Նյու Յորքում գտնվող «Գեյթսթոն ինստիտուտը» (The Gatestone Institute) հոդված է հրապարակել Կիպրոս կղզու քրիստոնեական, այդ թվում և հայկական մշակութային ժառանգության անմխիթար վիճակի մասին։ Նշվում է, որ այդ ամենը եղել է թուրքերի կողմից կղզու հյուսիսային հատվածը զավթելու հետևանքով:
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան երկու խոշոր հանցանք է գործել. նախ զավթելով կղզու հյուսիսային հատվածը՝ կիպրական պետությունը բաժանել է երկու մասի: Եվ երկրորդ՝ համակարգված և կանխամտածված կերպով ոչնչացրել ու ոչնչացնում է այդտեղ գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգությունը։
Նման երևույթը UNESCO-ի կողմից ընդունված է անվանել ռազմական հանցագործություն և համեմատելի է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության իրականացրած մշակութային սպանդի հետ։
Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև կղզու հյուսիսային հատվածում գտնվող հայկական Սուրբ Մարգար եկեղեցուն։ Մինչ Թուրքիայի կողմից կղզու հյուսիսային հատվածի բռնազավթումը, այդ եկեղեցին ակտիվորեն գործել է՝ կապեր պահպանելով նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։
Թուրքական բռնազավթումից հետո, սակայն, թալանվել է, մատնվել անտերության և հիմա էլ հայտնվել է փլուզման վտանգի առաջ:
Ըստ հեղինակի՝ ընդհանուր առմամբ Կիպրոսի հյուսիսային հատվածում թուրքերի կողմից թալանի ու ավերման են ենթարկվել մոտ 550 հույն ուղղափառ եկեղեցի, բազմաթիվ այլ վանքեր, մատուռներ, քրիստոնեական մշակույթի կոթողներ։ Որոշ եկեղեցիներ էլ պարզապես վերածվել են մզկիթների։
https://www.ermenihaber.am/am/news/2018/11/28/Թուրքիան-Կիպրոս-The-Gatestone-Institute/142718
İlk yorum yapan siz olun