İçeriğe geçmek için "Enter"a basın

Էրդողանի հրահանգով արտերկրում կազմակերպվելու են Արա Գյուլերի լուսանկարների ցուցադրություններ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է արտերկրում կազմակերպել աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ստեղծագործությունների ցուցադրություններ:

Ցուցադրություններ են կազմակերպվելու ԱՄՆ-ի, Գերմանիայի, Անգլիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի հայտնի ցուցասրահներում: Նշվում է, որ այս պահին տեղի են ունենում կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներ:

Հոկտեմբերի 17-ի երեկոյան Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացած 90-ամյա հանրահայտ լուսանկարիչը լուսանկարել էր նաև Էրդողանին: Գյուլերի մահվան առիթով Թուրքիայի նախագահը զանգահարել էր նրա հարազատներին ու իր ցավակցությունները հայտնել:

«Մեծ արվեստագետները մահից հետո շարունակում են ապրել իրենց թողած ստեղծագործություններով»,-ասել էր Էրդողանը: Վերջինիս հրամանով Գյուլերի դագաղը ծածկված էր թուրքական դրոշով:

Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյողլու շրջանում բնակվող հայկական ընտանիքում: Իսկական անունն է Արամ Գյուլերյան։ Նրա հայրը Տաճատ Գյուլերանն է, իսկ մայրը՝ Վերժինե Գյուլերյան։ Գյուլերը դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և զուգահեռ հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ սովորելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:

1958թ. դարձել է ամերկյան «Time life», «Paris-Match» և «Der Stern» հանդեսների թղթակիցը։ 1961թ. վերջացնելով զինծառայությունը թուրքական բանակում՝ նա աշխատանքի է անցել «Hayat» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը:

1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում: 

Արա Գյուլերին կոչում էին «Ստամբուլի աչք», «լավագույն ֆոտոպատմաբան»մականուններով: «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրան Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:

Վերջրերս Գյուլերի 90-ամյակի առթիվ Ստամբուլում բացվել էր մեծանուն արվեստագետի թանգարանը:


https://www.ermenihaber.am/am/news/2018/11/26/Էրդողան-Արա-Գյուլեր/142445

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın