Ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը ներկայանում է բոլորովին նոր շնչով. լեգենդար երգիչ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին կադր է համանուն ֆիլմից:
Լեգենդ Շառլ Ազնավուրի աներևակայելի տաղանդն իր արտացոլումն է գտել ոչ միայն երգարվեստում, այլև կինոյում: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ» և այլն: Բալզակյան «Հայր Գորիո»-ի՝ 2004 թվականի էկրանավորումն Ազնավուրի բազմակողմանի տաղանդի վառ արտացոլումներից է: Ազնավուրի Գորիոն առաջին իսկ վայրկյաններից գրավում է կինոդիտողին, յուրատեսակ կապվածություն, կարեկցանք առաջացնում: Նվիրված հայր՝ զրկված զավակների ջերմ սիրուց, երեխայի երջանկությունն առաջնայինը դասող ծնող: Էլ ո՞վ, եթե ոչ Ազնավուրը՝ մեծանուն հայը, կկարողանար նման դեր կերտել: Եվ ահա «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած «Հայր Գորիո» նոր գրքի շապիկին Ազնավուրի Հայր Գորիոն է՝ իր ողջ հմայքով:
«Ազնավուրի արտիստական տաղանդը և փայլուն խաղը յուրահատուկ գույն է տվել Ժան-Դանիել Վերխակի «Հայր Գորիո» ֆիլմին, որը ժամանակի ինքնատիպ կինոնկարներից է: Մենք չափազանց ուրախ և հպարտ ենք, որ Շառլ Ազնավուրն իր համաձայնությունն է տվել ֆիլմից այս կադրն որպես գրքի շապիկ օգտագործելու համար»,- նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
«Հայր Գորիո» վեպի մասին Բալզակն ասում է. «Լավ իմացեք՝ այս դրաման ո՛չ հնարանք է, ո՛չ վեպ: Ամբողջը ճշմարտություն է, այն աստիճանի ճշմարտություն, որ յուրաքանչյուրը սրա սաղմերը կգտնի իրենում, հնարավոր է՝ իր սրտում»: Այս իմաստով «Հայր Գորիո»-ն հանդիսանում է իր ժամանակի հայելին:
İlk yorum yapan siz olun