Վերա Մարտիրոսյան
Համաշխարհային ֆուտբոլի աստղերը Հայաստան կայցելեն. այդ նշանակալի միջոցառումը, ինչպես երեք տարի առաջ, կազմակերպում է մոսկվացի գործարար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:
Սպասվող խաղի մանրամասները նա ներկայացրել NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ հարցազրույցում:
Պարոն Սողոմոնյան, երեք տարի առաջ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առիթով տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումից հետո Դուք չբացառեցիք Երեւանում եւս մեկ նշանակալի հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Հիմա դա իրականություն է դառնում, եւ Հայաստանում հերթական ֆուտբոլային տոնն է սպասվում: Արդեն կա՞ն հստակ ժամկետներ, երբ կարող ենք Երեւանում կրկին համաշխարհային ֆուտբոլի աստղերի տեսնել:
Այն ժամանակ ես ասել էի, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի հոբելյանական խաղը Հայաստանում անցկացվող վերջին ֆուտբոլային միջոցառումը չի լինի: Այն ժամանակ ինձ շատ դուր եկավ, թե ինչպես են մարդիկ ուրախանում ֆուտբոլով, ինչպես էր մարզադաշտը ցնծում: Երկար ժամանակ արձագանքներ էի ստանում այդ խաղի վերաբերյալ: Այս տարի Ռուսաստանում տեղի կունենա Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, եւ ես չէի կարող չօգտվել այդ հնարավորությունից եւ Հայաստանում ֆուտբոլային տոն չկազմակերպել: Մոսկվայում աշխարհի առաջնության ընթացքում տեղի կունենա ֆուտբոլի վետերան աստղերի մրցույթ: Մենք որոշեցինք նրանցից շատերին հրավիրել Հայաստան: Երեւանում հուլիսի 8-ին տեղի կունենա համաշխարհային ֆուտբոլի աստղերի մասնակցությամբ հանդիպում՝ Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի հավաքականների միջեւ: Ինչպես գիտեք՝ Եվրոպան եւ Հարավային Ամերիկան գրեթե միշտ հավասար են եղել նվաճած գավաթների թվով: Հիմա, Գերմանիայի շնորհիվ, եվրոպացիներն առաջ են ացնել: Բացի այդ՝ ամերիկացիները, բացի մեկ անգամից, միշտ հաղթել են իրենց մայրցամաքում, իսկ եվրոպացիները միայն մեկ անգամ են հաղթել Հարավային Ամերիկայում: Հիմա մենք ուզում ենք տեսնել, թե նրանցից ո՞րն ավելի ուժեղ կլինի Հայաստանում: Այդ հարցի պատասխանը կստանանք հուլիսի 8-ին Երեւանում:
Իսկ աստղերից ո՞վ է գալու Հայաստան:
Շատ աստղեր Ամերիկայից երբեք չեն եղել Հայաստանում, նրանց հավաքականները չեն հանդիպել Հայաստանի հավաքականի հետ: Խորեն Հովհաննիսյանի ծննդյան օրը Երեւանում էր Իվան Սամորանոն, ով մյուսների նման հիացած էր եւ ասաց, որ շատ կվիրավորվի, եթե այս անգամ իրեն չհրավիրեն: Ի դեպ՝ Խրիստո Ստոիչկովը եւ Յարի Լիտմանենը, որոնք նույնպես այդ հանդիպմանը Երեւանում էին, ասացին, որ անպայման ուզում են եւս մեկ անգամ այցելել Հայաստան: Այդ հանդիպմանը մասնակցելու նախնական համաձայնություն են տվել Լատինական Ամերիկայի հավաքականից Կաֆուն, Ռիվալդոն, Զանետտին, Կրեսպոն: Այժմ բանակցություններ են ընթանում Բատիստուտայի հետ: Եվրոպայի հավաքականը կներկայացնեն Մալդինին, Տոտտին, Ջորկաեֆը, Աբիդալը, Ալբերտինին, Ժյուլին, Շեւչենկոն, Դեսաին եւ այլ աստղեր:
Եվս մեկ բան. ամենայն հավանականությամբ՝ խաղը կսպասարկի ամենահայտնի մրցավարներից մեկը՝ Մասիմո Բուզական: Ներկայում նա գլխավորում է ՖԻՖԱ-ի մրցավարական դեպարտամենտը: Նախորդ տարի նա եղել է Հայաստանում եւ, ինչպես բոլորը, ցանկացել է վերադառնալ:
Խորեն Հովհաննիսյանի հոբելյանի պատվին տեղի ունեցած հանդիպումը բարեգործական էր: Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի հավաքականների հանդիպումը ե՞ւս բարեգործական է լինելու:
Անպայման: Նման միջոցառումներ կազմակերպելու հարցում մեր դիրքորոշումը միանշանակ է: Տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կուղղվի բարեգործությանը: Բացի այդ՝ այս խաղը յուրատեսակ հարգանքի տուրք է վետերաններին:
Տոմսերի գները ֆուտբոլասերների համար մատչելի կլինե՞ն:
Մեզ համար կարեւորը ֆուտբոլային տոնը Հայաստան բերելն է եւ, իհարկե, որ այդ միջոցառումը լինի ոչ միայն տեսարժան, այլեւ օգուտ բերի մարդկանց: Հույս ունեմ, որ այս գաղափարը շատերին կոգեշնչի եւ հովանավորները՝ Հայաստանից ու երկրի սահմաններից դուրս, կցանկանան մասնակից լինել դրան: Մենք ուրախ ու շնորհակալ կլինենք բոլոր ցանկացողներին: Ներկայում շփվում ենք ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների եւ տարբեր երկրների ֆեդերացիաների հետ: Համագործակցում ենք նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու Ռուբեն Հայրապետյանի հետ: Հույս ունենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեծ ֆուտբոլային տոն անցկացնել:
Մենք ծրագրում ենք նաեւ պատանեկան ֆուտբոլային մրցույթ կազմակերպել Հայաստանում: Հիմա բանակցում ենք «Չելսի», «Միլան», «Ինտեր» ֆուտբոլային ակումբների հետ, որ նրանց ակադեմիաների սաները կարողանան ժամանել Հայաստան: Դա մեծ քայլ կլինի Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար: Ես հույս ունեմ՝ մեծ օգուտ կտա մեր ֆուտբոլին:
Ի՞նչ ծրագիր է սպասվում ֆուտբոլիստներին՝ բացի խաղից: Կկարողանա՞ն այցելել Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր, շփվել հայ մշակույթի հետ:
Ֆուտբոլիստների գրաֆիկը բավական խիտ է, բայց մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ ֆուտբոլի աստղերը հասցնեն նաեւ ծանոթանալ հայկական մշակույթին: Երեք տարի առաջ գրեթե բոլոր աստղերը եղան Էջմիածնում, ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Նրանցից շատերը տպավորված էին:
Գրեթե միշտ Եվրոպայում հաղթել են եվրոպական թիմերը, իսկ Ամերիկայում՝ ամերիկյան: Ձեր կարծիքով՝ նրանցից ո՞րն ուժեղ կլինի Հայաստանում:
Խաղացողների ընտրությանը մենք շատ լուրջ ենք մոտեցել: Գրեթե բոլոր ֆուտբոլիստները ֆիզիկական հիանալի մարզավիճակում են: Նրանցից մի քանիսնն ավարտել են ֆուտբոլային կարիերան: Դա խոսում է այն մասին, որ սպասվում է շատ դիտարժան խաղ: Դեռ վաղ է ասել, թե ով ավելի ուժեղ կլինի, բայց որ մենք գեղեցիկ ֆուտբոլ ենք դիտելու, ես դրան հավատում եմ: Իմ հիշողության մեջ դեռ չի եղել նման մասշտաբային ֆուտբոլային միջոցառում Հայաստանում: Ես մեծ հույս ունեմ ու հավատում եմ, որ այդ միջոցառումը վերջինը չի լինի:
Շատ շնորհակալություն: Արդեն այսօրվանից, վստահ եմ, շատերը սկսելու են հետհաշվարկը մինչեւ հուլիսի 8-ը: Կսպասենք ֆուտբոլային տոնին:
İlk yorum yapan siz olun