İçeriğe geçmek için "Enter"a basın

Մուհամմեդ մարգարեի քիչ հայտնի հրովարտակը՝ տրված Երուսաղեմի Հայոց պատրիարքին

Տարիներ շարունակ ես լսել էի, որ գրավոր հաղորդակցություն է եղել Մուհամմեդ մարգարեի եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքության միջեւ, սակայն ոչ մի փաստաթուղթ չէի տեսել դրա վերաբերյալ: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր  Հարութ Սասունյանը:

Նա, մասբաորապես, նշում է.

«Երկու ամիս առաջ Բեյրութի «Ազդակ» օրաթերթում կարդացի դոկտ. Կարպիս Հարբոյանի (Մոնրեալ, Կանադա) գրած մի հետաքրքիր հոդված, որտեղ նա բացահայտել էր Մուհամմեդ մարգարեի եւ Երուսաղեմի այն ժամանակվա Հայոց պատրիարքի ու նրանց  հաջորդների միջեւ հաղորդակցության մանրամասները:

Դոկտ. Հարբոյանը նշել էր իր աղբյուրները՝ Գրեգորի Գրիգորյանի «Հայկական ասեղի անցքով» գիրքը, հրատարակված Կիլիկիո կաթողիկոսության կողմից 2002 թվականին: Գրիգորյանը հայտարարել էր, որ իր գիրքը Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից 1931 թ. հրատարակված Տիգրան Սայալանյանցի «Երուսաղեմի պատմության» 1385-էջանոց երկհատորյակի անգլերեն թարգմանության ամփոփ պատմությունն է: Դոկտ. Հարբոյանը նաեւ նշել էր, որ նա վերջերս տեսել է Բեզալել Նարկիսի, Մայքլ Է. Սթոունի եւ Ավետիս Սանջյանի հեղինակած «Երուսաղեմի հայ արվեստի գանձերը» գիրքը, հրատարակված Նյու Յորքում 1979 թվականին, որը ներառում էր Հայոց պատրիարքությանը տրված Մուհամմեդ մարգարեի հրովարտակը:

Հայոց պատրիարքարանը Երուսաղեմում հիմնադրվել է մոտ 2000 տարի առաջ: 301 թվականին, քրիստոնեության ընդունումից հետո, մեծ թվով հայեր ուխտագնացություն էին կատարել դեպի Երուսաղեմ: 420 թվականին նրանք կառուցել էին Սուրբ Հակոբ միաբանության մի մասը: Վեցերորդ դարում հայերը Երուսաղեմում արդեն կառուցել էին 66 կրոնական հաստատություններ:

626 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարք Աբրահամը, տեսնելով իսլամական ընդլայնման եւ նվաճման վտանգները, 40 նշանավոր հայերի պատվիրակության հետ մեկնել է Մեքքա իսլամական սուրբ քաղաքը՝ Մուհամմեդ մարգարեի հետ հանդիպելու եւ նրա պաշտպանությունը ապահովելու համար:

Դոկտ. Հարբոյանը տեղեկացրել է, որ մարգարեն հայ հյուրերին ընդունել էր սիրով, հարգանքով եւ ազնվությամբ ու լսել Աբրահամ պատրիարքի առաջարկները: Հայկական պատվիրակությունը հայտնել էր իր հպատակությունը մարգարեին, նրա հետ համագործակցելու պատրաստակամությունը եւ խնդրել էր նրա պաշտպանությունը:

Հանդիպման ավարտին Մուհամմեդ մարգարեն հրովարտակ էր հրապարակել, որտեղ ասվում էր. ««Ես՝ Մուհամմեդ, որդի Աբդուլլահի, մարգարե եւ առաքյալ Աստծո, հարգում եմ Աբրահամ պատրիարքին, պատվում եմ իրեն եւ Երուսաղեմի, Դամասկոսի ու Արաբիայի շրջակա վայրերի բոլոր արքեպիսկոպոսներին, եպիսկոպոսներին եւ քահանաներին, այլ խոսքով` այն ժողովուրդներին, որոնք ենթակա են Երուսաղեմին, այսինքն՝ եթովպիացիներին, ղպտիներին եւ ասորիներին։ Ճանաչում եւ երաշխավորում եմ նրանց վանքերը, եկեղեցիները, կրթության կենտրոնները, կալվածքները եւ հողերը: Ես` Մուհամմեդ մարգարեն, Աստծո եւ իմ շուրջը գտնվող 30 անձանց վկայությամբ, շնորհում եմ իմ հովանավորությունը եւ պաշտպանությունը եւ բաժանում եմ իմ ողորմությունը հայոց եկեղեցիներին, որտեղ էլ որ դրանք գտնվեն` Երուսաղեմի ամբողջ տարածքում, Քրիստոսի սուրբ գերեզմանին, Սուրբ Հակոբ եկեղեցուն, Բեթղեհեմի եկեղեցուն, բոլոր աղոթատեղիներին, մենաստաններին, Գողգոթայի ճանպարհին եւ սրբատեղիներին: Նաեւ ապահովում եւ վստահեցնում եմ, որ իմ պաշտպանությունը տարածվում է նաեւ քրիստոնյա բլուրների, հովիտների ու քրիստոնյաների եկամտի հաստատությունների վրա: Այս բոլորը հայտարարում եմ իմ մարգարեի անունով եւ իմ հավատացյալ մահմեդականների անունով»։

Մուհամմեդ մարգարեն հանձնարարել էր իր հետեւորդներին հարգել իր հրովարտակը եւ գործադրել դրա բոլոր մանրամասնությունները: Այդ հանդիպմանը ներկա էր Խաթաբի որդի Օմարը, որը հաջորդեց մարգարեին եւ հրատարակեց նույնանման մի հրովարտակ՝ հաստատելով մարգարեի հրովարտակը:

Այսպիսով, մարգարեի հրովարտակը դարձավ Երուսաղեմի Հայոց պատրիարքության կարգավիճակը հաստատող առաջին պաշտոնական փաստաթուղթը: Ցավոք, հրովարտակի բնագիրը գոյություն չունի պատրիարքարանի արխիվում: Սակայն այս հրովարտակի դեղնավուն պատճենը գտնվում է պատրիարքարանի «Մարտիկյան» թանգարանում:

Երբ 634 թվականին Օմարը վերցրեց խալիֆայությունը, նա Աբու Օբեյդին նշանակեց բանակի հրամանատար: Աբու Օբեյդի զորքերը հարձակվեցին Դամասկոսի եւ Երուսաղեմի վրա: Հունաստանի պատրիարք Սոֆրոնյուսը եւ Հայոց պատրիարք Գրիգորը հանդիպեցին Աբու Օբեյդի հետ եւ տեղեկացրեցին նրան, որ Երուսաղեմի գրավումը առաջ կբերի Աստծո զայրույթը, քանզի Երուսաղեմը Սուրբ քաղաք է: Աբու Օբեյդը հաղորդեց Խալիֆ Օմարին երկու պատրիաքների հետ իր ունեցած հանդիպման մասին: Օմարն անձամբ եկավ Երուսաղեմ: Հունական պատրիարքի եղբայրը հանդիպեց Օմարի հետ եւ հիշեցրեց Մուհամմեդ մարգարեի հրովարտակի մասին: Այնուհետեւ Օմարն իր հրովարտակը հրապարակեց եւ հաստատեց մարգարեի հրովարտակը: Օմարն իր հետեւորդների հետ մտավ Երուսաղեմ, այցելեց կրոնական վայրերը եւ առաջարկեց մզկիթ կառուցել Քրիստոսի գերեզմանի կողքին գտնվող հողամասում: Մզկիթը կառուցվեց 935 թվականին եւ անվանվեց «Ալ-Օմարիե»: Օմարը քրիստոնյաներին պարգեւեց  քրիստոնեական պաշտամունքի ազատություն, սակայն արգելեց եկեղեցիների զանգերի գործածությունը:

Օմարին հաջորդեց Խալիֆ Ալին, որը եւս հրովարտակ հրապարակեց հայերի համար Երուսաղեմում՝ հաստատելով մարգարեի եւ Օմարի նախորդ հրովարտակները:

1097 թվականին խաչակիրները ներխուժեցին եւ ազատագրեցին Երուսաղեմը: 1187 թվականին Սալահադին ալ-Այուբին (Սալադին), որը քուրդ էր եւ նրա ընտանիքը ծագումով Հայաստանի Դվին քաղաքից էր, գրավեց Երուսաղեմը եւ 100 հազար քրիստոնյաների մեծ մասին վռնդեց քաղաքից: Նա գրավեց Երուսաղեմի բոլոր լատինական եկեղեցիները եւ արգելեց եկեղեցական ծառայությունները: Այնուամենայնիվ, նա հայերին մասնակի ազատություն շնորհեց:

Հայոց պատրիարք Աբրահամը մի խումբ հոգեւորականների հետ հանդիպեց Սալահադինի հետ եւ նրան ցույց տվեց Մուհամմեդ մարգարեի հրովարտակը: Այնուհետեւ Սալահադինը իր սեփական հրովարտակը հրապարակեց եւ հաստատեց մարգարեի, Խալիֆ Օմարի եւ Ալիի հրովարտակները: Սալահադինն իր հրովարտակում մասնավորապես նշել է հայերի իրավասության մասին եկեղեցիների, սուրբ վայրերի, Սուրբ Հակոբ կաթողիկե եկեղեցու, Բեթղեհեմի, Նաբլուսի եկեղեցիների, Սուրբ տաճարի եւ այլ սուրբ վայրերի նկատմամբ, ու հատկապես հայերի պաշտամունքի ազատության մասին: Նա նաեւ իջեցրել է հայ վաճառականների ու ուխտավորների հարկերը:

1517 թվականին օսմանյան Սուլթան Սելիմը գրավեց Երուսաղեմը եւ հրապարակեց իր հրովարտակը, որով հաստատեց Մուհամմեդ մարգարեի, Խալիֆ Օմարի եւ Սալահադինի տված արտոնությունները՝ տրված Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը: Սուլթան Սելիմի հետեւորդ սուլթան Սուլեյմանը հրապարակեց իր սեփական հրովարտակը՝ վերահստատելով հայերի իրավունքները Երուսաղեմում: Հաջորդ սուլթանները՝ Մեհմեդ IV-ը՝ 1659-ին, Սուլթան Մահմուդ I-ը՝ 1735 -ին եւ Սուլթան Աբդուլմեճիդ I-ը՝ 1853-ին եւս հրապարակեցին իրենց հրովարտակները:

Մուհամմեդ մարգարեի հրովարտակը, բացի արժեքավոր պատմական փաստաթուղթ լինելուց, ցույց է տալիս, որ հայ քրիստոնյաներն ու մուսուլմանները վայելում էին ամենաջերմ հարաբերությունները հին ժամանակներից սկսած մինչեւ մեր օրերը: Հայերը պետք է տարածեն մարգարեի այս կարեւոր հրովարտակը, ինչպես նաեւ նրա հետնորդների հրովարտակները՝ հակազդելու Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածած հակահայկական քարոզչությանը իսլամական աշխարհում:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


https://news.am/arm/news/471387.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın