Պրահա.ՕՐԵՐ.- Հանրային տան Սմետանայի անվան շքեղ դահլիճում բացվեց Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ հոբելյանական կինոփառատոնը, որի գլխավոր հյուրը դարձավ աշխարհահռչակ շանսոնյե, կոմպոզիտոր եւ դերասան Շարլ Ազնավուրը։
Կինոփառատոնի 25 տարիների ընթացքում նա 44-րդ հանրահայտ կինոգործիչն է, որ արժանանում է նման պատվավոր մրցանակի՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար։ Մրցանակը հանձնելուց առաջ ցուցադրվեց նաեւ նրա խաղացած ֆիլմերից մի տեսաշար, իսկ ,,Քրիստիան» արձանիկը հանձնելու պահին ողջ դահլիճը հոտնկայս ողջունեց Շարլ Ազնավուրին։ Մաեստրոն շնորհակալական խոսքը սկսեց ուղղելով խոսափողը, եւ կատակելով, որ ամենուր ստիպված է այն հարմարացնել իր հասակին։ Նա խոստացավ կրկին վերադառնալ Պրահա, քանի որ դեռ շատ լավ չի կարողացել ծանոթանալ Չեխիային։ Նա շնորհակալություն հայտնեց ընդունելության եւ ջերմ ծափահարությունների համար։ Նախօրեին ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ միշտ էլ հաճելի է, երբ կատարած աշխատանքը գնահատվում է։
Հաղորդավարը հիշեցրեց, որ վաղը՝ մարտի 16-ին Ազնավուրը համերգային ծրագրով հանդես կգա Պրահայի համագումարների կենտրոնում։ Ըստ 1998 թվականին CNN ամերիկյան հեռուստակայանի, Ազնավուրը համարվել է հարյուրամյակի լավագույն արվեստագետ, ինչպես Էլվիս Պրեսլին եւ Ֆրանկ Սինատրան։ Ազնավուրն առաջին անգամ ֆիլմում նկարհանվել է 1936 թվականին՝ ,,Տղաների կռիվը,, ֆիլմում, իսկ վերջինը՝ 2006-ին ,,Իմ գնդապետ»ը ֆիլմում։
Ի տարբերություն Ազնավուրի, որի մասնակցությունը մինչեւ վերջին պահը հաստատված չէր, ինքնազգացողության վատթարացման պատճառով Պրահա չկարողացավ ժամանել ֆրանսիական կինոյի մի այլ աստղ՝ Կատրին Դենյովը, ում նույնպես հանձնելու էին ,,Քրիստիան» մրցանակ։ Դերասանուհու փոխարեն մրցանակն ստացավ Չեխիայում Ֆրանսիայի դեսպանը Ռոլանդ Գալհարակը, ով վերջինիս փոխարեն շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներից։
Երրորդ ,,Քրիստիանը» տրվեց չեխական կինոյի եւ թատրոնի հանրահայտ դերասանուհի Դանիելա Կոլարովային, ում նաեւ շնորհվեց չեխական դրամատան հատած ոսկե հուշամեդալը՝ դերասանուհու պատկերով։
Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին չեխական քաղաքական եւ մշակութային էլիտայի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշը եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով կեսօրից հետո օդանավակայանում անձամբ էր դիմավորել շանսոնյեին։
Հետաքրքրական է, որ կինոփառատոնն այսօր ժամը 15-ին արդեն սկսել էր ֆիլմերի ցուցադրությունները եւ առաջին իսկ՝ Թոնի Գադիֆֆի ֆրանս-հունական ,,Ջեմ» ֆիլմում խաղում էր ֆրանսահայ մի այլ հայտնի դերասան՝ Սիմոն Աբգարյանը, ով հիանալի ներկայացրեց հերոսուհու խորթ հոր կերպարը։ Հայկականի հետ կապը շարունակվեց նաեւ հաջորդ՝ ,,Ժամանց որոնողը,, իտալա-ֆրանսիական ֆիլմում, որը նկարահանվել է Միքայել Ծատուրյանի համանուն վիպակի հիման վրա։ Իսկ շաբաթ-կիրակի օրերին ,,Վարպետներ,, բաժնի հետահայաց ցուցադրությունը ռեկորդ է սահմանելու կինոփառատոնի պատմության մեջ։ Առաջին անգամ ցուցադրվելու է ֆրանսիական 12 ժամանոց ,,Դուրս 1»/Out 1/ ֆիլմը։ Այստեղ էլ խաղում է ֆրանսահայ դերասանուհի Հեղինե Կարագյոզյանը, ով ներկայացնելու է ֆիլմը։
Ընդհանրապես այս տարվա թե՛ մրցութային ծրագիրը, եւ թե՛ հարակից ոչ մրցութային բաժինները լի են համաշխարհային կինոյի լավագույն ֆիլմերի ցուցադրություններով։ Ցանկացած ճաշակի մարդ կարող է իրեն հետաքրքրող որեւէ ֆիլմ դիտել։
Իսկ եթե ամփոփելու լինենք Ֆեբիոֆեստի 25 տարիների աշխատանքը, ապա ինչպես փառատոնի նախագահ Ֆերո Ֆենիչը նշեց իր ողջույնի խոսքում, անհավատալի է թվում, որ 1993 թվականին իբրեւ հեղինակային եւ անկախ կինոյի հարթակ ստեղծված կինոցուցադրությունները վերածվեցին Պրահայի լավագույն միջազգային կինոփառատոնի։ Միայն անցած տարիների ընթացքում փառատոնում ցուցադրված 186 երկրների 4400 ֆիլմերը դիտել է 800 հազար հանդիսական։
Այնուհետեւ, բացի Պրահայից, կինոփառատոնը մեկ ամիս կշարունակվի երկրի 17 խոշոր քաղաքներում։ 15 տարբեր բաժիններում կցուցադրվեն 170 ֆիլմեր՝ 50 տեղական եւ օտար հյուրերի մասնակցությամբ։
Հակոբ Ասատրյան
Աննա Կարապետյան
ՕՐԵՐ
Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի
http://orer.eu/hy/aznavour-febiofest/
İlk yorum yapan siz olun