İçeriğe geçmek için "Enter"a basın

Գարեգին Բ-ն կատարել է Կիեւի հայկական եկեղեցու հիմնարկեքը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 16-ին հայրապետական երկօրյա այցով մեկնել է Ուկրաինայի հայոց թեմ` Դնեպրի Ս. Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցու օծման առիթով:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը եւ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանում դիմավորեցին թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը եւ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

Ուկրաինայի քաղաքամայր Կիեւում Գարեգին Բ Կաթողիկոսը, ուղեկցությամբ հոգեւորականների, այցելեց կառուցվելիք եկեղեցու տարածք, ուր Հայոց Հայրապետին դիմավորեցին «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո:

Այնուհետեւ, ձեռամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Ըստ Հայ Եկեղեցու ծիսակարգի, շարականների եւ սաղմոսների երգեցողության ներքո նախ ջրով, ապա գինով լվացվեցին եկեղեցու հիմքերում զետեղվելիք 16 քարերը Քրիստոսի 12 առաքյալների, Պողոս առաքյալի, երկու ավետարանիչների եւ Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, որից հետո Վեհափառ Հայրապետը եւ առընթերակա եպիսկոպոսները Ս. Մյուռոնով օծեցին եկեղեցու հիմքերի քարերը, աղոթեցին կառուցվելիք տաճարի անսասանության եւ օրհնաբեր առաքելության համար: Օծումից հետո քարերը տասնվեց խաչքավորների կողմից զետեղվեցին եկեղեցու հիմքերում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակալից այս իրադարձության կապակցությամբ նաեւ իր պատգամը բերեց ներկաներին։

Նորին Սրբությունը հայրական իր օրհնությունը բերեց Ուկրաինայի հայոց թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանին, ինչպես նաեւ թեմի հոգեւորականաց` իրենց նվիրյալ եւ անձնդիր ծառայության համար: Հայրապետն աղոթքով հիշեց նախորդ առաջնորդ լուսահոգի Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանին, ով այս եկեղեցաշեն նախաձեռնության ակունքներում էր կանգնած։

Գարեգին Բ Կաթողիկոսը նաեւ գոհունակությամբ անդրադարձավ հայ համայնքի հանդեպ երկրի իշխանությունների հոգատար վերաբերմունքին, որի արտահայտությունն է քաղաքի կողմից եկեղեցու կառուցման համար կատարված հողահատկացումը:

Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու բարեմաղթանքները փոխանցեց նաեւ եկեղեցու բարերար տիար Վիլեն Շատվորյանին` հույս հայտնելով, որ նրա ազնիվ մղումը բարի օրինակ կդառնա ուկրաինաբնակ բազում այլ հայորդիների համար իրենց ներդրումն ունենալու աստվածահաճո եւ սրբազան այս գործում: Ի գնահատություն ազգօգուտ եւ եկեղեցանվեր գործունեության՝ Նորին Սրբությունը պրն․ Շատվորյանին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Բարձրյալն Աստված Իր հոգածու եւ ամենախնամ Ս. Աջի հովանու ներքո խաղաղության եւ բարօրության մեջ պահի ու պահպանի Ուկրաինայի հայ համայնքը, ազգային-կրթական հաստատությունները եւ Առաքելական մեր Ս. Եկեղեցին:

Այնուհետեւ, հայրական իր օրհնությունը բաշխելով ներկա բարեպաշտ ժողովրդին, Նորին Սրբությունն այցելեց Սրբոց Նահատակաց մատուռ, ծանոթացավ կատարված աշխատանքներին:

Նույն օրը Նորին Սրբությունը նաեւ Հայրապետական իր օրհնությունը բերեց Ուկրաինայի հայերի միության տարեկան առաջին կոնֆերանսի մասնակիցներին: Ողջունելով միության գործունեությունը` Վեհափառ Հայրապետը կարեւորեց միության  նախագահի  եւ տարածքային մարմինների ջանքերով համայնքներում ազգային կյանքի կազմակերպմանն ու հայապահպանությանն ուղղված ծրագրերը:

Բարի ընթացք մաղթելով կոնֆերանսի աշխատանքներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ այն խթան կհանդիսանա ազգօգուտ եւ եկեղեցաշեն նոր ծրագրերի եւ իրագործումների համար՝ առավել ամրապնդելով միասնություն, սերը եւ ազգային ոգին հայոց կյանքում:

Վերջում Ուկրաինայի հայերի միության նախագահը Նորին Սրբությանը հանձնեց միության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանը։

Մարտի 16-ի երեկոյան Վեհափառ Հայրապետն իր շքախմբով մեկնեց Դնեպր։


https://news.am/arm/news/441511.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın