Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը, այդ մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում հայտարարել է Լին Թրեյսին, ուն նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ. անկախ, ժողովրդավար եւ բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարեւանների հետ: Եւ մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունը ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է ընտրելու սեփական գործընկերներին», – հայտարարել է Թրեյսին:
Միացյալ Նահանգներն արտերկրում ներկայացնող դեսպանները առաջադրվում են նախագահի, սակայն հաստատվում Սենատի կողմից: 24 տարվա հանրային ոլորտում աշխատանքի փորձ ունեցող Լին Թրեյսին ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով:
Սենատում ավանդույթի համաձայն Թրեյսիին աջակցում էին ընտանիքի անդամները. մայրը՝ Քերոլ Սյու Թրեյսին եւ քույրը՝ Նիդա Ջեբսքին: Իր ելույթում դիվանագետն ընդգծեց, որ շատերի նման ոգեւորված էր Հայաստանի «Թավշյա հեղափոխությամբ», ավելացնելով, որ Հայաստանին առջեւում դեռ մեծ աշխատանք է սպասում՝ անցած վեց ամիսների ձեռքբերումներն ամրապնդելու համար: «Իսկ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել հայ ժողովրդի ազատության ձգտմանը»:
Սենատոր Էդ Մարքին հետաքրքրվեց, թե արդյոք հաշվի առնելով «Թավշյա հեղափոխության» արդյունքները Պետքարտուղարությունը նախատեսում է ավելացնել Հայաստանին տրվող օգնության չափը.
«Ամերիկայում հայերը հավանաբար ամենից հաջողակ էթնիկ խումբն են եւ մեզ անհրաժեշտ է օգնել հայերին նույնչափ հաջողակ լինել սեփական երկրում եւ վայելել Աստծո կողմից տրված իրենց տաղանդները նաեւ սեփական երկրում»:
Լին Թրեյսիի խոսքով, Միացյալ Նահանգները կենտրոնացնելու է ջանքերը երեք ուղղություններով, որոնք օգնում են պահպանել ժողովրդավար հասարակության համար անհրաժեշտ հավասարակշռություն ու հաշվետվությունը.
«Կոռուպցիայի դեմ պայքար՝ մի բան, որը այս նոր կառավարությունը նույնպես առաջնահերթություն է որակել, եւ մենք փորձում ենք աջակցել նրանց այս ուղղությամբ: Քաղաքացիական հասարակության ամրապնդում. այդ ձեւավորված հասարակությունը կարեւոր դեր խաղաց անցած իրադարձություններում: Եւ՝ անկախ լրատվամիջոցների աջակցություն»:
Սենատոր Բոբ Մենենդեզը լսումների ընթացքում հատուկ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, մի հարց, որն ըստ սենատորի պետք է պատմական լուծում ստանա: Այս հարցի վերաբերյալ Լին Թրեյսին նշեց.
«1915 թվականի սարսափելի իրադարձությունները 20-րդ դարի վատագույն դաժանություններից մեկն էին, երբ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ եւ կես միլիոն հայ արտաքսվել, սպանվել կամ մահվան էր ուղարկվել: Ինչպես այս տարի Հայերի հիշատակի օրն ընդգծել էր նախագահ Թրամփը, նման դաժանությունները չպետք է կրկնվեն»:
Դեսպանի թեկնածուն նշեց, որ հաստատման դեպքում խոստանում է իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ «ճանաչելու եւ հարգելու կորուստները եւ տառապանքները» եւ մասնակցելու է զոհերի հիշատակի միջոցառումներին:
Սենատոր Մենենդեզի կարծիքով սակայն, Վաշինգտոնի մոտեցումը պետք է փոխվի.
«Մենք ունենք պատմական իրականություն. մեկ եւ կես միլիոն մարդ սպանվել է, դա ցեղասպանություն է: Եւ ահա մենք ուղարկում ենք դեսպանին այդ երկիր, նա այցելում է Հայ ժողովրդի հոլոքոստի հուշարձանը, բայց նա չի կարող այն ցեղասպանություն անվանել: Բավականին զավեշտալի է: Եթե մենք ի վիճակի չենք ճանաչել անցյալը, մենք չենք կարող ազատվել դրանից: Մեզ անհրաժեշտ է փոխել այս իրավիճակը: Կարծես թե՝ մենք չենք կարող այդ բառը մեր շրթունքներով արտասանենք. Հայոց ցեղասպանություն: Ահա թե ինչ է տեղի ունեցել»:
Սենատորներն իրենց վերջնական կարծիքը կարտահայտեն քվեարկությամբ ավելի ուշ, երբ գրավոր պատասխան ստանան նաեւ իրենց կողմից թեկնածուներին ուղղված մի շարք գրավոր հարցերին:
İlk yorum yapan siz olun