նա պետք է օգտագործի որպես սակարկության միջոց։ 

Իմ կարծիքով, Հայաստանի բազմիցս աղերսանքներն ուղղված Թուրքիային՝  դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու եւ իր սահմանը բացելու համար, ամոթալի են եւ բացահայտում են հայկական կողմի թուլությունը: Բացի այդ, հենց Թուրքիայի համար կարող է շահավետ լինել Հայաստանի հետ իր սահմանի բացումը՝ երկիրը ողողելով էժանագին թուրքական ապրանքներով։ Արդեն իսկ հայկական շուկաները լի են Վրաստանի տարածքով ներկրվող թուրքական արտադրանքներով՝ վնաս հասցնելով հայաստանյան փոքրածավալ արտադրողներին։ Թուրքիայի հետ սահմանի բացումը կործանման նախանշան կլինի հայկական ձեռնարկություններից շատերի համար։

Հայաստանի պաշտոնյաների կողմից Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու եւ ընդհանուր սահմանը բացելու հաճախակի նշվող պատճառներից մեկն այն հույսն է, որ նման ժեստով Հայաստանն աշխարհի աչքին կերեւա դրական լույսի ներքո, իսկ Թուրքիան՝ անբարյացակամ եւ թշնամական՝ մերժելով Հայաստանի առաջարկը։ 

Սակայն, թուրք ղեկավարները երբեք չեն մտահոգվում, թե աշխարհն ինչ է մտածում իրենց մասին։ Նրանք գործում են իրենց երկրի լավագույն շահերից ելնելով՝ անկախ այլոց կարծիքներից եւ քննադատություններից։ Նմանապես, Հայաստանի ղեկավարները պետք է պաշտպանեն իրենց երկրի շահերը, առանց փորձելու գոհացնել Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին կամ մեկ ուրիշին…

Ավելին, ոչ մի հայ պաշտոնյա չպետք է առանձին որոշում կայացնի աշխարհի բոլոր հայերի համար այդքան կենսական նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ, որն առնչվում է Թուրքիային։ Սա լուրջ սխալ է, որը գործել է նախագահ Սերժ Սարգսյանը, եւ հուսով ենք, որ Փաշինյանի կառավարությունը չի կրկնի նույն սխալը, այն ժամանակ, երբ Հայաստանի նոր ղեկավարները խրախուսում են սփյուռքահայերի միաձուլումը հայրենիքի հետ:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա չբացի Հայաստանի հետ սահմանը մինչեւ Բաքվի օգտին Արցախյան հակամարտության կարգավորումը։ Հետեւաբար, ճակատագրի հեգնանքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրենց անհամաձայնությամբ նրանք են, ովքեր խանգարում են Հայաստանին հասնելու իր սեփական շահերին վնասող համաձայնության։

Թեմայի առնչությամբ, Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալությունը կեղծ տեղեկություն էր տարածել, որ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը որպես «տհաճ դեպքերի»:

Ցավոք, որոշ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ վերարտադրել էին արտգործնախարարի պաշտոնակատարի խոսքերի թուրքական աղավաղումը: Ոմանք նույնիսկ քննադատել էին նրան, կարծելով, որ նա իրականում Հայոց ցեղասպանությունը բնութագրել է որպես «տհաճ դեպքեր»:

Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ճշտում է կատարել`նշելով, որ արտգործնախարարի պաշտոնակատարը նման բան չի ասել եւ, որ «Անատոլու» լրատվական գործակալությունը խեղաթյուրել է Մնացականյանի խոսքերը: Մամուլի քարտուղարը «Հայ Ձայն»-ին հայտնել է, որ «Անատոլու»-ն արդեն ներողություն է խնդրել եւ ուղղել իր սխալը: 

Սա կարող է եւս մեկ դաս լինել հայերի համար, որոնք հարցազրույցներ են տալիս թուրքական լրատվամիջոցներին, հուսալով, որ իրենց հայտարարությունները ճշգրիտ կերպով կհաղորդվեն։ Տասնամյակներ շարունակ հետեւելով թուրքական լրատվամիջոցներին, կարող եմ ասել, որ նրանք, ովքեր համաձայնում են հարցազրույց տալ թուրք լրագրողին, պետք է նախազգուշանան, որ իրենց խոսքերն աղավաղելու են։ Երբ փոփոխված հարցազրույցն արդեն հրապարակված է, շատ ուշ է բողոքել, պնդելով, թե իրենք նման բան չեն ասել։ Լավագույն տարբերակը երաշխավորելու, որ հայերի ասածները չեն աղավաղվի, այն է՝ հարցազրույց չտալ թուրքական լրատվամիջոցներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

https://news.am/arm/news/487762.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın