Financial Times-ի խմբագիրներից Լիլա Ռապտոպուլոսը կայքում գրել է իր հայկական արմատների, Հայոց ցեղասպանության, Հայաստան կատարած այցի, ինչպես նաեւ՝ Հայաստանի պատմության եւ վերջին քաղաքական զարգացումների մասին:
Լիլա Ռապտոպուլոսի մորական պապը` Մանվել Բոզբեքյանը, ծնունդով Արեւմտյան Հայաստանից է: Վեց տարեկան հասակում նրա հայրը իրենց տան առաջ սպանվել է թուրք ոստիկանների կողմից, իսկ ինքը՝ մոր, քրոջ ու եղբայրների հետ վտարվել Սիրիական անապատ: Հաջորդ տարիների քույր ու եղբայրներին բազմաթիվ զրկանքներից սովամահ տեսնելուց հետո` 13 տարեկանում Մանվել Բեզբեքյանը Ստամբուլից մոր հետ նավով հեռացել է Ամերիկա:
Լիլայի հայրն ազգությամբ հույն է, որի ընտանիքը նույնպես Արեւմտյան Հայաստանից է եղել: Մայրը հայ է, մեծացել է՝ ամեն օր հաղորդակից լինելով հայկական մշակույթին եւ ցեղասպանության պատմությանը, սակայն ո՛չ նա, ո՛չ էլ Լիլան հայերեն չգիտեն. խմբագիրն ասում է, որ իր հունական արմատները հանրությանը ներկայացնելն այնքան էլ բարդ չէ` շնորհիվ իր հունական ազգանվան եւ Հունաստան կատարած բազմաթիվ այցերի:
Մինչդեռ, ըստ նրա, իր հայկականությունը միայն մշակույթի եւ խոհանոցի որոշակի տարրերի պահպանմամբ եւ, իհարկե, Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններով է պահպանում:
Հեղինակը գրում է, որ երկար տարիներ մտածել է Հայաստան այցելելու մասին, սակայն վարանել է, քանի որ կարծում էր, որ Արեւելյան Հայաստանն իրենցը չէ, որ այժմյան հայաստանցիները խիստ տարբերվում են սփյուռքի հայությունից, եւ որ ինքն այստեղ օտար կարող է լինել: Սակայն ի վերջո վճռել է եւ այս տարվա սեպտեմբերին այցելել Հայաստան:
Երեւանը, Լիլայի խոսքով, կարծես մի փոքր հարավեվրոպական քաղաք լինի` բացօթյա սրճարաններով, գինետներով, յուրահատուկ թանգարաններով եւ համաչափ կենտրոնական հրապարակով: Այցի ընթացքում խմբագիրն ու իր ծնողները հասցրել են համտեսել հայկական ճաշատեսակներ, այցելել հին հայկական վանքեր, հուշարձաններ, շրջել Երեւանի փողոցներով եւ շփվել տեղացիների հետ:
Խմբագիրը պատմում է, որ մինչեւ Հայաստան այցելելը վախենում էին, որ այստեղ իրենց չեն ընդունի, սակայն մի անգամ, երբ այցելել են Օձունի վանք, մի խումբ երեխաներ իր մոր շուրջ պտտվել են, նրան գրկել եւ իրենց տարրական անգլերենով ասել «հաջողություն, ես քեզ սիրում եմ»: Լիլան գրում է, որ այդ պահին շոշափելի դարձան այն բոլոր տարիները, երբ նրանք կարող էին գալ Հայաստան եւ իրենց երկրորդ տունն ունենալ, սակայն այդ չեն արել:
Երեւանի հացատներից մեկում ճաշելիս Լիլայի մայրը այցելուներց մեկին հարցրել է, թե արդյոք իր պատվիրած ճաշատեսակը «Տոմատով հավկիթ» է, եւ այցելուն դրական է պատասխանել. նա պատմել է, որ երբ փոքր էր, հայրն ամեն կիրակի տոմատի ձվածեղ էր պատրաստում: Շուկայում էլ վաճառողից հարցրել է «քանի՞ս է», որպեսզի տեսնի, թե արդյոք այդ բառը, որ հիշում էր իր մորից, այժմ էլ հասկանալի է հայերին, եւ անչափ ուրախացել է, երբ վաճառողը պատասխանել է հայերենով:
«Մենք մի տեղ էինք հայտնաբերել, որտեղ մեր գաղտնի ընտանեկան լեզուն հասկանալի էր բոլորին», – գրում է խմբագիրը:
Իր հոդվածում նա պատմում է Հայոց ցեղասպանության մասին, թե ինչպես են երիտթուրքերը ոչնչացրել շուրջ 1,5մլն հայի, թե ինչպես է Արեւելյան Հայաստանը խորհրդայնացվել, շուրջ 70 տարի եղել ԽՍՀՄ կազմում, ապա անկախացել, թե ինչպես են հայերը 1988-1994թթ Արցախում մարտեր մղել Ադրբեջանի դեմ, ԽՍՀՄ փլուզման հետեւանքով 4 տարի ապրել գրեթե առանց սննդի եւ էլեկտրաէներգիայի:
Խմբագիրը նաեւ խոսում է այն մասին, թե որքան տպավորիչ է եղել Հայաստանում Հալեպից եկած հայերին հանդիպելը, քանի որ նրանք նույն պատմությունն ունեին, եւ այժմ Հայաստանը դարձել էր նրանց միավորող բնօրրան: Երբ հորը հարցրել է, թե արդյոք իրեն դուր է գալիս Հայաստանում, նա պատասխանել է, որ Հայաստանը նման է 1970-ականների Հունաստանին, հարազատ է թվում, բայց իրենը չէ: Սակայն նա նաեւ ասել է, որ Հայաստանը կարող է Լիլայինը լինել, քանի որ նա է իրենց միջի հայը:
«Այդ պահին ինձ այնքա՜ն հաջողակ զգացի. Հունաստանը մորինս չէ, Հայաստանն էլ` հորինս, սակայն երկուսն էլ կարող են իմը լինել»,- գրել է Լիլա Ռապտոպուլոսը:
İlk yorum yapan siz olun