İçeriğe geçmek için "Enter"a basın

Մահչուփյան. «Պետք չէ Թուրքիայից սպասել դիվանագիտական պատասխան արձանագրությունների հարցով»

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, պոլսահայ լրագրող և գրող Էթյեն Մահչուփյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական անձանագրությունների չեղարկմանը, ասել է.

«Սարգսյանի կողմից արձանագրությունների չեղարկումը Թուրքիայի կողմից դրական կամ բացասական որևէ հակազդեցություն չի առաջացնի: Արձանագրություններն առանց այդ էլ չէին գործում ու սպասելիքներ էլ չկային: Այդ պատճառով չպետք է սպասել, որ Թուրքիան որևէ դիվանագիտական պատասխան կտա այս քայլին: Մյուս կողմից չենք էլ կարող ասել, որ այս քայլը բացասական հետևանքներ կունենա»:

Ermenihaber.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված թուրքական պաշտոնական շրջանակների կողմից արձագանքի իսպառ բացակայությունը, Մահչուփյանը պատասխանեց, որ պատճառը ներկա պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ առաջնային լինելն է Թուրքիայի համար:

«Արձագանքի բացակայության պաճառն այն է, որ Թուրքիան այլ խնդիրների համեմատ ավելի քիչ կարևորություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններին: Պիտի նկատել, որ ներքաղաքական դաշտում ԱԶԿ-ն («Արդարություն և զարգացում կուսակցություն»-AKP) և ԱՇԿ–ն (Ազգայնական շարժում կուսակցություն-MHP) ազգայնականության վրա հիմնված կոալիցիա են կազմել: Եվ նման պայմաններում Հայաստանի հետ հարաբերություններում դրական մոտեցում ցուցաբերելու հնարավորություններն ի չիք են դառնում»:

Հարցին, թե հնարավոր է արձանագրությունների չեղարկումից հետո Թուրքիան ավելի կոշտացնի Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը, պոլսահայ լրագրողը բացասական պատասխան տվեց:

«Չեմ կարծում, թե քաղաքականության կոշտացում կլինի: Հիմնական հետևանքը կլինի Թուրքիայի կողմից անտարբերությունն ու հետաքրքրության բացակայությունը»,- եզրափակել է Մահչուփյանը:


https://www.ermenihaber.am/am/news/2018/03/07/Մահչուփյան/124843

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın